Մենք ունենք մշակված, քննարկված բազմաթիվ տարբերակներ ապաշրջափակման տեխնիկական և փորձագիտական մակարդակում, բայց դեռևս վերջնական պայմանավորվածություն, թե որոնք են գործելու, այս պահին չունենք։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Այս պահին ես չեմ կարող ասել, որ մենք ունենք ընդհանուր հայտարարի եկած իրավիճակ, բայց մենք ունենք մշակված, քննարկված բազմաթիվ տարբերակներ ապաշրջափակման տեխնիկական եւ փորձագիտական մակարդակում՝ ըստ տեխնիկական հնարավորությունների, բայց դեռեւս վերջնական պայմանավորվածություն, թե որոնք են գործելու, այս պահին չունենք»,- ասել է նա։
Մհեր Գրիգորյանը վերահաստատել է, որ ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում միջանցքային տրամաբանությամբ որևէ քննարկում չկա։
«Եռակողմ աշխատանքային խումբը գործում է 2020 թ․ նոյեմբերի 9-ի և 2021 թ․ հունվարի 11-ի մանդատի շրջանակներում, որոնցում որևէ խոսք միջանցքի կամ միջանցքային տրամաբանության մասին չկա և գոյություն չունի»,- նշել է Հայաստանի փոխվարչապետը։
Գրիգորյանը հայտարարել է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հաստատված և հնարավոր հանդիպումներին «փաստաթուղթ ստորագրելու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա»։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 15-ին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում հանդիպում են ունենալու։ Տելեգրամյան ալիքները նաև հայտնում են նոյեմբերի 26-ին Փաշինյան-Պուտին-Ալիև հնարավոր հանդիպման մասին։