Վիվա-ՄՏՍ-ը հաստատում է ԱՄՆ-ից գործարքների ստուգումների փաստը

Հայաստանի հեռահաղորդակցության ու կապի օպերատոր «Վիվա ՄՏՍ»-ը հաստատում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունից ու արժեղթղթերի և բորսաների հանձնաժողովից «ՄՏՍ»-ի հայաստանյան դուստր ձեռնարկության որոշ ֆինանսական գործառնությունների վերաբերյալ տեղեկություններ են խնդրել։ ՍիվիլՆեթին այդ մասին հայտնել են «Վիվա-ՄՏՍ»-ից։

Ընկերությունը տեղեկացրել է, որ 2019-ից ընկերությունում ներդրվել է «Անկախ Քոմփլայենս» մոնիթորինգի համակարգ, որը նախատեսում է կատարելագործել ընկերության ներսում հակակոռուպցիոն քաղաքականություններն ու կանոնակարգերը։

«Անկախ Քոմփլայենս մոնիթորինգի իրականացման ընթացքում հայտնաբերվել են ՄՏՍ-ի հայաստանյան դուստր–ձեռնարկությանն առնչվող առանձին գործառնություններ, որոնց մասին տեղեկություններն աշխատանքային կարգով տրամադրվել են ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտին ու ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին: ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտն ու ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը դիմել են վերը նշված գործառնությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով, և ՄՏՍ-ը նախաձեռնել է ստուգման գործընթաց»,- հայտնել են «Վիվա-ՄՏՍ»-ից։

«Անկախ Քոմփլայենս» համակարգը «Վիվա-ՄՏՍ»-ում ներդրվել է 2019-ին, երբ ՄՏՍ-ը հաշտության պայմանագիր կնքեց Ամերիկայի արդարադատության նախարարության հետ։ ՄՏՍ-ի ու ամերիկյան պետական գերատեսչությունների վեճը վերաբերում էր Ուզբեկստանի նախկին նախագահ Իսլամ Քարիմովի դստեր՝ Գյուլնարա Քարիմովայի կողմից մոտ 1 միլիարդ դոլարի փողերի լվացմանը՝ ամերիկյան ֆինանսական համակարգի միջոցով։ Այս գործում ներգրավված էր նաև Ուզբեկստանում ՄՏՍ-ի դուստր ձեռնարկությունն ու դրա ղեկավարը, ինչպես նաև հեռահաղորդակցության այլ օպերատորներ։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել