Խուսափել Իրաքի կրկնությունից

Դամասկոսում մահապարտի իրականացրած պայթյունի արդյունքում սպանվել են երկրի պաշտպանության և ներքին գործերի նախարարները:

Սիրիայում զարգացումները լուրջ մարտահրավեր են նաև այդ երկրում բնակվող հայ համայնքին: Ի՞նչ է սպասվում հայ համայնքին, արդյոք նա կարժանանա Իրաքի՞ համայնքի ճակատագրին, թե՞ Լիբանանի համայնքի պես կկարողանա բարձր ինքնակազմակերպմամբ դիմագրավել առկա ցնցումներին:

Իրավիճակը կարելի է համեմատել տարածաշրջանում տարբեր ժամանակներում եղած ճգնաժամերի և հայ համայնքների վրա դրանց ունեցած ազդեցությունների հետ:

2003թ. Իրաքի գրավումից հետո տիրող անիշխանության և երկրում կենտրոնական կառավարության ուժի թուլացման պատճառով երկրի քրիստոնյա փոքրամասնությունները, այդ թվում՝ հայերը, մեծամասամբ լքեցին երկիրը: Իսկ նրանք, ովքեր մնացին երկրում, արտագաղթեցին Իրաքի համեմատաբար ապահով քրդական շրջաններ: Այսօր, սակայն, Իրաքում հայ համայնք գրեթե չի մնացել:

Լիբանանում 1970-ականներից մինչև 90-ականների սկիզբը տևած քաղաքացիական պատերազմի ընթացքում հայ համայնքն իր չեզոքության միջոցով բացառիկ ինքնակազմակերպվածություն դրսևորեց՝ վեր կանգնելով կուսակցական և այլ տիպի շահերից ու չենթարկվելով համայնքի դեմ սադրանքներին:

Սիրիայի համայնքին պատուհասած այսօրվա վտանգի դեմն առնելիս պետք է հաշվի առնել Իրաքի ու Լիբանանի փորձը, լավ սերտել դրանց նմանություններն ու տարբերությունները: Սիրիահայ համայնքը կազմակերպվածության առումով ավելի նման է լիբանանահայ համայնքին և, ի տարբերություն իրաքահայ համայնքի, ինքնակազմակերպման ավելի մեծ ներուժ ունի: Սակայն տասնամյակներ շարունակ բռնատիրության պայմաններում ապրելու արդյունքում քաղաքական գիտակցության որոշակի պակաս կա:

Փաստ է, որ Խորհրդային Հայաստանը կարողացավ ազդել Լիբանանի հարցում Կրեմլի որոշման վրա՝ վերջինիս համոզելով զենք մատակարարել լիբանանահայերին: Այդ օգնությունը մեծապես նպաստեց, որ հայ համայնքը կարողանա պաշտպանվել տարատեսակ հարձակումներից և չներքաշվել պատերազմի մեջ:

Անկախ Հայաստանն այսօր կարծես ոչինչ չի անում սիրիահայ համայնքի անհետացումը կանխելու համար: Խոսքը զենք մատակարարելու մասին չէ: Խոսքն այն մասին է, որ Հայաստանի պետությունը համայնքի անվտանգությունն ապահովելու համար պետք է հարաբերություններ ունենա ոչ միայն իշխանությունների, այլև ընդդիմության հետ:

Մեկնաբանել