Նիդերլանդների խորհրդարանը բանաձևեր է ընդունել Հայաստանի դեմ Ադրբեջանի սադրանքների և հայ գերիների վերաբերյալ

Նոյեմբերի 23-ին Նիդերլանդների խորհրդարանը երկու բանաձև է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության և հայ գերիների վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունը:

Բանաձևերից մեկում խորհրդարանը կոչ է անում կառավարությանը՝ համատեղ աշխատել Եվրամիության հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության փաստերի վերաբերյալ անկախ հետաքննություն իրականացնելու նպատակով և կարժ ժամանակահատվածում արդյունքների մասին զեկուցել խորհրդարանին։

Երկրորդ բանաձևում հիշատակվում է Ադրբեջանում մարդու իրավունքների, ազատ խոսքի, մամուլի ազատության հարցերում առկա լրջագույն խնդիրների մասին, որոնք գնալով ավելի են խորանում։ Բանաձևն անդրադառնում է նաև Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների խնդրին։

«Հաշվի առնելով դեկտեմբերի 15-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին Ադրբեջանի մասնակցությունը՝ մի երկրի, որը հեռու է ԵՄ արժեքներից՝ Նիդերլանդների խորհրդարանը կոչ է անում կառավարությանը՝ Արևելյան գործընկերության շրջանակում ԵՄ-Ադրբեջան բանակցությունների ժամանակ հետևություններ անել վերոնշյալ իրավիճակներից»,- ասված է դեսպանատան հայտարարությունում։

Մեկնաբանել