Թուրքիան թող ինքն իրեն հորդորի զորքերը Կիպրոսից դուրս բերել. Շ.Քոչարյան

Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսպես է անդրադարձել ԼՂՀ-ում նախագահական ընտրությունների հետ կապված Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությանը:

«Իր նմանատիպ դասեր տալու այդքան բուռն ցանկությունը Թուրքիան կարող է բավարարել` ինքն իրեն հորդորելով ընտրություններ չկազմակերպել և օկուպացիոն զորքերը դուրս բերել Կիպրոսի հյուսիսային մասից:

Իսկ եթե Թուրքիայի կողմից Ադրբեջանի շահերով առաջնորդվելը կեղծ չէ, ապա պատեհ առիթ է, որպեսզի Թուրքիան առաջարկեր Ադրբեջանին ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու և ժողովրդավարական արժեքների վրա հիմնված պետություն կայացնելու դասեր քաղել Լեռնային Ղարաբաղի հանրապետությունից»,-նշել է Քոչարյանը:

Հիշեցնենք, որ Բաքվի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ այդ ընտրությունները լեգիտիմ չեն, քանի որ դրանց չի մասնակցում ադրբեջանական հանրությունը և դրանց վերաբերյալ չի եղել Բաքվի համապատասխան կառույցների թույլատրությունը. որ ընտրությունները խախտում են Ադրբեջանի սահմանադրությունը, իսկ ԼՂՀ ընտրությունները մշտադիտարկող միջազգային դիտորդները հայտնվելու են Ադրբեջանի` անցանկալի մարդկանց ցուցակում, և նրանց մուտքն իրենց երկիր արգելվելու է: Իսկ Թուրքիան հանդես էր եկել հայտարարությամբ` ԼՂՀ նախագահական ընտրությունները որակելով` որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտող քայլ:

Մեկնաբանել