Դավիթ Տոնոյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ

Դատարանի որոշմամբ՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ։ Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։

Դավիթ Տոնոյանը կալանավորվել էր՝ խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։

Սեպտեմբերի 30-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը, նույն ինքը՝ «Պատրոն Դավիթը», որպես մեղադրյալ են ներգրավվել առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 2 մլրդ դրամ գումար հափշտակելու գործով։

Մեկնաբանել