Արժանապատվությունը անվտանգության բաղադրիչ է

tatik papik nk artsakh generic

Գեղամ Բաղդասարյան

Արցախում, ռուսաստանյան խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, ամեն մի նոր միջադեպից ու ադրբեջանական հերթական սադրանքից հետո արցախյան և ընդհանրապես հայկական պաշտոնական ու ոչ պաշտոնական արձագանքներում մի միտք միշտ կարմիր թելի պես անցնում է։ Դա հետևյալն է՝ ադրբեջանական կողմը փորձում է հեղինակազրկել կամ վարկաբեկել ռուսաստանյան խաղաղապահ առաքելությունն Արցախում։

Օրինակներ շատ կարելի է բերել։ Ահա սոսկ մեկը։ Շուշիի մերձակայքում նոյեմբերի 8-ի ադրբեջանական ահաբեկչությանն անդրադառնալով՝ Արցախի նախագահն իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է. «Ադրբեջանի բացահայտ ահաբեկչության թիրախում Արցախի Հանրապետության քաղաքացիներն էին, ինչպես նաև՝ ՌԴ խաղաղապահները. նպատակը խուճապային տրամադրություններ սերմանել Արցախում ապրողներիս շրջանում և, իհարկե, փորձել հեղինակազրկել ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը»։

Ապա, խոսելով բնակչության անվտանգության մակարդակի բարձրացմանը միտված ջանքերի մասին, նա անդրադարձել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցությանը և «մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել խաղաղապահ զորակազմին, հրամանատարությանը և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին»:

Մեջբերման վերջին նախադասությունը նույնպես խորհրդանշական է։ Որտեղ խիստ մտահոգությունը խաղաղապահների վարկանիշի կապակցությամբ, այնտեղ էլ անմիջապես շնորհակալությունը ռուսաստանյան կողմին և անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչին։ Ամենատարբեր հայտարարություններում ու զանազան ձևաչափերով հանդիպումներում ու քննարկումներում բուռն երախտագիտության զեղումները վաղուց արդեն հեգնանքի կամ վշտակցության առիթ են տալիս։ Բարեկամները դրության մեջ են մտնում ու մտովի ցավակցում, իսկ ոչ բարեկամները պարզապես ծիծաղում են մեզ վրա։

Ռուսաստանյան խաղաղապահ առաքելության հեղինակությամբ հայկական իշխանությունների խիստ մտահոգությունն ու ադրբեջանական սադրանքները որպես այդ առաքելության վարկաբեկման փորձ գնահատելը լուրջ չեն ընկալվում ոչ մի տեղ։ Եվ մի պարզ պատճառով՝ ռուսներն իրենք այդպես չեն գնահատում, այդպիսի որակում չեն տալիս։ Հիմա ի՞նչ է ստացվում՝ մենք նրանցից ավելի լա՞վ ենք հասկանում իրենց հեղինակության կարևորությունը։ Պապից ավելի կաթոլիկ կամ, տվյալ դեպքում, ռուսից ավելի ռուս լինելու ցանկությունը, մեղմ ասած, հարգանքի չի արժանանում աշխարհում։ Ու չի էլ կարող արժանանալ, քանի որ դա հարգանքի չի արժանանում նույնիսկ ռուսների կողմից։ Ավելին՝ նրանք դա ընկալում են որպես հակամարտության մեջ իրենց անմիջականորեն ներքաշելու և ադրբեջանական կողմի դեմ տրամադրելու փորձ։ Ուրեմն արժե՞ մեր ծանր տեղով այդքան թեթևանալ։ Թեև ծանր տեղ էլ չի մնացել…

Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում լուրջ խնդիրներ կան։ Դրանք արժեհամակարգային են, ռազմավարական են և այլատեսակ։ Բայց դրանք նաև հաղորդակցային են։ Վերջին հանգամանքը, մեղմ ասած, ամենաբարդը չէ, բայց արի ու տես, որ նույնիսկ այստեղ չենք հաջողում ու լուրջ խնդիրներ ունենք։ Այստեղ նույնիսկ «великий и могучий русский язык»-ը չի օգնում։ Խոսում ենք ռուսների հետ ռուսերեն, բայց ոչ նրանք են մեզ հասկանում, ոչ էլ մենք՝ իրենց։ Եվ պատճառը ռուսերենի մեր իմացության մակարդակը չէ, խնդիրը մեր աշխարհընկալումն է ու ռուսաստանաընկալումը կամ՝ պուտինաընկալումը։ Անցած ավելի քան երեք տարում նոր իշխանությունն այդպես էլ չտիրապետեց ռուսների հետ շփվելու նրբություններին, այդպես էլ «ռուսերեն» չսովորեց։ Եվ խնդիրը նույնիսկ «ռուսերենը» չէ, այդպես է նաև անգլերենի ու «անգլերենի» պարագայում։ Խնդիրը մեր մեջ է, մեր ուղեղներում։

