Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 23-ին, առցանց ասուլիսի ժամանակ ներկայացրեց՝ արդյոք միջանցքի հարց քննարկվում է եռակողմ հանդիպումների ժամանակ, թե ոչ։
Մասնավորապես, ադրբեջանական կողմը նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում ամրագրված՝ «անարգել երթեկություն» արտահայտությունը կիրառելով պնդում է, որ սա հենց «սուվերեն միջանցք է» նշանակում։
«Որ գրած է՝ այսպես, դա նշանակում է սուվերեն միջանցք։ Իսկ ավելի տրամաբանական չէ ասել, որ եթե դա նշանակեր սուվերեն միջանցք, գրած կլիներ՝ սուվերեն միջանցք»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նկատեց, որ նույն նոյեմբերի 9-ի փաստաթղթում միջանցք բառն օգտագործված է՝ «Լաչինի միջանցք» ձևակերպումով։
Հունվարի 11-ի հայտարարության հիման վրա ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի նախագահությամբ։ Փաշինյանի խոսքով՝ եռակողմ աշխատանքային խումբը արձանագրել է, որ վերագործարկվող ճանապարհները գործելու են երկրների սուվերենության և տարածքային ամբողջականության շրջանակներում։
«Ուզում եմ ասել, որ աշխատանքային մակարդակում մենք երբեք Ադրբեջանից միջանցք արտահայտություն չենք լսել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։