Եռակողմ հայտարարությունը հստակություն չի մտցնում ապաշրջափակման և սահմանազատման հարցերում

Նիկոլ Փաշինյան Իլհամ Ալիև Վլադիմիր Պուտին

Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած Պուտին – Ալիև – Փաշինյան հերթական եռակողմ հանդիպումից առաջ հանրության և փորձագիտական շրջանակները շեշտադրում էին երկու խնդիր՝ հաղորդակցության ուղիների ապաշրջափակում և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկ։ Հանդիպման արդյունքում ընդունված եռակողմ հայտարարությունում կողմերը անդրադարձել են նշված խնդիրներին։ Սակայն հայտարարության տեքստը այս հարցերում հստակություն չի մտցնում։

Ապաշրջափակման հետ կապված նշվում է տրանսպորտային կապերի գործարկման մասին առանց ժամկետներ նշելու։ Երեք նախագահների համատեղ հայտարարության ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգտագործեց «տրանսպորտային միջանցքների ապաշրջափակում» արտահայտությունը՝ հայտարարելով, որ այս առնչությամբ ձեռք են բերվել համաձայնություններ, որոնք սակայն կհրապարակվեն հաջորդ շաբաթ Մոսկվայում փոխվարչապետների մակարդակով կայանալիք հանդիպմանը։

——————-

Տե՛ս նաև՝

Փաշինյանը, Պուտինը և Ալիևը ընդունել են համատեղ հայտարարություն

Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են մինչև տարեվերջ սահմանազատման մեխանիզմներ ստեղծել

——————-

Միևնույն ժամանակ, արդեն ՀՀ վարչապետի հետ առանձին հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը նշեց, որ դեռ մնում են չկարգավորված հարցեր, որոնք սակայն չեն կրում սկզբունքային բնույթ։ Ամենայն հավանականությամբ, հենց այս հարցերն են, որ թույլ չեն տվել կողմերին արդեն նոյեմբերի 26-ի հանդիպման ընթացքում գալ վերջնական համաձայնության։ Ընդ որում ամենայն հավանականությամբ, չհամաձայնեցված հարցերը վերաբերում են ճանապարհների վերահսկողությանը, քանի որ ՀՀ վարչապետի հետ կայացած երկկողմ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը շեշտեց, որ տնտեսական, պրակտիկ բնույթ կրող բոլոր խնդիրները կարգավորված են։ Դժվար է ասել՝ արդյոք առաջիկա օրերի ընթացքում այդ հարցերը հնարավոր կլինի կարգավորել, և արդյոք մենք կունենանք ձեռք բերված վերջնական համաձայնություններ։

Հայտարարության մեջ անդրադարձ կա նաև սահմանների սահմանազատման և սահմանագծման խնդրին։ Նշվում է, որ կողմերը համաձայնել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի կայունացման ուղղությամբ, որպեսզի հասնեն սահմանազատման խնդրով երկկողմ հանձնաժողովի ձևավորմանը, որը խորհրդատվական աջակցություն կստանա Ռուսաստանի կողմից։ Հայտարարության մեջ ոչինչ չի ասվում սահմանազատման և սահմանագծման սկզբունքների մասին, ինչն Ադրբեջանի հիմնական պահանջն էր։ Միևնույն ժամանակ անդրադարձ չկա նաև զորքերի հետ քաշմանը։ Հետաքրքիր է, որ հայտարարության տեքստում նշվում է սահմանին իրավիճակի կանունացմանն ուղղված քայլերի մասին, ընդ որում առանց հստակ ժամկետների, սակայն Ռուսաստանի նախագահը իր ելույթում նշեց, որ կողմերը պայմանավորվել են սահմանազատման մեխանիզմներ ձևավորվել մինչև 2021-ի ավարտը։ Այս ձևակերպումը ավելի մոտ է Ադրբեջանի պատկերացումներին, քանի որ սահմանազատման մեխանիզմները կարող են ընկալվել նաև որպես սահմանազատման սկզբունքներ։

Առաջիկա մեկ ամիսը հնարավորություն կտա ավելի հստակ պատկերացնել Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների իրական բնույթը։ Հարկ է նշել, որ սովորաբար առավել բարդ հարցերը համաձայնեցվում են հենց առաջին դեմքերի հանդիպումների ժամանակ։ Երեկ պարզ դարձավ, որ թե՛ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, թե՛ սահմանների սահմանազատման խնդրի առնչությամբ պետությունների ղեկավարները չեն կարողացել պայմանավորվել բոլոր հարցերի շուրջ։

Ամենայն հավանականությամբ առաջիկայում Ադրբեջանը կշարունակի ուժային ճնշումն ու ռազմական շանտաժը Հայաստանի նկատմամբ՝ փորձելով ՀՀ-ին ստիպել ընդունել Ադրբեջանի երկու հիմնական պահանջները։ Ստեղծված իրավիճակում այդ ռազմական շանտաժին դիմակայելու միակ իրական գործիքը ՀՀ զինված ուժերն են, որոնք պետք է ցույց տան, որ Ադրբեջանը այլևս չի կարող առաջ շարժվել ՀՀ տարածքի խորքը։ Հակառակ պարագայում Հայաստանը կշարունակի կրել ինչպես մարդկային, այնպես էլ տարածքային կորուստներ։

***

Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած Պուտին – Ալիև – Փաշինյան հերթական եռակողմ հանդիպումը նախատեսվում էր անցկացնել նոյեմբերի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում, սակայն հանդիպումը հետաձգվել էր հայկական կողմի առաջարկով։ Հանդիպմանն ընդառաջ հանրության և փորձագիտական շրջանակների սպասումները կենտրոնացել էին երկու խնդիրների շուրջ՝ հաղորդակցության ուղիների ապաշրջափակում և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկ։

Այս հարցերում Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները էականորեն տարբերվում էին։ Հաղորդակցության ուղիների ապաշրջափակման եզրույթի ներքո Ադրբեջանը հասկանում է Սյունիքի մարզի տարածքով Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապի հաստատում՝ առանց հայկական կողմից իրականացվող անձնագրային, մաքսային կամ սահմանային ստուգման։ Սահմանազատման և սահմանագծման գործընթացի առնչությամբ ադրբեջանական կողմի դիրքորոշումը հետևյալն է․ այն կարող է սկսվել միայն նախօրոք վերջինիս սկզբունքների համաձայնեցումից հետո, իսկ գործընթացի հիմնական սկզբունք Ադրբեջանը համարում էր տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը 1991-ի խորհրդային սահմաններով։

Հայաստանը պնդում էր, որ ճանապարհների ապաշրջափակումը որևէ առնչություն չունի մաքսային կամ անձնագրային վերահսկողության բացակայության հետ՝ հայտարարելով, որ իր տարածքում իրականացնելու է օրենսդրությամբ նախատեսված բոլոր գործառույթները։ Սահմանազատման և սահմանագծմանյի առնչությամբ հայկական կողմը նշում էր, որ այս գործընթացը որևէ կապ չունի Արցախի խնդրի հետ՝ անուղղակի մերժելով 1991-ի խորհրդային սահմանների շրջանակում միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման պահանջը։ Միևնույն ժամանակ Հայաստանը հայտարարում էր, որ սահմանազատման գործընթացն սկսելու համար անհրաժեշտ է զորքերի հայելային հետ քաշում դեպի նախկին խորհրդային վարչական սահմաններ, ինչն անուղղակի պահանջ էր Ադրբեջանին՝ հեռացնել իր զորքերը 2021-ի մայիսի 12-ից հետո գրաված ՀՀ տարածքներից։