Հակասող պնդումներ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից

Նիկոլ Փաշինյան

Հովհաննես Նազարեթյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ի ասուլիսում հնչեցրեց մի քանի հայտարարություններ, որոնք տարակուսանք են առաջացնում։

Նոյեմբերի 9-ի չկայացած հանդիպման մասին

2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տարելիցից առաջ հայկական մամուլում լայնորեն քննարկվում էր, որ այս տարվա նոյեմբերի 9-ին սպասվում է նոր եռակողմ հանդիպում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև և, հնարավոր է, մեկ այլ հայտարարության կամ փաստաթղթի ստորագրում։

Այս հարցին Փաշինյանը անդրադարձել էր նոյեմբերի 7-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նա նշել էր, որ նոյեմբերի 9-ին հանդիպում անցկացնելու որևէ պայմանավորվածություն չկա։ «Մենք ընդհանրապես ասել ենք, որ մենք դեմ չենք հանդիպումներին, բայց շատ կարևոր է այդ հանդիպումների կոնտեքստը, այդ հանդիպումների սիմվոլիկան, այդ հայտարարություններից ակնկալվող պոտենցիալ արդյունքը»,- նշել էր նա։

Նոյեմբերի 23-ի ասուլիսին, մինչդեռ, Փաշինյանն ընդունեց, որ առաջարկություն է եղել նոյեմբերի 9-ին առցանց եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ, բայց նա հստակ ասել է, որ այդ օրը «դժվար, ծանր, դառը օր է մեզ համար», և առաջարկել հանդիպումը տեղափոխել նոյեմբերի 15: Փաշինյանը նշել է, որ պատրաստ է «դառնությունը վերցնել» իր վրա և մասնակցել հանդիպմանը, եթե հանդիպման արդյունքներով հնարավոր լինի համաձայնել կոնկրետ արդյունքի շուրջ, օրինակ՝ լուծել գերիների հարցը։

Սահմանների և անկլավների մասին

Ասուլիսին Փաշինյանը իրարամերժ հայտարարություններ արեց Հայաստանի սահմանների և անկլավների մասին։ Նա սկզբում պնդեց, որ կառավարությունը «միլիմետրի ճշտությամբ» գիտի, թե որտեղով են անցնում Խորհրդային Հայաստանի սահմանները, որոնք նա նկարագրեց որպես «դե յուրե նշանակություն ունեցող սահմաններ»։

Մեկ այլ հարցի պատասխանելի վարչապետը հայտարարեց, որ պետք է հասկանալ՝ արդյոք քարտեզի վրա երևացող անկլավների գոյությունը ունի որևէ իրավական հիմք, թե ոչ։ Նա ասաց. «Թե՞ դա ուղղակի քարտեզի վրա արված ուրվագիծ է և երկու ասենք՝ կոլխոզների որոշում, որ մենք ասենք՝ էս մի կոլխոզը էս մի տարածքը նվիրում ա եղբայրական Ադրբեջանին և այլն։ Դա իրավական հիմք ունի՞, թե՞ չունի։ Մենք խիստ կասկածում ենք, որ դա իրավական հիմք ունի»։

Ստացվում է, որ Հայաստանի կառավարությունը «միլիմետրի ճշտությամբ» գիտի երկրի դե յուրե սահմանները, կասկածի տակ չի դնում դրանց՝ ի վնաս Հայաստանի երբեմնի փոփոխությունները, սակայն անկլավների առաջացման շուրջ արդեն կասկած է հայտնում։

Այլընտրանքային ճանապարհներին մասին

Պատասխանելով հարցին, թե ինչու Սյունիքում ավելի վաղ՝ պատերազմից անմիջապես հետո չեն կառուցվել այլընտրանքային ճանապարհներ, Փաշինյանը նկատեց, որ իրենք չգիտեին, թե ինչպես կզարգանան իրադարձությունները․ «Եթե առաջնորդվեինք այն կանխավարկածով, որ Հայաստանը դիտավորյալ Ղարաբաղը տալիս էր…. տրամաբանական կլիներ, որ էդ ամեն ինչը նախապես արված լիներ և էդ հանձնելու բոլոր նախապատրաստական չակերտավոր գործողությունները արված լինեին»։

Փաշինյանի այս հայտարարությունը հակասում է նախկինում իր իսկ հնչեցրած մտքերին և կառավարության գործողություններին։

Դեռ անցած տարվա դեկտեմբերի 16-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Փաշինյանը հայտարարել էր, որ Գորիս-Կապան մայրուղին՝ «Խորհրդային Միության ժամանակների գոյություն ունեցող սահմանի տրամաբանությամբ, այդ ճանապարհի 21 կմ-ոց հատվածը երբեմն տեղ-տեղ դուրս է գալիս Հայաստանի տարածքից, և հիմա շատ կարևոր է, որպեսզի մենք այդ ճանապարհի բնականոն և անվտանգ գործունեությունը կարողանանք ապահովել»։

Այդ ճանապարհը Ադրբեջանը ժամանակավորապես փակեց օգոստոսի վերջին՝ Փաշինյանի հայտարարությունից շուրջ ինն ամիս անց։ Արդեն նոյեմբերի 10-ին Ադրբեջանը անցակետեր տեղադրեց Գորիս-Կապան մայրուղու վրա՝ փաստացի դադարեցնելով երթևեկությունը այդ ճանապարհով։

Փաշինյանը, որը, փաստորեն, ինքն է ընդունել, որ Գորիս-Կապան մայրուղու անցանելիությունը հնարավոր է խաթարվի, միայն այս տարվա հունիսի 17-ին որոշեց հիմանորոգել Տաթև-Աղվանի գյուղերով անցնող այլըտրանքային ճանապարհը։ Այս ճանապարհի ասֆալտապատումը ավարտվեց նոյեմբերին սկզբին, գրեթե այն ժամանակ, երբ Ադրբեջանը անցակետեր տեղադրեց։

Փաշինյանը որևէ կերպ չբացատրեց, թե ինչու է կառավարությունը այդքան ուշ որոշում կայացրել այլընտրանքային ճանապարհի հիմնանորոգման մասին։

Սահմանազատում և սահմանագծում

Հարցին՝ արդյոք կառավարությունը կբացահայտի՞ սահմանազատման և սահմանագծման բանակցությունների բովանդակությունը, Փաշինյանը նշեց, որ թյուրըմբռնում կա այդ գործընթացների շուրջ։ Փաշինյանը նկատեց, որ հնարավոր ստորագրվելիք փաստաթուղթը չի կարող լինել սահմանազատման և սահմանագծման արդյունքների՝ այսինքն հենց սահմանի մասին, այլ կլինի Հայաստանի և Ադրբեջանի կողմից այդ հարցով զբաղվող հանձնաժողովի ձևավորման մասին։

Սահմանազատման և սահմանագծման գործընթացը, իրոք, ինչպես նշում է Փաշինյանը, հեշտ գործընթաց չէ։ Այսպես, օրինակ, Վրաստանի հետ Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովը ստեղծվել է 1996 թվականին և գործում է մինչս օրս, քանի որ երկու երկրների միջև պետական սահմանը դեռ ամբողջությամբ չի սահմանազատվել և սահմանագծվել։ Ընդհանուր 225 կմ երկարություն ունեցող հայ-վրացական պետական սահմանից համաձայնեցված է 147 կմ-ը, իսկ 78 կմ-ը՝ դեռ ոչ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը մի քանի անգամ երկար է՝ շուրջ 1000 կմ։

Մեկնաբանել