Մի՛ լսեք՝ ինչ են ասում մասնագիտությունների մասին ձեր շրջապատում․ խորհուրդներ՝ շրջանավարտներին

Ինչպես նշում են կրթության հետազոտողները, հանրակրթությունը ունի հանրայնորեն ճանաչված նպատակներ՝ գիտելիքների և հմտությունների ձևավորում, համակեցության փորձի ձեռք բերում, ինչպես նաև ստվերային նպատակներ, որոնց մասին շատ չի խոսվում։ Օրինակ, դպրոցները ապահովում են երեխաների համար անվտանգ և վերահսկվող տարածք, որպեսզի ծնողները ազատ աշխատանքի հաճախեն։ Նաև դպրոցները դասակարգում են երեխաներին՝ դրանով կանխորոշելով նրանց ապագայի կյանքի ճանապարհը։ Մինչև դպրոց գալը երեխան բոլոր իր հասակակիցների նման փոքր, պայծառ մարդուկ է։ Դպրոցը ավարտելիս շրջանավարտներից մեկն իրեն տեսնում է ապագա գիտնական, մյուսը՝ ապագա բիզնեսմեն, իսկ երրորդը՝ տանը նստած անբան։

Խնդիրն այն է, որ մեր դպրոցների մեծամասնությունում այս դասակարգումը ընթանում է անկառավարելի և առանց համակարգային մոտեցման։ Երեխաների մի մասը ապագա մասնագիտության ընտրություն կատարելիս ելնում է «սիրված առարկաներից», ինչը սուբյեկտիվ է, և շատ հաճախ կապված է ուսուցչին սիրելու հետ։ Մյուս մասը ելնում է ծնողների պատկերացումից, թե որ մասնագիտություններն են առավել պահանջված։ Օրինակ՝ այս պահին Հայաստանում ծրագրավորողները լավ են վարձատրվում, ուրեմն՝ անկախ քո իրական հետաքրքրություններից և բնավորության առանձնահատկություններից պիտի ընտրես ծրագրավորողի մասնագիտությունը, որ կարողանաս լավ վաստակել և «տուն պահել»։

Անգամ եթե ուսուցիչները ցանկանան միջամտել այս գործընթացին, դժվար է պատկերացնել, թե ինչ ուղղորդում կարող են տալ․ միակ մասնագիտությունը, որի մասին նրանք լավ պատկերացում ունեն, մանկավարժությունն է։ Ուրեմն, նրանք միայն կարող են ուղղորդել երեխաներին դառնալ ուսուցիչ։

Լավ, այդ դեպքում ինչպե՞ս է պետք ընտրել մասնագիտությունը։ Որպեսզի մի բան ընտրես, պիտի պատկերացնես, թե ինչ ես ընտրում։ Ի՞նչ է մասնագիտությունը 21-րդ դարում։

1. Այսօրվա շրջանավարտները իրենց կյանքի ընթացքում ամբողջությամբ կփոխեն մասնագիտությունը առնվազն հինգ անգամ։ Նրանց աշխատանքային կյանքը լինելու է երկար՝ առնվազն 50 տարի։ Սա նշանակում է, որ շրջանավարտները բազմիցս ստիպված են լինելու վերադառնալ կրթական միջավայր նոր մասնագիտության համար անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու համար։

2. Արդի մասնագիտությունների ցանկը անընդհատ փոխվում է։ Կանխատեսվում է, որ այսօր առկա բազմաթիվ մասնագիտություններ ապագայում գրեթե անհետանալու են, օրինակ, հաշվապահի, նոտարի, վարորդի, քարտուղարի, բանկային աշխատողի և այլ մասնագիտությունները։ Շատ այլ մասնագիտությունների պահանջարկը կտրուկ նվազելու է, օրինակ, ծրագրավորման շատ ուղղություններում։

3. Մասնագիտությունների բովանդակությունը, այսինքն՝ անհրաժեշտ հմտությունները, աշխատանքի ոճը, աշխատելու ձևը նաև փոխվում են և դեռ փոխվելու են շատ մասնագիտությունների պարագայում, քանի որ փոխվում են տեխնոլոգիաները և ակնկալիքները։ Օրինակ՝ ժամանակակից գործարաններում բանվորները այսօր աշխատում են սպիտակ զգեստով և հիմնականում սեղմում են կոճակներ, այլ ոչ թե ծանր գործ անում։

4. Այս ամենի արդյունքում «մասնագիտություն» հասկացությունը դարձել է շատ ավելի անորոշ, և առավել կարևորվում է տարբեր մասնագիտություններին միաժամանակ տիրապետելը, դրանց հատման գծերում գործելը այսօր առավել արդիական է և պահանջված։

Մինչ այս ամենից հետևություններ անելը, ներկայացնեմ մի տեսություն, որը մշակել է ամերիկացի գիտնական Բլումը նախորդ դարի կեսերին, և որը, որոշ փոփոխություններով, ակտիվորեն կիրառվում է մինչև այսօր։

