Փաշինյանը և Ալիևը դժվար թե փաստաթուղթ ստորագրեն Բրյուսելում, գործընթացը Մոսկվայի վերահսկողությունից դուրս չի եկել․ Բենիամին Պողոսյան

nikol pashinyan aliyev putin s (2) Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, Մոսկվա, հունվար 11, 2021:

Նոյեմբերի 19-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, և վերջիններս համաձայնել են դեկտեմբերի 15-ին նախատեսված Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում հանդիպում ունենալ։ Երեկ ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կայանալու է, սակայն դրա համար կոնսենսուս է հարկավոր։

2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո թե՛ Ղարաբաղում, թե՛ ընդհանրապես հայ-ադրբեջանական հակամարտությունում Ռուսաստանը ստանձնել է գլխավոր միջնորդի դերը։ Ակնկալվում էր, որ պատերազմի ավարտի տարելիցի օրը՝ նոյեմբերի 10-ին, կամ առնվազն նոյեմբերի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում առցանց ձեվաչափով կայանալու է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, ինչի մասին նշել էր նաև Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Սակայն նոյեմբերի 7-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետը հայտարարեց, որ նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Արդեն նոյեմբերի 11-ին Ադրբեջանը մաքսակետեր տեղադրեց Գրոիս-Կապան ավտոճանապարհի իրեն հանձնված հատվածում, իսկ նոյեմբերի 16-ին հարձակում գործեց Սյունիքում, որը 44-օրյա պատերազմից հետո ամենամեծ ռազմական բախումն էր կողմերի միջև։ Ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն ունի երկու տասնյակից ավելի զոհ ու նոր գերեվարվածներ, ռազմական դիրքերի և տարածքների նոր կորուստ։

Հայկական կողմը հայտարարեց, որ օգնության խնդրանքով դիմելու է ռազմավարական դաշնակից Ռուսաստանին՝ վերականգնելու իր տարածքային ամբողջականությունը։ Սակայն Ռուսաստանը, ինչպես նաև նրա հովանու ներքո գործող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտոնական դիմում չեն ստացել Հայաստանից։

Թեմայի շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն, քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ։

Լուսանկարում՝ Բենիամին Պողոսյանը

Պարոն Պողոսյան, հայտնի է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունում գլխավոր միջնորդի դերը ստանձնել է Մոսկվան։ Սակայն նոյեմբերի 16-ի բախմանը Հայաստանը չստացավ Ռուսաստանի կամ ՀԱՊԿ-ի աջակցությունը, թեև ի վերջո կրկին Մոսկվան կանգնեցրեց ռազմական գործողությունները։ Լուրեր շրջանառվեցին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում Նիկոլ Փաշինյանին հորդորել է գրավոր ընթացակարգ չսկսել Ռուսաստանին ռազմական օգնության դիմելու համար։ Որքանո՞վ է այս պնդումը մոտ իրականությանը։

– Մենք գիտենք, որ Հայաստանը, ըստ սահմանված ընթացակարգերի, չի դիմել Ռուսաստանին կամ ՀԱՊԿ-ին։ Բանավոր հայտարարությունները իրավականորեն չեն կարող համարվել դիմում։ Ռազմաքաղաքական ցանկացած դաշինք ունի հստակ ընթացակարգեր նման գործընթաց սկսելու համար։

Բայց չէ՞ որ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը օրերս հայտարարեց, որ 2020-ի մայիսի 14-ին ՀՀ տարածք ադրբեջանական ներխուժման ժամանակ Երևանը գրավոր դիմում էր ներկայացրել թե՛ ՀԱՊԿ-ին, թե՛ Ռուսաստանին, բայց «հետևած գործողությունները չեն համապատասխանել այն ակնկալիքներին, որոնք եղել են»։

– Եթե անգամ մայիսի 14-ին Հայաստանը դիմել է ու օգնության չի ստացել, միևնույն է՝ ռազմաքաղաքական դաշինքին դիմելը ենթադրում է հստակ ընթացակարգեր, որոնք պետք է անցնել։ Անվտանգության խորհրդի քարտուղարի հեռուստատեսային հարցազրույցում արված հայտարարությունը որևէ պարագայում հիմք չէ նման գործընթաց սկսելու համար։

