Հայաստանի թույլ արձագանքը Ադրբեջանի վերջին տեղեկատվական գրոհին․ «Շաբաթվա ֆեյքերը»

Syunik, Armenia

Նոյեմբերի 16-ի հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումը, ինչպես վերջին տարիների հայ-ադրբեջանական ցանկացած զինված միջադեպ, ուղեկցվում էր ապատեղեկատվության և քարոզչության զգալի չափաբաժնով, որն ընդունված է անվանել տեղեկատվական պատերազմ։

Այս առումով նախ կարևոր է հասկանալ, որ տեղեկատվական պատերազմը դա համակարգված գործողություն է, որն իրականացվում է հակառակորդի նկատմամբ տեղեկատվական առավելություն ստանալու համար:

Սա ենթադրում է սեփական տեղեկատվական տարածքի վերահսկողություն, սեփական տեղեկատվության պաշտպանություն և, միաժամանակ, հակառակորդի տեղեկատվության ստացում և օգտագործում, հակառակորդի տեղեկատվական համակարգերի ոչնչացում և տեղեկատվության հոսքի խաթարում։ Այս առումով նոյեմբերի 16-ին, ինչպես նաև դրան նախորդող օրերին ականատես եղանք, թե ինչպես է ադրբեջանական կողմը նախապատրաստում, այնուհետև իրականացնում էր համակարգված տեղեկատվական պատերազմական գործողություններ, մինչ հայկական կողմը հիմնականում սահմանափակվում էր հերքումներով ու արձագանքներով։

ՍիվիլՆեթի՝ փաստերի ստուգմամբ զբաղվող լրագրող Արշալույս Բարսեղյանը ի մի է բերել նոյեմբերի 16-ին ադրբեջանական կողմից արձանագրված տեղեկատվական հարձակումները։

Փաստենք, որ ինտերնետը ադրբեջանական կողմին լայն հնարավորություններ է ընձեռում Հայաստանի քաղաքացիների, լրատվադաշտի, պաշտոնյաների, զինծառայողների դեմ տեղեկատվական գրոհներ իրականացնելու համար, ինչից նրանք լայնորեն օգտվում են։ Եվ եթե 2020 թվականին հայկական կողմից կար հստակ կազմակերպված արձագանք, նոյեմբերյան վերջին սրացման ժամանակ անգամ այդ ուղղությամբ առանձնապես քայլեր չձեռնարկվեցին, բացառությամբ բջջային օպերատորների հաղորդագրությունների, որոնք, ի դեպ, ավելի արդյունավետ կլինեին, եթե SMS հաղորդագրության տեսքով ուղարկվեին բոլոր բաժանորդներին)։