Խոսքը այսպես կոչված Բլումի հմտություննների դասակարգման մասին է։ Նա դասակարգել է մարդկանց կողմից կիրառվող հմտությունները ըստ բարդության՝ պատկերելով դրանք որպես շերտավոր բուրգ։ Ամենաստորին շերտում գտնվում է փաստացի գիտելիքի կուտակումը՝ հիշելը, որը բնորոշ է ոչ միայն մարդուն, այլև շատ կենդանիների։ Դրա վերևում գտնվում է հասկանալը, որը հիմնականում ենթադրում է երևույթների դասակարգում և դրանց միջև կապերի հաստատում։ Հետո գալիս է կիրառումը, իսկ դրանից վեր արդեն զուտ մարդկային հմտություններն են՝ վերլուծելը, գնահատելը և ստեղծելը։ Հետաքրքիրն այն է, որ բուրգի միայն ստորին երկու շերտերը՝ փաստացի գիտելիքը և հասկանալն են, որ կապված են ոլորտի հետ։ Վերևի շերտերը՝ վերլուծությունը, գնահատումը, ստեղծելու ունակությունը ընդհանրական են։ Այսինքն, եթե մարդը փոխում է մասնագիտությունը, իր համար անհրաժեշտ չէ վերստին ձեռք բերել այս բուրգի բոլոր շերտերում առկա հմտությունները։ Եթե վերին շերտերի կարողությունները առկա են և բավարար զարգացած են, ապա ստորին շերտերը լրացնելը, կախված մարդու առկա գիտելիքներից և փորձից, կարող է տևել կես տարուց մինչև երեք տարի, ընդ որում մասնագիտություն փոխելը և դրա հետ կապված անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերելը կարող է դառնալ առանձին հմտություն՝ կրճատելով դրա համար անհրաժեշտ ժամանակը։

Ըստ հեղինակավոր «Համաշխարհային տնտեսական ֆորում» կազմակերպության անցկացրած մեծածավալ հետազոտությունների՝ հենց այս բուրգի վերին շերտերի հմտություններն են, որ ամենաբարձր պահանջարկը ունեն այսօրվա աշխատաշուկայում։

Ուրեմն, մենք հասկացանք, որ աշխարհը փոփոխական է, որ ապագայում մարդիկ բազմաթիվ անգամ փոխելու են իրենց մասնագիտությունը, և որ մասնագիտությունները իրենք էլ փոփոխական բնույթ ունեն։ Արդեն այսօր աշխատաշուկայում պահանջված են ոչ միայն մասնագիտական կարողությունները, այլ բարձր կարգի հմտությունները և գործունեության ոլորտը արագ փոխելու կարողությունը։

Իսկ սա նշանակում է, որ դպրոցը պետք է ոչ այնքան մտածի նրա մասին, թե ինչ մասնագիտությամբ կշարունակի աշակերտը, այլ կենտրոնանա բարձր կարգի հմտություններ ձևավորելու վրա։ Դասերին ոչ թե պետք է փաստացի գիտելիքի վրա կենտրոնանալ, այլ վերլուծելու, տարբեր երևույթներ համադրելու, խնդիրներ լուծելու, որոշումների գալու, ստեղծելու և ստեղծագործելու վրա։

Դպրոցը պետք է ջանք գործադրի, որ աշակերտները կարողանան փորձել իրենց տարբեր ոլորտներում կամ գոնե պատկերացում կազմեն այդ ոլորտների մասին։ Լավ կլինի, եթե ավագ դպրոցի աշակերտները կարողանան ամռանը որպես փորձնակներ աշխատել տարբեր կազմակերպություններում։

Ծնողները պետք է խթանեն իրենց երեխաների հետաքրքրությունները՝ հնարավորինս աջակցելով տարատեսակ փորձառություններ ձեռք բերելուն։ Եթե երեխան հետաքրքրված է, ասենք, ավտոմեքենաներով, տարեք ձեռ ընկերոջ մոտ, որը մեքենաներ է վերանորոգում, թո՛ղ երեկոյան աշխատի այնտեղ որպես օգնական։ Եթե տարված է կենդանիներով, տանը կենդանի ունեցեք, թո՛ղ խնամի։ Եթե նրան հետաքրքիր է, թե ինչպես են աշխատում սարքերը, գտեք հնացած սարքեր և տվե՛ք, որ քանդի և ուսումնասիրի։

Սակայն հիմնական իմ ուղերձը կլինի աշակետրներին։ Մի՛ լսեք, թե ինչ են ասում մասնագիտությունների մասին ձեր շրջապատում։ Ոչ ոք չգիտի, թե ինչ մասնագիտություններ են պահանջվելու ընդամենը մի քանի տարի հետո։ Ընտրեք այն ոլորտը, որը ձեզ ամենաշատն է ոգևորում, որպեսզի ձեր ուսումը լինի հետաքրքիր և կլանող, քանի որ միայն այդ դեպքում դուք ձեռք կբերեք այդ շատ կարևոր բարձր կարգի հմտությունները։ Հետո կկարողանաք վերանայել ձեր որոշումը և փոխել ոլորտը։

Պատրաստվեք նրան, որ ուսումը չի ավարտվելու դպրոցում կամ համալսարանում․ դուք սովորելու եք ամբողջ կյանքում, և անընդհատ նոր հմտություններ եք ձեռք բերելու։ Ամենակարևորն այն է, որ որևէ փուլում ուսումը չդառնա ձեզ համար ծանր բեռ, չլինի պարտադրված, չվերածվի անցանկալի հոգսի, քանի որ դա կարող է կործանել ձեր ապագան։

Մեկնաբանել