Բացի այդ, կան հարցեր, որոնք վերաբերում են հայկական կողմին։ Օրինակ, ինչպե՞ս է պատահում, որ մոտավորապես նույն՝ Սյունիքի հատվածում գտնվող հայկական բանակի ստորաբաժանումները նոյեմբերի 14-ին առանց որևէ կրակոցի դիրքեր են հանձնում, իսկ նոյեմբերի 16-ին կատաղի դիմադրություն են ցուցաբերում։ Նույն աշխարհագրական վայրում տեղակայված ու գրեթե նույն ստորաբաժանումների մասին ենք խոսում։ Կա միայն տրամաբանական մեկ բացատրություն՝ նոյեմբերի 14-ին հրաման է եղել դիրքերը հանձնելու առանց դիմադրության, իսկ նոյեմբերի 16-ին եղել է հրաման՝ դիմադրելու առկա բոլոր միջոցներով։ Ամենայն հավանականությամբ, այդ հրամանները չէին կարող համաձայնեցված չլինել վարչապետի հետ։

Այս ամենի մեջ Ռուսաստանին մեղադրել, որ դու մեզ օգնության չես հասել, պարզունակ է։

Արդյոք Բրյուսելում նախատեսված հանդիպումը փո՞րձ է որևէ կերպ հավասարակշռելու Ռուսաստանի միջնորդական դերը՝ ավելի շատ ներգրավելով ԱՄՆ-ին ու Եվրոպային՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

– Մինսկի խումբը մի քանի լուրջ խնդիրների առաջ է կանգնած։ Այն դեռևս չի սկսել նոր առաջարկների մշակման գործընթաց՝ ապագայում կողմերին ներկայացնելու համար։ Ընդ որում, եթե պատերազմից անմիջապես հետո Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում նշվում էր, որ կարգավորումը պետք է լինի կողմերին ներկայացված հայտնի տարրերի հիման վրա, ապա վերջին հայտարարություններում այդ միտքը բացակայում է։ Համանախագահներն էլ են թերևս հասկանում, որ 2004-ից մշակված և արդեն 2007-ին Մադրիդում ներկայացված սկզբունքներն ու տարրերը որպես ամբողջություն չեն համապատասխանում 2020-ի նոյեմբերի 10-ից հետո ձևավորված ստատուս քվոյին։ Դրանցից որոշները, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով, շարունակում են արդիական մնալ։ Բայց որպես ամբողջական փաթեթ, 2004-ին մշակված և 2009-ի հուլիսին համանախագահ պետությունների նախագահների հրապարակած առաջարկությունները չեն կարող բանակցությունների հիմք համարվել։

Ես տեղյակ չեմ՝ համանախագահների կողմից կա արդյոք որևէ աշխատանք նոր սկզբունքների մշակման ուղղությամբ։ Կարծես թե անգամ աշխատանք չի տարվում։ Ու քանի դեռ համանախագահները առաջարկներ չեն ներկայացրել, նրանց գործունեությունը չի կարող լինել արդյունավետ, եթե անգամ հանդիպումներ ու հայտարարություններ լինեն նրանց հովանու ներքո։

Երեկ երեկոյան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպում լինելու է, սակայն դրա համար հարկավոր է կոնսենսուս։ Մի քանի ժամ անց իմացանք, որ այդ հանդիպումը կայանալու է, բայց Եվրամիության հովանու ներքո՝ Բրյուսելում։ Կարելի՞ է արդյոք ասել, որ հայկական կողմից սա դեմարշ էր ընդդեմ Ռուսաստանի, քանի որ ակնկալած ռազմական աջակցությունը Հայաստանը չի ստացել։

– Բրյուսելում կայանալիք հանդիպումը առնվազն կարող է ընկալվել որպես միջնորդական գործընթացում Ռուսաստանի դիրքերի թուլացման փաստ։ Մենք հիմքեր ունենք պնդելու, որ Ռուսաստանում կայանալիք հանդիպումը հետաձգվել կամ չեղարկվել է հայկական կողմի խնդրանքով, բայց բոլորս ենք հասկանում, որ Բրյուսելում դժվար թե որևէ փաստաթուղթ ստորագրվի՝ սահմանազատման և այլ հարցերի շուրջ։ Ավելին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստացել է ու պատրաստ է ընդունել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու Ռուսաստանի պաշտպանության նախարարության առաջարկերը։ Այնպես որ, գործընթացն այս պահին դուրս չի եկել Մոսկվայի վերահսկողության տիրույթից։

Հայաստանն ասում է, որ համաձայն է Ռուսաստանի առաջարկին, որ արել է այդ երկրի պաշտպանական գերատեսչությունը։ Մյուս կողմից, արձագանք չկա ադրբեջանական կողմից։ Կարելի է ենթադրել, որ Մոսկվան այդ հարցն արդեն իսկ համաձայնեցրել է Բաքվի հետ։ Սահմանազատումն ու սահմանագծումը երկկողմ գործընթաց է, և առանց ադրբեջանական կողմի համաձայնության, որևէ գործընթաց տեղի ունենալ չի կարող։ Հիմքեր չկան նաև պնդելու, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացրած առաջարկն էականորեն տարբերվում է Մոսկվայում նոյեմբերի 8-ից 12-ը կայանալիք հանդիպմանը ստորագրվելիք փաստաթղթից։

