«Ռոստելեկոմ»-ի հավանական գնորդը կապ ունի «Յուքոմ»-ի բաժնետերերի հետ

Մկրտիչ Կարապետյան

Հայաստանում «Ռոստելեկոմ» հեռահաղորդակցության օպերատորի հավանական գնորդ անձը՝ Ռուսաստանի քաղաքացի Արման Ունանյանը, որոշ փաստաթղթերում առնչվում է Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիների ընկերություններից մեկի հետ։

Նոյեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ «Մոլիտրո հոլդինգս լիմիթեդ» ընկերությունը դիմում է հասցեագրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ «Ռոստելեկոմ» ապրանքանիշը ներկայացնող «Ջիէնսի-Ալֆա» ՓԲԸ-ն ձեռք բերելու նպատակով։ Ինչպես հաստատել էին ՀԾԿՀ-ից, «Մոլիտրո հոլդինգս լիմիթեդ»-ի 60 տոկոսը պատկանում է ֆիզիկական անձ, Ռուսաստանի քաղաքացի Արման Ունանյանին, իսկ 40 տոկոսը՝ Հայաստանի էլեկտրական ցանցերին, որի բաժնետերը ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանն է։ Վերջինս իր հետ փոխկապակցված ռուսական «Ֆորա բանկ»-ի միջոցով 11 տոկոս բաժնետոմս ունի հեռահաղորդակցության մեկ այլ օպերատորի՝ «Յուքոմ»-ի բաժնետիրական կապիտալում։ «Յուքոմ»-ի մեծամասնական բաժնետերերը Գագիկ Խաչատրյանի որդիներն են՝ Արտյոմ Խաչատրյանը՝ 29 տոկոս, Գուրգեն Խաչատրյանը՝ 29 տոկոս և Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Արամ Խաչատրյանը՝ 24 տոկոս։

«Ռոստելեկոմ»-ի բաժնետոմսերի ձեռքբերման դեպքում կստացվի, որ Սամվել Կարապետյանը հեռահաղորդակցության երկու ընկերություններում էլ փայատեր է։ Որոշ փաստաթղթեր թույլ են տալիս պնդել, որ բացի Կարապետյանից «Ռոստելեկոմ»-ի գործարքում անուղղակի մասնակցություն ունեն նաև Խաչատրյանները։

«Գալաքսի գրուպ»-ը հերքում է Խաչատրյանների ներգրավվածությունը «Ռոստելեկոմ»-ի գնման հարցում

«Գալաքսի գրուպ»-ը հիմնադրվել է Արտյոմ, Գուրգեն և Արամ Խաչատրյանների կողմից։ Այն ներառում է ավելի քան 15 խոշոր ընկերություններ՝ սկսած սրճարանային բիզնեսից մինչև հեռահաղորդակցության ոլորտ։ Ընկերությունների խմբում են ներառված «Յուքոմ»-ը, տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող «Այյունեթվորքս» ընկերությունը, ժամացույցի «Թայմ», «Խրոնոգրաֆ» խանութները, «Երևան Մոլ» առևտրի կենտրոնը, պարենային մթերքի ներմուծմամբ զբաղվող «Մեգա ֆուդ»-ը, «Սանտաֆե» և «Պահեստ 33» սրճարանն ու ռեստորանը, «Ռումշին» կառուցապատող ընկերությունը։ «Գալաքսի գրուպ»-ի նախագծերից են նաև Երևանի կենտրոնում՝ Տերյան 5 հասցեում հյուրանոցի ու պրեմիում դասի բնակարանների կառուցապատումը, որ ներկայում ընթացքի մեջ է, ֆրանսիական «Փոլ» սրճարանի հիմնումը Հայաստանում, ինովացիայի և տեխնոլոգիական պարկի կառուցումը։

ՍիվիլՆեթը դիմել էր «Գալաքսի»-ին՝ խնդրելով տեղեկացնել, թե արդյոք «Գալաքսի գրուպ»-ի հետ փոխկապակցվածություն ունեցող անձինք ուղղակի կամ անուղղակի առնչություն ունե՞ն «Ռոստելեկոմ»-ի գործարքի հետ։ Ընկերությունից պատասխանել են՝ «Գալաքսի» ընկերությունների խումբը, դրա բաժնետեր և կառավարող մարմինների ղեկավարները կամ նրանց հետ փոխկապակցված անձինք չեն հանդիսանում «Ջիէնսի-Ալֆա» ՓԲԸ-ի ուղղակի կամ անուղղակի գնորդ։

Հարցին, թե արդյոք «Ջիէնսի-Ալֆա»-ի հնարավոր գնորդ Արման Ունանյանը հանդիսանո՞ւմ է «Գալաքսի»-ի, դրա բաժնետերերի, կառավարող մարմինների ղեկավարների հետ փոխկապակցված անձ, ընկերությունից պատասխանել են. «Տարատեսակ մեկնաբանություններից խուսափելու համար անհրաժեշտ ենք համարում նշել, որ ըստ «Գալաքսի» խմբի կառավարման խորհրդի քարտուղարության տեղեկատվության՝ ՌԴ գործարար Արման Ունանյանը, ի թիվս Հայաստանում ներդրումներով հետաքրքրված բազմաթիվ այլ ձեռներեցների, ծանոթություն ունի «Գալաքսի» խմբի հիմնադիրների հետ»։ Հաջորդ նախադասությամբ սակայն ընկերությունից վստահեցրել են՝ Ունանյանը Խաչատրյանների հետ փոխկապակցված անձ չի հանդիսանում, համատեղ գործունեություն ու աշխատանքային հարաբերություններ առկա չեն։

