Փաշինյանի հնչեցրած մի շարք դիրքորոշումներ առնվազն մտահոգիչ են

nikol pashinyan

Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 23-ին 135 րոպե տևած հարցուպատասխանի ընթացքում այդպես էլ հստակություն չմտցվեց առավել առանցքային խնդիրներում ՀՀ ներկայիս կառավարության մոտեցումների վերաբերյալ, իսկ մի շարք հարցերի առնչությամբ հնչեցված դիրքորոշումներն առնվազն մտահոգիչ են։

  1. Փաշինյանն իր ելույթի ընթացքում չներկայացրեց Հայաստանի իշխանությունների տեսլականը Արցախի ապագայի վերաբերյալ։ Ոչինչ չասվեց նաև այդ տեսլականին հասնելուն միտված ՀՀ ռազմավարության և մարտավարության մասին։ Ինչպե՞ս է պատկերացնում Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության ապագան և ինչ ռազմավարություն է իրականացնելու իր պատկերացումներն իրականություն դարձնելու ոււղղությամբ։ Այս հարցերը չունեին պատասխան մինչև 2021-ի նոյեմբերի 23-ը, և չունեն պատասխան նոյեմբերի 23-ից հետո։ Մինչդեռ այս հարցում առկա անորոշությունն ուղղակիորեն խթանում է 2020-ի պատերազմից հետո Ադրբեջանի կողմից չօկուպացված տարածքներից հայ բնակչության արտագաղթը, ինչը կարող է հանգեցնել Արցախի նախիջևանացմանը՝ դրանից բխող անդառնալի հետևանքներով։
  2. Փաշինյանը նշեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը, անդամակցելով ԱՊՀ-ին, ինքնաբերաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Նա նշեց, որ այդ ճանաչումը Արցախի խնդրի հետ չի առնչվում, քանի որ Արցախի խնդիրը տարածքային խնդիր չէ։

