Այսօր Սոչիում կհանդիպեն Պուտինը, Փաշինյանը և Ալիևը

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Սոչիում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Բացի եռակողմ բանակցություններից, Պուտինը նաև երկկողմ հանդիպումներ կանցկացնի Փաշինյանի և Ալիևի հետ։

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Սոչիում քննարկելու են 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը։

Այսօրվա հանդիպմանն ընդառաջ՝ նոյեմբերի 24-ին, Ադրբեջան և Հայաստան էր այցելել Ռուսաստանի փոխվարչապետ, ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբում Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսեյ Օվերչուկը։ Բաքվում և Երևանում Օվերչուկը հանդիպումներ էր ունեցել Ալիևի և Փաշինյանի հետ։ Նույն օրը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ակնկալվում էր, որ պատերազմի ավարտի տարելիցի օրը՝ նոյեմբերի 10-ին, կամ առնվազն նոյեմբերի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում առցանց ձևաչափով կայանալու է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, ինչի մասին նշել էր նաև Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Սակայն նոյեմբերի 7-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետը հայտարարեց, որ նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել։

Դրանից հետո՝ նոյեմբերի 11-ին Ադրբեջանը մաքսակետեր տեղադրեց Գորիս-Կապան ճանապարհի իր կողմից վերահսկվող հատվածում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետեր տեղադրելու այլընտրանքը լինելու էր միջանցքային տրամաբանությունը։ Նոյեմբերի 15-ին ադրբեջանական մաքսակետեր տեղադրվեցին նաև Կապան-Ճակատեն ճանապարհի վրա: Այս գործընթացներին զուգընթաց իրավիճակը աստիճանաբար սրվում էր նաև առաջնագծում և նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում եղավ 44-օրյա պատերազմի ավարտից հետո ամենամեծ ռազմական էսկալացիան, որը կանգնեցվեց ռուսական կողմի միջնորդությամբ։

Կառավարության նոյեմբերի 18-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկություններով, որն ընդունելի է Հայաստանի համար։

Նոյեմբերի 19-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, և վերջիններս համաձայնել են դեկտեմբերի 15-ին նախատեսված Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում հանդիպում ունենալ։

Նոյեմբերի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից երկու օր անց Կրեմլը հայտարարեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման մասին։

Հակոբ Ասլանյան

Մեկնաբանել