«Ո՛չ «Գալաքսի» ընկերությունների խումբը, ո՛չ էլ նրա հետ փոխկապակցված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, ներառյալ «Յուքոմ» ՓԲԸ-ն, չեն հանդիսանում «Ջիէնսի-Ալֆա»-ի բաժնետոմսերի գնման հավակնորդ։ Բնականաբար, «Գալաքսի» ընկերությունների խումբը, ի դեմս իր կազմում հանդես եկող «Յուքոմ»-ի, մշտապես հետաքրքրությամբ հետևում է հեռահաղորդակցության ոլորտի զարգացումներին, կարևորում է ոլորտային կոնսոլիդացիաներն ու իր զարգացման ծրագրերի շրջանակում մշտապես դիտարկում ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ ոլորտում գործող այլ ընկերություններ ձեռք բերելու նպատակով»,- Սիվիլնեթին պատասխանել են «Գալաքսի»-ից։

«Ռոստելեկոմ»-ի հավանական գնորդի ու Խաչատրյանների կապը

Ինչպես վերը նշեցինք, «Գալաքսի»-ի ծրագրերից մեկը Երևանի Տերյան 5 հասցեում հյուրանոցային ու պրեմիում դասի բնակարանների կառուցապատումն ու վաճառքն է՝ «Տերյան 5» ընկերության միջոցով։ Ըստ Հայաստանի իրավաբանական անձնանց էլեկտրոնային ռեգիստրի՝ «Տերյան 5» ՍՊԸ-ի բաժնետեր այս տարվա սեպտեմբերի 27-ից հանդիսանում է Կիպրոսում գրանցված «Մաստեպո փրոփերթիս լիմիթիդ» ընկերությունը։ «Տերյան 5»-ի բաժնեմասը «Մաստեպո փրոփերթիս լիմիթիդ»-ին անցել են Հարություն Թադևոսյանից, որը եղել է «Գալաքսի»-ում ներառված «Մեգաթոյս» ընկերության տնօրենը, Խաչատրյանի որդիների հետ մեկ այլ ընկերությունում՝ «Գոլդեն վեյ»-ում ունեցել է բաժնեմաս։

Կիպրոսի ռեգիստրից ձեռք բերված թղթերի համաձայն՝ «Մաստեպո փրոփերթիս լիմիթիդ»-ը հիմնվել է 2020-ի մարտին։ Ընկերության միակ բաժնետերը եղել է հենց Արման Ունանյանը՝ գրանցած Մոսկվայի Վերնադսկու պողոտայի 92 հասցեում։ Եթե ավելի պարզեցնենք շղթան, կստացվի, որ Արտյոմ, Գուրգեն, Արամ Խաչատրյանների կողմից հիմնված ու ղեկավարվող «Գալաքսի գրուպ»-ի ձեռնարկություններից «Տերյան 5»-ի բաժնետերը եղել է հենց Արման Ունանյանը, որը ցանկություն է հայտնել ձեռք բերել «Ռոստելեկոմ»-ը, մինչդեռ Խաչատրյանները հերքում են իրենց հետ փոխկապակցված անձի մասնակցությունը գործարքում՝ նրան ներկայացնելով որպես ծանոթ։ Հետագայում Ունանյանից կիպրական ընկերության բաժնետոմսերն անցել են Հարություն Թադևոսյանին։ Ստացվում է, որ «Ջիէնսի-ալֆա»-ի հավանական գնորդները փոխկապակցված են կապի մեկ այլ օպերատորի՝ «Յուքոմ»-ի հետ։

Պատկան մարմինները քննարկում են «Մոլիտրո հոլդինգս լիմիթիդ»-ի դիմումը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ներկայում քննարկում են «Ջիէնսի-Ալֆա»-ի բաժնետոմսերի ձեռբերման դիմումի հարցը։ Գործարքի վերաբերյալ դիրքորոշում է հայտնելու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Նոյեմբերի 18-ին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը «Լուրեր»-ի հետ զրույցում ասել էր՝ կառավարությունը անհանգստություն ունի գործարքի, դրա հետևանքով շուկայում հնարավոր կենտրոնացվածության հետ կապված։ «Մենք տեսել ենք մենաշնորհների արդյունքը… ամեն ինչ կարող է լինել, եթե մեզ ուղարկել են կարծիք հայտնելու, չի նշանակում, որ այդ կարծիքը վաղօրոք հայտնի է։ Մեր մասով հիմնականում շուկայի կենտրոնացվածության ու անվտանգության հարցերն են դիտարկվում, ու այդ մասով ենք եզրակացություն տալու»,-ասել էր նախարարը։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն էլ ասել էր, որ ներկայում դիմումն ուսումնասիրվում է, հանձնաժողովը գործարքի վերաբերյալ դիրքորոշում կունենա մեկ ամսվա ընթացքում։
«Ռոստելեկոմ»-ը ռուսական հայտնի «Ռոստելեկոմ»-ի դուստր ձեռնարկությունն է՝ մի քանի միջանկյալ ձեռնարկությունների միջոցով։ Ռուսական «Ռոստելեկոմ»-ի վերահսկող բաժնետերը պետական մի քանի ձեռնարկություններ են։ Հայաստանում 2012-ից ընկերությունը մատուցում է լայնաշերտ ինտերնետի, սմարթ հեռուստատեսության ու ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ «Ռոստելեկոմ»-ն ունի 92 տոկոսի հասանելիություն ՀՀ քաղաքներում։

Մեկնաբանել