Նիկոլ Փաշինյանը՝ Վանո Սիրադեղյանի կենդանության օրոք նրա հետ կապ պահելու մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 23-ին, առցանց ասուլիսի ժամանակ անդրադարձել է ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի հետ կենդանության օրոք կապ պահպանելու, իսկ արդեն մահանալուց հետո աճյունի տեղափոխման հարցերին։

«Ցավոք, վարչապետ լինելուց հետո, և ընդհանրապես, նրա հետ ոչ մի հաղորդակցություն չեմ ունեցել։ Ես որպես մարդ, որը նաև եղել է ընդհատակում և ընդհատակից դուրս է եկել, հանձնվել իրավապահներին, միշտ համարել եմ, որ 2018-ից հետո կարող էր այդպիսի քայլ լինել, որովհետև որոշակի օբյեկտիվ դատավարության պայմաններ կարող էին լինել»,- նշել է նա։

Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ «Հայկական ժամանակ» օրաթերթում Ավետիս Հարությունյան կեղծանունով հոդվածները գրել է հենց Վանո Սիրադեղյանը։

Փաշինյանը հավելել է, որ վարչապետի կարգավիճակում աշխատում է իր անձնական համակրանքները և հակակրանքները պետական մակարդակի որոշումների հիմքում չդնել․ «Նման դեպքերում պետք է լինել հավասարակշռված, հաշվի առնել բոլոր դրական և բացասական հանգամանքները և օբյեկտիվ լինել»,- ավելացրել է նա։

Ինչ վերաբերում է աճյունի տեղափոխմանը՝ Փաշինյանը կարծում է, որ Վանո Սիրադեղյանի մահից հետո ստեղծված թաղման հանձնաժողովը որոշումներ կկայացնի և առաջիկայում նրա աճյունը կտեղափոխվի Հայաստան։

Մեկնաբանել