Աշխարհի հետ մեր հարաբերություններում ու հատկապես Ռուսաստանի հետ մեր շփումներում արժանապատվությունը շատ կարևոր հանգամանք է։ Մենք, իրոք, լուրջ խնդիրներ ունենք և կարող ենք արժանապատվորեն, ազնվորեն ու սկզբունքորեն խոսել դրանց մասին։ Դա կգնահատվի բոլորի կողմից։ Հրապարակայնությունը մեր կռվանը կարող է լինել։ Ընդ որում, հրապարակայնորեն խնդիրների մասին խոսելը չի բացառում ներքին կարգով խնդիրների լուծմանը նպաստելը։ Բայց մենք պարտվում ենք երկու ասպարեզներում էլ, պատկերավոր ասած՝ թե՛ բեմում և թե՛ կուլիսներում։ Մենք չհասկացված ենք թե՛ մեկում և թե՛ մյուսում։ Մենք չենք հասկանում ուղերձները թե՛ մեկից և թե՛ մյուսից։

Սյունիքյան սրացումից հետո ՌԴ-ին ու ՀԱՊԿ-ին դիմելու հետ կապված առեղծվածն ուղղակի մեր երկրի պատմության անփառունակ էջերից է և մեր նկատմամբ անհարգալից կատակների տեղիք է տվել ամենուր։ Դիմե՞լ ենք, թե՞ չենք դիմել, բանավո՞ր ենք դիմել, թե՞ գրավոր, տեղ հասե՞լ է դիմումը, թե՞ ոչ… Քաջություն ու արժանապատվություն չունեցանք բաց խոսելու այս մասին, ներկայացնելու իրական վիճակը։ Ու արհեստականորեն առեղծվածայնացված այս միջավայրում մնացինք նաև քաղաքականապես անզեն ու անպաշտպան, չհարգված ու չընկալված։

Այս ամենն ազդում է մեր երկրի հեղինակության վրա։ Մեր նկատմամբ հարգանքի, մեր երկրի բարի համբավի ձևավորումը բավականին մեծ ջանքեր ու ժամանակ է պահանջելու։ Առայժմ կարող ենք հավակնել գոնե նրան, որ մեզ լուրջ ընդունեն, գոնե լուրջ ընդունեն։

Այնպես է ստացվել, որ մեր նկատմամբ աշխարհի հարգանքը կախված է Ռուսաստանի հետ մեր արժանապատիվ հարաբերություններից։ Եվ այս առնչությամբ կուզեի անդրադառնալ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների մի կարևոր հարցի։ Մի հարցի, որի մասին մեզ մոտ գրեթե չեն խոսում կամ թերագնահատում են։ Խոսքը Ռուսաստանի հանրային կարծիքի վրա ներազդելու և Հայաստանի ու հայերի նկատմամբ բարյացակամ մթնոլորտի ձևավորման մասին է։ Գաղտնիք չէ, որ ներկայում գլխավորապես բացասական-քամահրական վերաբերմունք է այնտեղ, որը պատահական չէ և բխում է ոչ միայն քաղաքական քարոզչությունից, այլև այդ երկրի տեղեկատվական դաշտում Ադրբեջանի լուրջ ներդրումներից։

Իսկ իմ ասելիքը ոչ թե ֆինանսական (մեր հնարավորություններն այս առումով սահմանափակ են), այլ ինտելեկտուալ կապերի ու ներդրումների մասին է։ Ժամանակին ձևավորվել էր Հայաստանի ու հայ մշակույթի նկատմամբ աշխույժ հետաքրքրություն, ստեղծվել էին մտավորական տարբեր շրջանակներ, որոնք այդ բարյացակամ մթնոլորտի հաղորդիչներն էին։ Ինչո՞ւ չենք փորձում նորից նման մթնոլորտ ձևավորել։ Հնարավոր չէ, որ չլինեն նման մտավորականներ ու հասարակական գործիչներ, մարդիկ, որոնք կարող են ազդել հասարակական հայանպաստ կարծիքի ձևավորման վրա։ Թեկուզ անուղղակիորեն, թեկուզ հայկական մշակույթի նկատմամբ վերածնված հետաքրքրությամբ։

Ինչ-որ է, մեր արժանապատիվ կեցվածքը կարող է նպաստել մեր նկատմամբ հարգալից վերաբերմունքին, վերջինս էլ՝ աջակիցների ու դաշնակիցների ավելացման կամ եղածների լրացուցիչ մոտիվացման, արդյունքում՝ մեր անվտանգության ամրապնդման։ Իսկ «արտագնա» արժանապատվության աղբյուր կարող է լինել միայն «ներգնա» արժանապատվությունը, սեփական ժողովրդի՝ զինվորականի, շինականի, մտավորականի և այլոց նկատմամբ ազնիվ ու արժանապատիվ կեցվածքը։

Մեկնաբանել