Նոյեմբերի 16-ի էսկալացիայի պատճառները

Մեղրի

Նոյեմբերի 16-ին հայ֊ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում եղավ 44֊օրյա պատերազմի ավարտից հետո ամենամեծ ռազմական էսկալացիան, որի արդյունքում հայկական կողմը ունի զոհեր, գերիներ ու տարածքային կորուստներ: Ադրբեջանի նախաձեռնած հերթական սրացման պատճառների վերաբերյալ հայկական մեդիա դաշտում բազմաթիվ վարկածներ են հնչել: Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծես թե կոնսենսուս կա, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև եռակողմ ձևաչափով ընթացող բանակցությունների ու այս էսկալացիայի միջև ուղիղ պատճառահետևանքային կապ կա:

Այս առումով կարևոր է հասկանալ, թե կոնկրետ ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը սահմանում իրավիճակի ապակայունացմամբ և ինչ զիջումներ է փորձում ուժի միջոցով պարտադրել Հայաստանին Ռուսաստանի հովանու ներքո ընթացող բանակցություններում:

Վերջին մեկ ամսվա ընթացքում հայկական ու ռուսական մամուլում բավականին վստահելի աղբյուրների կողմից եղել են հրապարակումներ այն մասին, որ նոյեմբերի սկզբին նախատեսվում էր նոր եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների մասնակցությամբ: Նշվում էր, որ հանդիպման ընթացքում ծրագրվում էր ստորագրել փաստաթղթեր, որոնք առնչություն կունենային եռակողմ ձևաչափում բանակցային օրակարգում գտնվող երկու զուգահեռ գործընթացների հետ՝ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման և դելիմիտացիայի ու դեմարկացիայի: Նշվում էր նաև, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ նոյեմբերի 9-ին: Ակնկալվելիք հանդիպման մասին խոսել էր նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Այնուամենայնիվ, հանդիպումը նոյեմբերի 9-ին տեղի չունեցավ, դրանից հետո էսկալացիայի նոր շղթա սկսվեց: Նոյեմբերի 11-ին Ադրբեջանը մաքսակետեր տեղադրեց Գորիս-Կապան ճանապարհի իր կողմից վերահսկվող հատվածում: Նոյեմբերի 15-ին ադրբեջանական մաքսակետեր տեղադրվեցին նաև Կապան-Ճակատեն ճանապարհի վրա: Նոյեմբերի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետեր տեղադրելու այլընտրանքը լինելու էր միջանցքային տրամաբանությունը: Այս գործընթացներին զուգընթաց իրավիճակը աստիճանաբար սրվում էր նաև առաջնագծում:

Ի սկզբանե Փաշինյանի հայտարարությունը այն մասին, որ Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետի տեղադրման գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, հերթական ձախողումը արդարացնելու ու այդ իրավիճակը գեղեցիկ փաթեթավորմամբ հասարակությանը «վաճառելու» փորձի տպավորություն էր թողնում: Սակայն հետագա զարգացումները ցույց տվեցին, որ վարչապետի խոսքերի մեջ ճշմարտության բաժին կար:

Նոյեմբերի 9֊ի եռակողմ հանդիպման մասին հայտնած լրատվամիջոցները հաղորդում էին նաև, որ բանակցվող երկու փաստաթղթերում գրեթե ամեն ինչ համաձայնեցված է, և բանակցությունները ընթանում են միայն դետալների շուրջ:

Կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացում ամենայն հավանականությամբ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ «մայրցամաքային» Ադրբեջանը Նախիջևանին ու Թուրքիային կապող ուղու դե ֆակտո վերահսկողության հարցի շուրջ:

Նոյեմբերի 5-ին Երևան էր ժամանել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը հայ-ադրբեջանա-ռուսական եռակողմ հանձնաժողովի համանախագահն է: Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Օվերչուկը նշել էր, որ ապաշրջափակման գործընթացում ճանապարհների նկատմամբ ինքնիշխանությունը պահպանվում է այն երկրների մոտ, որոնց տարածքով կանցնեն այդ ճանապարհները: Օվերչուկի խոսքերը սակայն ամենայն հավանականությամբ վերաբերում էին հարցի իրավական ասպեկտին և առաջին հերթին արձագանք էին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին Բաքվից պարբերաբար հնչեցվող հայտարարություններին: Սակայն այդ ճանապարհների և գլխավորապես Սյունիքի մարզի տարածքով բացվելիք հնարավոր ուղու դե ֆակտո վերահսկողության հարցում այսպիսի հստակություն չկա: Այդ առումով հետաքրքական է Օվերչուկի հետ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանի արած նկատառումը: Փաշինյանը, խոսելով ապաշրջափակման գործընթացում Հայաստանի դիրքորոշման մասին, նշել էր․ «Պետք է նաև բանակցենք մաքսային հսկողության, ֆիտոսանիտարական հսկողության, սահմանային հսկողության և հսկողության այլ հնարավոր տեսակների շուրջ»: Այսինքն, այդ ուղու վրա մաքսակետերի տեղադրման հարցի շուրջ նոյեմբերի 5֊ի դրությամբ կողմերը համաձայնության չէին հասել:

