Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ նոյեմբերի 16-ին գերեվարված հայ զինծառայողների իրավունքների ապահովման պահանջով

Հայաստանի դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ 2021թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքում սանձազերծված ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով։ Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։

«Եվրոպական դատարան է ներկայացվել Դատարանի կանոնների 39-րդ Կանոնի ներքո Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմում, որի նպատակն է երաշխավորել գերեվարված զինծառայողների՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը»,- ասված է գրասենյակի հայտարարությունում։

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Ընթացել են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նույն օրը ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է։ Նոյեմբերի 19-ի տվյալներով՝ հայկական կողմն ունի 6 զոհ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։ Աշխատանքներ են տարվում՝ մարտերի արդյունքում գերեվարվածների վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ։

Մեկնաբանել