Սյունիքի գյուղեր․ մարդահամար, առկա բնակչություն, միտումներ

Հովհաննես Նազարեթյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նոյեմբերի 23-ի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ խոսելով Սյունիքի մարզի վեց գյուղերի մասին, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական անցակետի տեղադրման հետևանքով, անդրադարձավ նաև այդ գյուղերի բնակչությանը՝ զարմանք հայտնելով, որ այնտեղ բնակվում է «ընդամենը 250 ընտանիք»։

«Բացում եմ, ինտերնետում փնտրում եմ մարդահամարի տվյալները և տեսնում եմ, որ դա իսկակապես էդպես է (բնակչության թիվը – խմբ.) և տեսնում եմ վերջին մարդահամարի տվյալները, տեսնում եմ բնակչության թիվը ոնց է անկում ապրել։ Իսկ մենք Սյունիքի կենացներ ենք խմում…»,- հայտարարեց Փաշինյանը։

Ինչպես ՍիվիլՆեթին հայտնեց Սյունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանը, վարչապետի վկայակոչած վեց գյուղերը՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ և Շիշկերտ, ընդհանուր ունեն շուրջ 560 բնակիչ՝ 255 ընտանիք։ Այս վեց գյուղերի առկա բնակչությունը 2001-ին եղել է 1 142, իսկ 2011-ին՝ 846։ Այսինքն վերջին 20 տարում այս գյուղերի բնակչությունը կիսով չափ նվազել է։

Սյունիքի բնակչության շրջանում առկա միտումները

Ինչպես Հայաստանի մյուս մարզերի դեպքում, Սյունիքի մարզում էլ բնակչությունը անկախության տարիներից ի վեր նվազել է։ 2001 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով՝ մարզի մշտական բնակչությունը կազմում էր 152 684, իսկ առկա բնակչությունը՝ 134 061։ Տասը տարի անց՝ 2011-ին, անցկացված մարդահամարի տվյալներով՝ մարզի մշտական բնակչությունը կազմել էր 141 771, իսկ առկա բնաչությունը՝ 119 873։ Ըստ Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների՝ 2021թ. հունվարի 1-ի դրությամբ՝ Սյունիքի մշտական բնակչությունը կազմում է 135 800՝ 2011-ի մարդահամարից շուրջ վեց հազարով քիչ։

Առկա բնակչությունը մարդահամարի ժամանակ մշտապես բնակվող և ժամանակավոր ներկա մարդկանց հանրագումարն է, իսկ մշտական բնակչությունը՝ մշտապես բնակվող և հաշվառման պահին ներկա և ժամանակավոր բացակա անձանց հանրագումարը։

Տարեսկզբի դրությամբ Սյունիքում քաղաքային բնակչությունը կազմում է 91 800 (68%), իսկ գյուղական բնակչությունը՝ 44 000 (32%)։ Այսպիսով, այն Հայաստանի ամենաուրբանիզացված մարզն է։

Դատարկված և դատարկվող գյուղեր

Ըստ Վիճակագրական կոմիտեի պատրաստած «Սյունիքի մարզը թվերով 2021» վիճակագրական ժողովածուի (էջեր 165-167)՝ տարեսկզբին Սյունիքի 131 գյուղական բնակավայրերի մեծ մասը՝ 92-ը ունի 300-ից պակաս մշտական բնակչություն։ Դրանցից 43-ն ունեն 100-ից էլ պակաս մշտական բնակիչ, իսկ ցանկում ընդգրկված 11 բնակավայր ընդանրապես չունի որևէ մշտական բնակիչ։

Քանի որ Հայաստանում վերջին մարդահամարը անցկացվել է տասը տարի առաջ՝ 2011-ին, ամենաթարմ տվյալները 2021-ի վիճակագրական ժողովածուից են վերցված։ Բնակչության թվերը ըստ բնակավայրերի հիմնված են համայնքների կողմից ներկայացվող հաշվետվությունների վրա։

Ստորև քարտեզում կարմիրով նշված են Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2021թ. հունվարի 1-ի դրությամբ մշտական բնակչություն չունեցող բնակավայրերը, իսկ դեղինով՝ 100-ից պակաս մշտական բնակիչ ունեցող գյուղերը։

Սյունիքի մշտական բնակչություն չունեցող, փաստացի լքված գյուղերն են՝ Կարդ, Կիցք, Վերին Գեղավանք, Քարուտ, Ներքին Գիրաթաղ, Վերին Գիրաթաղ, Ոչեթի, Աղբուլաղ, Վանանդ, Ձորակ (Փայտամշակման գ.կ.), և Այգեձոր։ Ի դեպ, Աղբուլաղ, Վանանդ և Ձորակ գյուղերը ընդգրված էին Շուռնուխ համայնքի մեջ, իսկ այժմ Գորիս խոշորացված համայնքի մաս են կազմում։

Մարզի ամենաքիչ բնակիչ ունեցող գյուղերն են՝ Կաթնառատ (19 բնակիչ), Թանահատ (19), Փուխրուտ (14), Քաշունի (11), Աջաբաջ (9), Խորձոր (5) և Գեղավանք (3):

Սյունիքն ունի 2 000-ից ավել բնակիչ ունեցող չորս գյուղ՝ Շինուհայր (2 609 բնակիչ), Տեղ (2 189), Խնձորեսկ (2 098), Վերիշեն (2 095), որոնք բոլորն էլ գտնվում են Գորիսի տարածաշրջանում։