Ադրբեջանի դիրքորոշումը այս հարցում հստակ է: Բաքուն ձգտում է հասնել նրան, որ Հայաստանի հարավով անցնող ադրբեջանական մեքենաներն ու գնացքները ՀՀ տարածքում որևէ կետում կանգ չառնեն և մաքսային հսկողության չենթարկվեն: Փորձագետ Անար Վելիևը, որն Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում դեկան է, բրիտանացի հայտնի հետազոտող Թոմաս Դե Վաալին տված մեկնաբանության մեջ, մասնավորապես, նշում է․ «Այն, ինչ ցանկանում է Ադրբեջանը, անցակետերի բացակայությունն է, որպեսզի սահմանին կանգ առնելու անհրաժեշտություն չլինի: Մենք այնպիսի իրավիճակում ենք, երբ մենք ունենք լծակներ, մենք ունենք ժամանակ ու մենք կարող ենք պայմաններ թելադրել»: Վելիևի մեկնաբանությամբ Դե Վաալի այս հոդվածը հրապարակվել էր նոյեմբերի 8֊ին: Սա վստահաբար կարելի է համարել Ադրբեջանի դիրքորոշումը այս հարցի շուրջ: Բաքուն հաճախ է սեփական տեսակետները միջազգային հանրությանը ներկայացնում իշխանամերձ փորձագետների միջոցով: Այս առումով նոյեմբերի 16-ին տեղի ունեցածը Վելիևի նշած լծակներից է, որի նպատակը Սյունիքի տարածքով առանց դե ֆակտո հայկական ներկայության ու վերահսկողության (մաքսակետերի) ուղի ստանալն է:

Նոյեմբերի 16֊ի էսկալացիայի մեկ այլ պատճառ հավանաբար կապված է սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցի հետ: Այս գործընթացում Ադրբեջանը առավելապաշտական նպատակներ է հետապնդում: Բաքուն ցանկանում է, որ Հայաստանը այս գործընթացի համատեքստում ստորագրվելիք փաստաթղթում ուղիղ տեքստով ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս փաստաթուղթը Բաքվում «խաղաղության պայմանագիր են» անվանում:

Ակնհայտ է, որ փաստաթղթի ստորագրումը այն տեսքով, որով ցանկանում է Բաքուն, անընդունելի է հայկական կողմի համար և դիմադրության է արժանանում Երևանի կողմից: Եվ նույնիսկ եթե նոյեմբերի 9֊ի հանդիպումը տեղի ունենար, հավանականությունը փոքր էր, որ Հայաստանը կստորագրեր Ադրբեջանի պատկերացրած ձևակերպումներով փաստաթուղթ: Այդ իսկ պատճառով Ադրբեջանը այս փուլում փորձում է ռազմական գործիքակազմի օգտագործման միջոցով Հայաստանին պարտադրել լուծումներ նաև տվյալ գործընթացում:

Եթե Հայաստանը չկարողանա կարճ ժամկետում բարձրացնել բանակի մարտունակությունը, Ադրբեջանի մարտավարությունը անխուսափելիորեն հաջողությամբ է պսակվելու

Ստեղծված իրավիճակից Հայաստանի համար միակ ելքը սեփական ռազմական կարողությունների արագ վերականգնումն է: Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ բազմիցս են խոսել Զինված ուժերի բարեփոխման ու արդիականացման մասին, սակայն այդ ժամանակահատվածում շոշափելի արդյունքներ չեն գրանցվել: Ավելին, չեն լուծվել նույնիսկ առաջնագծի կահավորման հետ կապված ամենատարրական խնդիրները: Եթե Հայաստանը չկարողանա կարճ ժամկետում բարձրացնել բանակի մարտունակությունը, Ադրբեջանի վերոնշյալ մարտավարությունը անխուսափելիորեն հաջողությամբ է պսակվելու:

Իսկ դաշնակիցների պաշտպանության կամ միջազգային հանրության աջակցության վրա հույս դնելը տվյալ պարագայում կարելի է որակել որպես քաղաքական մանկամտություն: Եթե սեփական սահմանները պաշտպանելու կամք ու կարողություն չունես, ոչ ոք դրանք քո փոխարեն չի պաշտպանելու:

Մեկնաբանել