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ սահմանազատման գործընթացը և դրա հիմքում ընկած սկզբունքները պետք է լինեն կոնֆիդենցիալ, մինչդեռ Մոսկվայում ստորագրվելիք փաստաթուղթը հասանելի էր լինելու հանրությանը։ Եթե այս հայտարարությունը պաշտոնական դիրքորոշում է, ապա ստացվում է, որ վերջին երկու շաբաթների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով սահմանազատման և սահմանագծման մասին հրապարակային փաստաթուղթը փոխարինվել է գաղտնի գործընթացով։

Եթե Հայաստանը հրաժարվեց մասնակցել նոյեմբերի 10-ի հանդիպմանը այն պատճառով, որ ստորագրվելիք փաստաթղթերը իր շահերից չէին բխում, ապա ի՞նչ փոխվեց այժմ։

– Այդ փաստաթղթերի բովանդակությունը չի հրապարակվել։ Եթե դրանք իրոք հակասում էին հայկական կողմի շահերին, ապա ինչու էր Երևանը նախնական համաձայնություն տվել հանդիպմանը, ասել է թե՝ նաև տեքստի նախնական տարբերակին։ Ովքե՞ր են այդ տեքստը բանակցել և ինչո՞ւ է նրանց աշխատանքի հետևանքով ձևավորվել Հայաստանի պետական շահերին հակասող փաստաթուղթ։ Ի՞նչ է փոխվել, որ հայկական կողմը նախ համաձայնել է ստորագրել դրանք, հետո փաստացի հրաժարվել՝ առաջարկելով չեղարկել կամ հետաձգել հանդիպումը։ Ի՞նչ լծակներ են կիրառվել մեր դեմ Հայաստանի շահերին հակասող փաստաթղթին համաձայնություն ստանալու համար։ Սրանք կարևոր հարցեր են։

Նոյեմբերի 7-ին Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «մենք դեմ չենք հանդիպումներին, բայց շատ կարևոր է այդ հանդիպումների կոնտեքստը, այդ հանդիպումների սիմվոլիկան, այդ հայտարարություններից ակնկալվող պոտենցիալ արդյունքը»։ Կարելի՞ է արդյոք ասել, որ հայկական կողմից է եղել հանդիպման հետաձգման կամ չեղարկման առաջարկը։

– Ակնհայտ է, որ Մոսկվայում եռակողմ հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն եղել է, հակառակ դեպքում Ռուսաստանի նախագահի խոսնակը չէր կարող հայտարարել հանդիպման մասին և նշել որոշակի ժամկետներ։ Փաշինյանի՝ ձեր նշած հարցազրույցը հիմքեր է տալիս պնդելու, որ իսկապես Հայաստանն է առաջարկել հետաձգել կամ չեղարկել այն։ Դրանից հետո մենք տեսանք ադրբեջանական կողմի կոշտ քայլերը՝ նոյեմբերի 11-ին մաքսակետի տեղադրում Գորիս-Կապան ճանապարհին, նոյեմբերի 14-ին՝ Սյունիքում մի քանի հայկական դիրքերի գրավում առանց դիմադրության, նոյեմբերի 15-ին՝ մաքսակետ Կապան-Ճակատեն հատվածում, ինչի արդյունքում գրեթե ամբողջական շրջափակման մեջ հայտնվեցին հայկական մի քանի գյուղեր, և նոյեմբերի 16-ին՝ 44-օրյա պատերազմից ավարտից ի վեր ամենալուրջ բախումը։

Եվրամիության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են ուղիղ կապ հաստատել պաշտպանության նախարարների մակարդակով, որը կծառայի միջադեպերի կանխարգելմանը: Սա ի՞նչ կարող է նշանակել։

– Ուղիղ կապը նորություն չէ։ Վերջին անգամ նման պայմանավորվածություն ձեռք էր բերվել 2018-ի սեպտեմբերին Դուշանբեում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը։ Դրանից առաջ էլ պաշտպանության նախարարությունների միջև կապ գործել է, թեկուզ ոչ անպայմանորեն նախարարների մակարդակով։ 2018-ի Դուշանբեի հանդիպումից հետո նման կապ հաստատվել էր Հայաստանի ու Ադրբեջանի միջև։

Կարեն Հարությունյան

Մեկնաբանել