Լիրայի գահավիժում և տարերային ցույցեր Թուրքիայում․ «Էրդողանոմիկայի» հետևանքները

Ստամբուլում և Անկարայում նոյեմբերի 23-ի գիշերը տարերային բողոքի ցույցեր են անցկացվել կառավարության հրաժարականի պահանջով։ Բողոքի ցույցերի պատճառ է դարձել թուրքական լիրայի արժեզրկումն ԱՄՆ դոլարի նկատմամբ։ Երեքշաբթի լիրան հերթական անգամ գերազանցել է իր անկման ռեկորդը՝ դոլարի նկատմամբ արժեզրկվելով մինչև 13,5 լիրա: Ընդ որում, տարեսկզբից թուրքական արժույթն արժեզրկվել է 70 տոկոսով, ինչը դարձել է վերջին տարիներին ազգային արժույթի ամենախոշոր անկումներից մեկը (այս տարվա հունվարին 1-ին դոլարի փոխարժեքը 7,3 լիրա էր): Ինչպես նշում է «Էրմենիհաբերը», թուրքական լիրան նախօրեին դարձել է աշխարհում ամենաշատ արժեզրկված դրամական միավորը։

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ Անկարայի Չանկայա շրջանում ցուցարարները դուրս են եկել փողոց «Արդարություն և զարգացում կուսակցության» կառավարության հեռացման կոչերով։

Ստամբուլում Թուրքիայի Աշխատավորական կուսակցության անդամները մամուլի համար հայտարարություն են արել Կենտրոնական բանկի առջև։ Բողոքի ցույցերին մասնակցել են նաև Թուրքիայի կոմունիստական կուսակցության անդամները։ Ոստիկանությունը փակել է Ստամբուլի Թաքսիմ հրապարակը։ Հաղորդվում է, որ անվտանգության ուժերի լրացուցիչ ստորաբաժանումները տեղափոխվել են Ստամբուլի կենտրոն, որտեղ սկսել են թափ հավաքել հակակառավարական ցույցերը, բախումներ են գրանցվել իրավապահների ու ցուցարարների միջև:

Լիրայի անկման ֆոնին ընդդիմությունը հարց է բարձրացրել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության մասին՝ համարելով, որ երկրի ներկայիս ղեկավարությունը չի կարող հաղթահարել տնտեսական խնդիրները: Էրդողանը, սակայն, բացառել է արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունը՝ հայտարարելով, որ դրանք տեղի կունենան 2023-ին։

Թուրքական լիրան երեքշաբթի հերթական անգամ գերազանցել է իր անկման ռեկորդը՝ դոլարի նկատմամբ արժեզրկվելով մինչեւ 13,5 լիրա: Ընդ որում, տարեսկզբից թուրքական արժույթը արժեզրկվել է 70 տոկոսով, ինչը դարձել է վերջին տարիներին ազգային արժույթի արժեքի ամենախոշոր անկումներից մեկը: Այս տարվա հունվարին 1 դոլարի փոխարժեքը 7,3 լիրա էր։

Լիրայի արժեզրկումն արագացավ այն բանից հետո, երբ նախագահ Էրդողանը նոյեմբերի 23-ին հանդես եկավ ի պաշտպանություն տոկոսադրույքների կտրուկ անկման և խոստացավ հաղթել «անկախության համար մղվող տնտեսական պատերազմը»։

Էրդողանը Թուրքիայի Կենտրոնական բանկից պահանջում է ուժեղացնել մեղմացման քաղաքականությունը, ինչը, նրա խոսքով, կավելացնի արտահանման և ներդրումների ծավալները, սակայն այս ֆոնին գնաճը հասել է գրեթե 20 տոկոսի, իսկ լիրայի արժեզրկումն արագանում է։

Անցյալ շաբաթ Թուրքիայի Կենտրոնական բանկը նվազեցրել էր առանցքային տոկոսադրույքերից մեկը՝ որպես լիրայի փլուզման մեղմման և գնաճի կայունացման միջոց: Խոսքը աճուրդներում մեկշաբաթյա ռեպո տոկոսադրույքի մասին է (արժեթղթերի գրավադրմամբ միջոցների կարճաժամկետ փոխառություն), որը 16 տոկոսից իջեցվել է մինչև 15 տոկոս:

Թուրքական իշխանությունները, կարծես, մտադիր են շարունակել տոկոսադրույքների նվազեցման գործող տնտեսական ուղենիշը, ինչը շատ փորձագետներ ու քաղաքական գործիչներ անվանում են «Էրդողանոմիկա»։

Թուրքիայի տնտեսության և ֆինանսական հատվածի համար պատասխանատու պաշտոնյաները հայտարարում են, որ շարունակելու են իջեցնել տոկոսադրույքները՝ գիտակցելով, որ լիրան թուլանալու է։ Սակայն դա, նրանց կարծիքով, կբարձրացնի թուրքական ապրանքների մրցունակությունը, ինչը կավելացնի արտահանումը։

«Ինչպես նաև կներգրավի ներդրողների, որոնք բարենպաստ կհամարեն ներդրումային մթնոլորտը։ Բացի այդ, կստիպի մարդկանց երկրի ներսում հրաժարվել ներմուծվող ապրանքներից։ Դա կծառայի արտադրության ավելացմանը, կնվազեցնի գործազրկությունը, և ամենակարևորը՝ դա կնպաստի գնաճի նվազմանը», – նշում են նրանք։

Էրդողանն էլ իր հերթին ասում է, որ գիտի, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ տոկոսադրույքների նվազեցումից, և ինքը պատրաստ է դրանց։ Նրա նպատակն է ազատել տնտեսությունը «տոկոսադրույքների, փոխարժեքի և գնաճի կապանքներից»։

ՍիվիլՆեթի հետ զրույցում ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծիք է հայտնել, որ թուրքական լիրայի գահավիժումը պայմանավորված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոտեցումներով:

«Էրդողանը ճնշում է գործադրում Կենտրոնական բանկի վրա և պահանջում վարկերի տոկոսների արհեստական իջեցում», – ասել է թուրքագետը՝ հավելելով, որ նա դա հիմնավորում է իսլամի տեսանկյունից, որտեղ արգելվում է վաշխառությունը։

Մեկնաբանել