Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է․ ՊՆ

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով նոյեմբերի 22-ի ժամը 12։00-ի դրությամբ հարաբերականորեն կայուն է, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Հակառակորդի կողմից սադրանքներ չեն արձանագրվել, ուժերի ու միջոցների էական տեղաշարժ՝ նույնպես։ Օպերատիվ իրադրությունը լիարժեք վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից»,- ասված է հաղորդագրությունում։

***

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Ընթացել են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նույն օրը ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է։ Նոյեմբերի 19-ի տվյալներով՝ հայկական կողմն ունի 6 զոհ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։ Աշխատանքներ են տարվում՝ մարտերի արդյունքում գերեվարվածների վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ։

Նոյեմբերի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրկին սադրանքի էին դիմել՝ զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժելով Հայաստանի տարածք․ «Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի զինված ուժերի չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից»,- հայտնել էր Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակը։

Մեկնաբանել