    Առանց հավելյալ պարզաբանումների՝ նման հարցադրումները շատ վտանգավոր են, քանի որ միջազգային հանրության շրջանում ամրապնդում են Ադրբեջանի դիրքորոշումներն Արցախի խնդրում։ Արցախի խնդիրը որևէ առնչություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, քանի որ 1991-ի սեպտեմբերի 2-ին այն ժամանակ գործող ԽՍՀՄ և միջազգային օրենսդրությանը լրիվ համահունչ հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Խորհրդային Ադրբեջանի Շահումյանի շրջանի սահմաններում։ Հետևաբար, երբ Ադրբեջանի Գերագույն խորհուրդը 1991-ի հոկտեմբերի 18-ին ընդունեց Ադրբեջանի անկախության սահմանադրական ակտը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն արդեն Ադրբեջանի մաս չէր։ Այս առումով Հայաստանի Հանրապետության կողմից ԱՊՀ կազմավորման շրջանակում և այլ միջազգային հարթակներում ստորագրված փաստաթղթերով Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը որևէ առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, քանի որ Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։ Սակայն վարչապետն այս հիմնավորումները չներկայացրեց՝ ընդամենը բավարավելով հայտարարությամբ, որ Արցախի խնդիրը տարածքային խնդիր չէ։ Այդ դեպքում միջազգային հանրության մոտ հարց կարող է առաջանալ, իսկ 2021-ի հունիսին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ձևավորված Հայաստանի կառավարության համար ինչ է Արցախի հարցը։ Եթե Հայաստանի համար այն ընդամենը Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող էթնիկ հայերի իրավունքների պաշտպանության խնդիր է, որպեսզի, օրինակ, Ստեփանակերտում գործեն կիրակնօրյա հայկական դպրոցներ, կամ Արցախի ռադիոյով ադրեբեջաներենին զուգահեռ հնչեն հայերեն հաղորդումներ, ապա միջազգային հանրությունը կարող է պահանջել Ադրբեջանից որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն ապահովել այդ իրավունքները։
  3. Փաշինյանն իր ասուլիսի ընթացքում խոսեց նաև ՀՀ տարածքի մասին՝ նշելով, որ քարտեզները պետք է ունենան իրավաբանական հիմնավորում, և որ կառավարության համար հստակ է նախկին Խորհրդային Հայաստանի տարածքը միլիմետրերի ճշտությամբ և առկա իրավական հիմնավորումներով։ Իսկ ինչու չի հրապարակվում այդ քարտեզը, որպեսզի հատկապես սահմանային վայրերում ապրող ՀՀ քաղաքացիների համար պարզ լինի իրենց ապագան։ Գուցե կան գյուղեր, որոնց տարածքի մի մասը Խորհրդային Հայաստանի կազմում չի՞ եղել, և այնտեղ ապրող մարդկանց ապագայում սպասվում է Շուռնուխի բնակիչների ճակատագիրը։
  4. Վարչապետը հռետորական հարցադրում արեց՝ փորձելով հասկանալ, թե ինչ են նշանակում Ալիևի հայտարարություններն այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի տարածքում կարող են կանգնել այնտեղ, որտեղ ցանկանան։ Ի պաշտոնե Հայաստանի տարածքային ամբողջականութան և անվտանգության ապահովման երաշխավորից նմանատիպ անհասցե հռետորական հարցադրումներ լսելն առնվազն տարօրինակ է։ Դա իրենց կարող են թույլ տալ Հարավային Կովկասով զբաղվող օտարերկրյա փորձագետները կամ լրագրողները, մինչդեռ վարչապետը պարտավոր է քայլեր ձեռնարկել շուրջ վեց ամիս տևող ՀՀ տարածքի մի մասի օկուպացիային վերջ տալու ուղղությամբ, այլ ոչ թե զարմանալ կամ դժգոհել ադրբեջանական ուժերի հերթական առաջխաղացման փաստով։
  5. Տարօրինակ էր նաև վարչապետի հարցադրումն այն մասին, թե արդյոք Ադրբեջանը և Թուրքիան ցանկանում են շարունակել հայ ժողովրդի ցեղասպանությունը, և եթե պատասխանը բացասական է, ապա Հայաստանը պատրաստ է հարաբերությունների կարգավորման։ Նախ 2020-ի պատերազմում և պատերազմից հետո անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի և Թուրքիայի իրականացրած միջազգային և միջազգային մարդասիրական իրավունքի բազմաթիվ փաստագրված խախտումները, այդ թվում գերիների կտտանքներն ու սպանությունները, պետք է որ վարչապետի մոտ հստակ պատկերացում ձևավորեին այդ երկու պետությունների ռազմավարական նպատակների մասին։ Միևնույն ժամանակ միջպետական հարաբերությունները և պետությունների քաղաքականությունը բաղկացած չեն սոսկ երկու ծայրահեղություններից՝ կա՛մ ցեղասպանության կազմակերպում, կա՛մ բարիդրացիական հարաբերություններ։ Ենթադրենք՝ Թուրքիան և Ադրբեջանը հրաժարվում են հայ ժողովրդի ցեղասպանության շարունակման մտքից և պատրաստակամություն են հայտնում թույլ տալ հայերին շարունակել բնակվել Արցախում, Սյունիքում և Գեղարքունիքում այդ տարածքների՝ Ադրբեջանի կազմում հայտնվելուց հետո։ Նրանք կարող են որպես բարի կամքի դրսևորում նույնիսկ առաջարկել պահպանել այդտեղ գործող հայկական դպրոցների գործունեությունը ադրբեջանական դպրոցներին զուգահեռ։ Վարչապետի երեկվա ավելի քան երկու ժամ տևած ելույթը հստակ պատասխան չտվեց, թե արդյոք նման հեռանկարն անընդունելի է ՀՀ գործող իշխանությունների համար, թե այն կարող է տեղավորվել տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու ռազմավարության մեջ։

․․․

Ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանի ավելի քան երկու ժամ տևած հարցուպատասխանը ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության նախօրոք ուղարկված հարցերին դժվար է լիարժեք մամուլի ասուլիս անվանել, որովհետև վարչապետը հնարավորություն ուներ զտելու իրեն ուղղված հարցերը և պարզապես չապատասխանելու առավել սուր կամ անհարմար հարցադրումներին, ինչն անհնար կլիներ լրագրողների ֆիզիկական ներկայության պայմաններում։ Այնուամենայնիվ, նույնիսկ այսպիսի սահմանափակ ձևաչափով անցկացված շփմանը հասարակությունը մեծ անհամբերությամբ էր սպասում, քանի որ հսկայական թվով հարցեր էին կուտակվել Հայաստանի և Արցախի կենսական շահերին ուղղված սպառնալիքները չեզոքացնելու կառավարության ծրագրերի վերաբերյալ։