Իմ ֆասադը քո ֆասադից լավն է…

Արցախի պետական համալսարան

Գեղամ Բաղդասարյան

Այս հոդվածի համար առիթ է հանդիսացել (ընդամենը՝ առիթ) հետևյալ «անշառ» լուրն արցախյան լրահոսից՝ Արցախի պետական համալսարանի (ԱրՊՀ-ի) գլխավոր մասնաշենքի բարեկարգման աշխատանքներն ավարտման փուլում են։ Վերանորոգման ֆինանսավորումն իրականացնում են Արցախի կառավարությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, «Թրփանջյան» բարեգործական հիմնադրամը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը։

Տեղեկությունն ուղեկցող լուսանկարները պատկերում են համալսարանական գլխավոր մասնաշենքի ու հատկապես ճակատամասի՝ ֆասադի, հարթ ու կոկիկ տեսքը։ Հենց սա էլ ինձ տարավ դեպի այն միտքը, որ այս լուսանկարներն ավելին են, քան արցախյան մայր կրթօջախի շենքի պատկերներ։ Դրանք խորհրդանշում են հայկական երկրորդ պետականության էությունն ու բովանդակությունը, մեր հոգեբանությունն ու կենսափիլիսոփայությունը։

Ինչ խոսք, ցանկացած կրթօջախի արտաքին տեսքը կարևոր է, արտաքինից էլ շատ՝ շինության ներսի պայմաններն ու հարմարությունները, գոնե այնքանով, որպեսզի այնտեղ մարդ իրեն հարմարավետ զգա։ Կրթության ոլորտում նյութական-կենցաղային հարմարավետության ապահովումը թեև ոչ այնքան հեշտ, բայց, ամեն դեպքում, հասանելի նպատակ է և ժամանակային առումով նվազ խնդրահարույց։ Ավելին՝ նաև բավականին հեշտ չափելի ու համադրելի է։

Շատ ավելի դժվար է ֆասադից անդին՝ շինության ներսում առկա առողջ մթնոլորտի, գիտության գրանիտը կրծելու «ստեղծագործական հարմարավետության», խելքի, ստեղծարար մտքի, պրպտումների, ինտելեկտուալ խիզախության համար բարենպաստ միջավայրի ապահովումը։ Վերջինս անհամեմատ դժվար չափելի ու համադրելի է։ Ժամանակային առումով էլ՝ խիստ խնդրահարույց։ Ֆասադը կառուցողները կամ նորոգողները հաստատ կտեսնեն իրենց ջանքերի արդյունքը, բայց ահա գիտության գրանիտը կրծելու «ստեղծագործական հարմարավետության» ճարտարապետները նման են ծառատունկ իրականացնողներին, մանավանդ, որ խոսքը գնում է այն «ծառատեսակների» մասին, որոնք ուշ, շատ ուշ են աճում ու պտուղ տալիս։

Մի խոսքով, ներսի «տեսքը» ֆասադի տեսքին հարիր պիտի լինի և գոնե նույնչափ ուշադրության կենտրոնում։ Ձևի և բովանդակության առավել կարևորության հավերժական վեճի մասին չէ խոսքը, այլ բովանդակության լինել-չլինելու, ավելի ստույգ՝ մեկ այլ մշտարթուն բանավեճի մասին՝ լինե՞լ, թե՞ թվալ։

Համալսարանն այստեղ, մեծ հաշվով, անմիջական կապ չունի՝ մեր մտասևեռումը «ֆասադակենտրոն» է ամենուր։ Արցախյան ժողովրդավարությունն էլ է ֆասադային։ Ձևով ամեն ինչ տեղը տեղին է, բովանդակությամբ՝ սնամեջ։ Արդյունքում մեր իսկ ձեռքով մեր պետությունն էլ ենք դարձնում ֆասադային։ Ցուցանակային։

Բոլոր ցուցանակները տեղում են։ Ցուցանակների հավաքածուն անթերի է ու պակաս-պռատ չունի։ Նախագահ, խորհրդարան, կառավարություն, նախարարություններ ու վարչություններ, և այլն, և այլն։ Միայն ժողովուրդն է, որ անցուցանակ է, ոչ ցուցանակային է։ Միայն ժողովուրդն է, որի սիրտը տրոփում է և որի երակներում ոչ թե ցուցանականախշային-գեղագրատնային ներկ է, այլ այն, ինչ հոսում է կենդանի օրգանիզմում։ Միայն ժողովուրդն է շնչում։ Բայց՝ ծանր է շնչում։ Այնքան ցուցանակ կա մեջքին, որ ինքը դժվարտեսանելի է հայտնի լուսանկարի այն համբերատար գրաստի նման, որ բեռի տակ գրեթե չի երևում, բեռի տակ կորչել է և, որ ամենասարսափելին է, աստիճանաբար մերվում է բեռին, տարրալուծվում է բեռի մեջ, ու մտրակի հարվածից առավել նրան սպառնում է բեռի հետ մի ամբողջություն կազմելու հեռանկարը։

Բայց վերադառնամ նյութի սկզբին ու դրա առիթին՝ ԱրՊՀ-ի գլխավոր մասնաշենքի բարեկարգման աշխատանքներին։ Տեղեկատվության մի նախադասություն նույնպես շատ խորհրդանշական թվաց ինձ. «Ներկա դրությամբ ընթացքի մեջ է շենքի բակի մայթերի սալապատման գործընթացը։ Սալապատվել է ավելի քան 1500 մ/ք տարածք»։

Սալապատվել է…

Իսկ ես ծառատունկի մասին էի մտմտում։ Բառի բուն և փոխաբերական իմաստներով։ Հիմա նայեք լուսանկարին, ուշադիր նայեք սալապատված ու հարթ տարածքին։ Նայեք ու փորձեք նույն տարածքը պատկերացնել կանաչապատված։ Այդ երկու՝ իրական և պատկերացվելիք տեսարաններից ո՞րն առավելս կսազեր կրթօջախի ենթադրյալ նպատակին։ Ձեր պատկերացրածը մեր կորսված ապագան է։

Մեր ֆասադային էությունը մեր իսկ ուղեղների սալապատման անմիջական արդյունքն է։ Մեր ստեղծագործական ամայության ու մտավոր հարթաթաթության խորհրդանիշը։

…Ահա այսպիսի ծանր մտորումներ միանգամայն «անշառ» առիթով։

Մեկնաբանել