Եռակողմ հանդիպում՝ Սոչիում․ դրույթներ Պուտինի, Փաշինյանի, Ալիևի ելույթներից

Putin Aliyev Pashinyan sochi

Նոյեմբերի 26-ին Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը, որի հրապարակային հատվածում երկրների ղեկավարները ներկայացրել են ընդհանուր դիրքորոշումները։

Իլհամ Ալիևը նախ գնահատանքի խոսքեր է հնչեցրել Ռուսաստանի հասցեին՝ շնորհակալություն հայտնելով նրան ջանքերի համար։ Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում «իրավիճակը կայուն է եղել այս մեկ տարում, միջադեպեր ու սադրանքներ չեն եղել, եզակի դեպքեր են գրանցվել»։

«Շնորհակալ ենք խաղաղապաներին լավ ծառայության համար, նրանք ապահովում են տարածաշրջանի անվտանգությունը»,- ասաց Ալիևը։ Նրա պնդմամբ՝ այս մեկ տարում Ադրբեջանը «կառուցողական էր», նա շեշտել է ապաշրջափակման հարցը՝ այն համարելով ամենակարևոր հարցերից, որը դեռ չի իրականացվել։ Ալիևի համոզմամբ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը գրեթե կատարված է։ Ադրբեջանի ղեկավարի խոսքով՝ իր երկիրը պատրաստ է սկսել դելիմիտացիայի պրոցեսը և հայկական կողմին առաջարկել է կնքել խաղաղության պայմանագիր և ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը։

Սկսելով իր խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հղել Պուտինին և գնահատել նրա անձնական դերը պատերազմի դադարեցման հարցում։ Շեշտելով ռուս խաղաղապահների դերը՝ նա չի համաձայնել Ալիևի հետ, որ իրավիճակը կայուն է։ Ըստ Փաշինյանի՝ այս մեկ տարում զոհվել է մի քանի տասնյակ մարդ, գրանցվել են միջադեպեր Արցախում ու հայ-ադրբեջանական սահմանին։ Փաշինյանը արձանագրել է, որ ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, թեև, այո, սահմանները գծված չեն։

Հայաստանի վարչապետը ընդգծել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ բոլոր կետերն են կատարվել, քանի որ չլուծված են մնում բազմաթիվ հումանիտար հարցեր, այդ թվում՝ շարունակում են պահվել գերիներ։

Հայաստանը, ըստ Փաշինյանի, պատրաստ է սկսել դելիմիտացիայի պրոցեսը, ապաշրջափակումն էլ կարևոր է հայկական կողմի համար։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորմանը, այն պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։

Պուտինն իր հերթին արձանագրել է, որ հնչածը շատ կարևոր է, քանի որ երկու կողմից կա կարգավորման հետաքրքրվածություն։ Նրա խոսքով՝ ապաշրջափակում ուզում են բոլորը, այդ թվում՝ Ռուսաստանը։

Մեկնաբանել