Մոսկվան հուսով է՝ Սոչիում կհաջողվի նախանշել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղիները

Mid mfa russia

Ռուսական կողմը հուսով է, որ Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպմանը կհաջողվի նախանշել Բաքվի և Երեւանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարային ուղղությունները: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։

«Հանդիպումը, ընդհանուր առմամբ, նպատակ ունի ամփոփել անցած տարվա նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի եռակողմ համաձայնագրի արդյունքները, տեսնել, թե ինչ է արվել և ինչ կարելի է անել հետագայում խաղաղ գործընթացն առաջ մղելու համար, ընդհանրապես, թե ինչպես կարելի է խթանել երկու երկրների հարաբերությունների հետագա կարգավորման գործընթացը։ Մենք հուսով ենք, որ այդ հանդիպմանը երեք երկրների առաջնորդները, որոնք ստորագրել են համաձայնագիրը, կնշեն այդ հեռանկարային ուղղությունները»,- ասել է Ռուդենկոն։

Ռուսաստանի փոխարտգործնախարարը նշել է, որ «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի» կարգավորման գործընթացում շարունակում են չլուծված մնալ բոլորին հայտնի խնդիրները․ «Դրանք վերաբերում են և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը։ Ցավոք, ժամանակ առ ժամանակ մենք ականատես ենք լինում որոշակի զինված միջադեպերի և նույնիսկ մարդիկ են զոհվում»,- ասել է նա:

Մեկնաբանել