13 քաղաքացի թունավորվել է «Բուրգըրի»-ում և «Պանդոկ Երևան»-ում սնվելուց հետո

«Աղիքային վարակ» ախտորոշմամբ՝ 13 քաղաքացի հոսպիտալացվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում։ Հիվանդներն օգտվել են «Հայր և որդի Երեմյաններ» ընկերության «Բուրգըրի» և «Պանդոկ Երևան» հասարակական սննդի կազմակերպություններից: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ)։

«Նոյեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ՝ 13 քաղաքացի դիմել և հոսպիտալացվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում: Նրանց վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության: Պարզվել է, որ նոյեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում բոլոր հիվանդներն օգտվել են «Հայր և որդի Երեմյաններ» ընկերության «Բուրգըրի» (հասցե՝ Ամիրյան 3/37) և «Պանդոկ Երևան» (հասցե՝ Ամիրյան 5) հասարակական սննդի կազմակերպություններից»,- ասված է հաղորդագրությունում։

Հիվանդների մոտ ի հայտ են եկել սննդային թունավորմանը բնորոշ կլինիկական ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխում, ջերմության բարձրացում մինչև 38-40 աստիճան, լուծ:

ՀՎԿԱԿ-ից տեղեկացնում են, որ լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել է լվացուկների, կենսանմուշի, քթըմպանի քսուկի, խմելու ջրի և սննդամթերքի նմուշառում:

«​Նոյեմբերի 23-ի ժամը 10:00-ի դրությամբ հիվանդներից 4-ը դուրս են գրվել հիվանդանոցից, մնացածի վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են»,- հայտնում է կենտրոնը։

Մեկնաբանել