Զտված և խտրական․ ինչպես ընթացավ վարչապետի ասուլիսը և ինչ հարցերի նա չպատասխանեց

Նիկոլ Փաշինյան

Արշալույս Բարսեղյան

Տևական դադարից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը տվեց 2021-ի ի առաջին ֆեյսուբքյան ասուլիսը։ Նա նոյեմբերի 22-ին ֆեյսբուքյան հրապարակմամբ տեղեկացրեց, որ հաջորդ օրը՝ երեկոյան պատասխանելու է լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին: Հարցեր ուղարկելու համար տրամադրվեց շուրջ մեկ ու կես ժամ։ Ստացված հարցերի խմբավորման համար վարչապետի աշխատակազմը ունեցավ շուրջ մեկ օր։ Սակայն առկա էին բացեր։

Խտրական մոտեցում

Նիկոլ Փաշինյանը 2 ժամ 15 րոպե պատասխանեց ստացված հարցերին։ Այս անգամ հարցեր հնչեցնողը ոչ թե վարչապետի մամուլի խոսնակն էր, որի պաշտոնը թափուր է, այլ ասուլիսի հեռարձակումը կազմակերպպած Հանրային հեռուստաընկերության հեռուստամեկնաբան Տաթևիկ Դանիելյանը։ Մեկնաբանը նշեց, որ հարցերը շատ-շատ են եղել, որոշ լրատվամիջոցներ անգամ 20-ին հասնող հարցեր են ուղարկել․ «Այդ պատճառով յուրաքանչյուր լրատվամիջոցից կամ ՀԿ-ից կհնչեցնենք մեկ-երկու հարց»։

Այս մոտեցման արդյունքում որոշ խմբագրություններ հնարավորություն ունեցան «հարց ուղղելու» մեկից ավելի անգամ, մյուսներից հարց առհասարակ չհնչեց։ Մեկից ավելի անգամ հնչեցին Արմենպրեսի, Հանրային հեռուստաընկերության, Ազատություն ռադիոկայանի, Սպուտնիկ Արմենիայի և Ինֆոքոմի հարցերը։ Վերջինը մի դեպքում ներկայացված էր որպես լրատվամիջոց, մյուս դեպքում՝ «Ինֆորմացիոն կոմիտե» տեղեկատվական հասարակական կազմակերպություն։

Հարցերը խմբավորված էին, կրկնությունները՝ պահպանված

Ստացված հարցերը, ինչպես նշեց լրագրողը, «տեսակավորել էին» ըստ թեմաների․

  • սպասվող բանակցույթուններ,
  • նոյմբերի 14-16-ի իրադարձություններ,
  • դելիմիտացիա և դեմարկացիա,
  • անվտանգային հարցեր։

Հեռուստամեկնաբանը վարչապետին տեղեկացրեց՝ չզարմանա, եթե մի քանի նմանատիպ հարց հնչեցնի իրար հետևից։ Սակայն այդ կրկնությունները թե՛ ժամանակ խլող էին, թե՛ ձանձրացնող, իսկ որոշ տեղերում նաև՝ չտրամաբանված։

Օրինակ, մամուլի ասուլիսի սկզբում երկու հարց հնչեց Բրյուսլում Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպման մասին։ Եվ միայն որպես երրորդ հարց հնչեց նման հանդիպման լինել-չլինելու մասին վերջնական որոշման մասին․ «Կա՞ արդյոք վերջնական որոշում Բյրուսելում Իլհամ Ալիևի հետ հանդիպման հետ կապված […]»։

Կամ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զորքերի և զինտեխնիկայի կուտակման մասին ասուլիսի տարբեր հատվածներում հնչեց երեք հարց։ Մի դեպքում Ադրբեջանի միջանցքային տրամաբանության և զորքերի կուտակման մասով Հանրային հեռուստաընկերության լրագրողի հարցը հնչեց՝ Բրյուսելի հանդիպումը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ և արդյոք կա՞ նոր պատերազմի վտանգ։ Մոտ մեկ ժամ անց ընթերցվեց Արմենպրեսի հարցը՝ արդյոք տարածվող լուրեը ճի՞շտ են, կա՞ն կուտակումներ և մեր զինված ուժերը պատրաստության ի՞նչ մակարդակի են բերված, լայնամասշտաբ բախումների ռիսկ կա՞։ Քիչ անց «Բարի մամա» ՀԿ-ի հարցը ընթերցվեց՝ «Հաշվի առնելով զորքի ու զինտեխնիկայի կուտակումները՝ ինչո՞ւ այս պահին ռազմական դրություն, մոբիլիզացիա չի հայտարարվում»։

Արտահերթ հարցերի ու երկար պատասխանների արանքում կորավ լրատվամիջոցի հարցը

Ուշագրաավ է, որ մոդերատորը տեղ-տեղ ինքը իր կողմից հարցեր էր հնչեցնում ու մեկնաբանություն անում։ Օրինակ՝ առաջարկեց Փաշինյանին նրա չհրապարկած 80 էջ ելույթի տեքստը պահել՝ հետագայում գրքում ներառելու համար։ Ավելին, այս հարցեր-մեկնաբանությունների և վարչապետի երկար պատասխանների արդյունքում դուրս մնաց կամ ժամանակ չեղավ հնչեցնելու Кавказский Узел-ի հարցը, որը լրագրողը սկսեց կարդալ, բայց այդպես էլ չավարտեց։

Լրատվամիջոցները՝ դուրս, տելեգրամյան ալիքը՝ մեջ

Այս իշխանությունը օրենսդրական մակարդակով սկսել է պայքարել չնույնականացվող աղբյուրների դեմ։ Ավելին, մի շարք տվյալների չհրապարակման դեպքում (խմբագրության մասին տեղեկություն, ֆինանսական հոսքեր) առաջարկում են լրատվամիջոցներին չհավատարմագրել պետական կառույցներում։ Սակայն նույն այս կառավարության ղեկավարը պատասխանում է չգրանցված լրատվամիջոցի, ավելին՝ տելեգրամյան ալիքի հարցին, որը ասուլիսին ներկայացվում է իբրև լրատվական գործակալություն: Սակայն ալիքը ուսումնասիրելիս պարզվում է, որ այն գործակալության է վերածվելու հաջորդ տարի՝ 2022-ին։

Այս ամենի արդյունքում ասուլիսին չի հնչում շուրջ տասը հարց, որոնց թվում են ՍիվիլՆեթի ուղարկած հարցերը։ Այն վերբերում էր խմբագրության հետաքննություններին, որոնք բացահայտում էին բարձրաստիճան պաշտոնյաներին առնչվող կոռուպցիոն ռիսկերը։ Մի դեպքում Ազգային ժողովի նախագահի եղբոր ղեկավարած ընկերությունը հաղթում է խոշոր մրցույթներում, մյուս դեպքում՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի ընկերությունը մեկ անձից ընթացակարգով խոշոր պետական պատվերներ է ստանում։ Մյուս հարցը վերաբերում էր, թե արդյոք ՀՀ կառավարությունն ունի դիրքորոշում Լեռնային Ղարաբաղ քաղաքական միավորման սահմանների վերաբերյալ։

Մեկնաբանել