Հայտնի է Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի մրցույթում հաղթողի անունը, ընկերությունը 500 մլն դոլար կներդնի

Երևանի մետրոյի նոր՝ «Աջափնյակ» կայարանի նախագծի մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: Ընկերությունն Հայաստանի կառավարությանը 500 մլն դոլար արժողությամբ մետրոպոլիտենի զարգացման նախագիծ է առաջարկել։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Նոր կայարանի նախագծման աշխատանքների և մետրոյի հեռանկարային զարգացման խնդիրները Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քննարկել է «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնի հետ։

«Երևանի քաղաքապետարանի կողմից բավականին բարդ աշխատանք է կատարվել, մենք մեր շուրջն ենք հավաքել մետրոպոլիտենի աշխատանքին տեղյակ բոլոր մասնագետներին, որոնք այս պահին Հայաստանում են և համախմբված կարողացանք անցկացնել այդ մրցույթը, որը վերաբերում է նախագծման փուլին: Մրցույթի նախապատրաստումը և անցկացումը տևեց համարյա մեկուկես տարի: Այս պահին մենք հասել ենք ավարտական փուլին. մրցույթն ունեցավ հաղթող, որի հետ արդեն ստորագրվել է պայմանագիր»,- նշել է քաղաքապետը:

«Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահը հանդիպման ընթացքում քաղաքապետին է ներկայացրել Աջափնյակի կայարանի նախագծման էսքիզային տարբերակները․ «Պետք է ինչ-որ բանից սկսել, և այն, որ մենք հաղթեցինք մետրոյի նոր կայարանի փոքրիկ մի հատվածի նախագծման մրցույթում, դա նույնպես լավ սկիզբ է ու նշանակում է, որ պետք է առաջ ընթանալ»,- նշել է նա։

«Մետրոգիպրոտրանս» ընկերությունն Հայաստանի կառավարությանը 500 մլն դոլար արժողությամբ մետրոպոլիտենի զարգացման նախագիծ է առաջարկել։ Ծրագրին շահավետ պայմաններով պատրաստ է աջակցել Արտահանման վարկերի ապահովագրության ռուսաստանյան գործակալությունը․ «Մենք այդ միջոցներով երևի կկարողանանք թարմացնել նաև հին մետրոպոլիտենի ենթակառուցվածքները, ու նաև կարող ենք նախատեսել քաղաքի այն հատվածները, դեպի ուր կարող են ընդլայնվել կայարանները»,- ասել է Վալերի Աբրամսոնը:

Նախագծի նախնական տարբերակով նախատեսվում է Հրազդանի վրայով կամուրջ կառուցել միայն մետրոյի համար, «Մետրոգիպրոտրանսն» առաջարկում է նաև երկրորդ հարկ կառուցել ավտոմեքենաների կամ հետիոտնի համար:

«Զրույցի ընթացքում կողմերը նկատել են, որ ցանկալի է նախընտրել ստորգետնյա կայարանի կառուցումը՝ կամրջի վրայի կայարանի փոխարեն, քանի որ ստորգետնյա կայարանները շատ ավելի հարմար են մետրոյից օգտվող մարդկանց համար և զանազան ենթակառույցների զարգացման հնարավորություն են տալիս»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում։

Մեկնաբանել