Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողումները, հաջողությունները և կոռուպցիոն խնդիրները

ՍիվիլՆեթի քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանն իր հերթական հաղորդմանն անդրադառնում է Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողումներին, հաջողություններին և կոռուպցիոն խնդիրներին։

Ինչպես գիտենք, 2021-ի հունիսին տեղի ունեցան ընտրությունները։ Մենք կամփոփենք տարբեր ճակատներում այս իշխանությունների ձախողումներն ու հաջողությունները, կխոսենք, թե որտեղ դեռ անելու բան կա։

Դատական համակարգ․ տարբեր հարցումների համաձայն՝ այն ամենանվազ վստահություն ունեցող ինստիտուտն է երկրում։ Արդար կլինի ասել, որ կառավարությունը և խորհրդարանը լիովին ձախողել են այս դատաիրավական ոլորտի բարեփոխումները, ոչինչ չի արվել այդ ուղղությամբ, չկան նույնիսկ դա անելու կարճաժամկետ ծրագրեր։

Տնտեսություն․ այն աճի զգալի միտում ունի, մենք ամենայն հավանականությամբ տարին կամփոփենք 8-10 տոկոս տնտեսական աճի ցուցանիշով։ Ունենք բավական լավ նախարար, որը ակտիվ է ու ագրեսիվ զարկ է տալիս գործարարության զարգացմանը։ Այնուամենայնիվ, չէի ցանկանա գերագնահատել պետության դերը տնտեսական զարգացման մեջ։ Կան պատճառներ, որոնք շատ քիչ են առնչվում պետական քաղաքականության հետ, բացի այն, որ վերջին երկու տարում օլիգարխիկ ձեռքը մեծապես հեռացվել է Հայաստանի տնտեսությունից։

Արտաքին քաղաքականություն․ սա քննարկել ենք մի քանի շաբաթ առաջ: Այն ակնհայտորեն ձախողված է։ Այստեղ ևս չեմ տեսնում բարեփոխման հստակ ուղիներ։ Իհարկե, նախարարը բավական ակտիվ գործունեություն է ծավալում, սակայն անհրաժեշտ է որակապես ու համակարգայնորեն մոտենալ հարցին։ [Տե՛ս՝ Հայկական դիվանագիտության ձախողումները. Էրիկ Հակոբյանի անդրադարձը

Խորհրդարանը, ինչպես տեսնում ենք, ոչինչ չի արել վերանայելու մեր դիվանագիտական ծառայության ձախողումը, այսինքն՝ խորհրդարանը ձախողում է մեր արտաքին քաղաքականության նկատմամբ վերահսկողության գործում և նրանում, թե ինչի վրա պետք է կենտրոնանանք՝ հաշվի առնելով փաստը, որ այդ հարցերը ահագնացող կարևորություն ունեն Հայաստանի համար։

Հարկերի հավաքագրում․ սա գրավիչ թեմա չէ, սակայն կարևոր է այնքանով, որ հարկերի պատշաճ հավաքագրումը թույլ է տալիս ունենալ եկամուտներ՝ անելու այն, ինչ անհրաժեշտ է երկրին։ Այս ճակատում անցած երկու տարում բավական մեծ առաջխաղացում ենք ունեցել։ Գոյություն ունի վիճակագրական չափիչ, որը ցույց է տալիս, թե ՀՆԱ-ի որ մասն է ծախսվում պետության կողմից։ Ակնհայտորեն, այստեղ երկու խնդիր կա, մեկը՝ գաղափարախոսական։

Նժարի մի կողմում որոշ երկրներ են, օրինակ՝ Դանիան ու Ֆրանսիան, որտեղ պետությունը ծախսում է գրեթե ամբողջ եկամտի կեսը, իսկ նժարի մյուս կողմում մեզ նման երկնրերն են՝ որքանով ես պայքարում անվերահսկելի ստվերային տնտեսության դեմ, և որքանով ես հաջողում այդ պայքարում։ Վերջին երկու տարում մենք 18-26 տոկոսի ենք հասել։ Այսինքն, տնտեսության կողմից գոյացված ամեն դոլարի 26 տոկոսը ծախսվում է պետության կողմից։ Հետաքրքիրն այն է, որ 26 տոկոսը համարժեք է ԵՄ միջին տոկոսային թվին։ Մենք ԵՄ անդամ չենք, սակայն նրանց չափանիշներին համապատասխանելը լավ ցուցիչ է։ Ի՞նչ է սա մեզ հուշում՝ որ մենք, ըստ ամենայնի, շարունակել ենք ավելացնել հարկային եկամուտները զուտ կոռուպցիայի վերացման և նախկինում հարկերից խուսափող տնտեսվարողներին հարկային դաշտ բերելու միջոցով։

Մյուս չափիչը՝ որքան են աճել հարկային եկամուտները։ Դրանք իրականում աճել են 12 տոկոսով՝ 2020-ին։ Այսպիսով, հետհեղափոխական շրջանում հարկային եկամուտներն աճել են 500-600 միլիոն դոլարով։ Եթե կարողանայինք այդ հարկերը հավաքել նախորդ տասը տարիներին, դա կկազմեր մոտ 5 միլիարդ դոլար, և դրա գոնե 2 միլիարդը ծախսեինք պաշտպանության վրա, ամենայն հավանականությամբ լրիվ այլ արդյունք կունենայինք Արցախյան վերջին պատերազմում։

Ազգային անվտանգություն և պաշտպանություն․ կառավարությունը վատ գնահատական է ստանում։ Ունենք նոր նախարար, և մաղթում ենք նրան հաջողություն։ Սակայն վերջին տարում համակարգային մոտեցման և բարեփոխումների մասին խոսելիս պետք է նշենք, որ դրանք տեղի չեն ունեցել։ Մասնավորապես, երբ խոսում ենք խորհրդարանի մասին, ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը խոստացել էր, որ կստեղծի պատերազմի քննիչ հանձնաժողով, որը կհետաքննի պատերազմը։ Սակայն մինչև հիմա նման բան չկա։ Ընդ որում, խորհրդարանական կառույցները, որոնք պետք է վերահսկեն ազգային անվտանգությունը, ոչինչ չեն արել մեր ձախողումների մանրամասներում խորանալու և բարեփոխումներն առաջ տանելու համար։

Արձագանքը կորոնավիրուսի համաճարակին․ արդար կլինի ասել, որ ընդհանուր առմամբ այստեղ ձախողել ենք՝ տարբեր պատճառներով, որոնք ամբողջովին չեմ բարդում առողջապահության նախարարության վրա։ Մենք ամեն օր 50-60 անտեղի զոհ ունենք կորոնավիրուսին։ Ընդ որում, մենք կարողացել ենք ձեռք բերել պատվաստանյութը շատ ավելի վաղ, քան մեզ նման բազում երկրներ, և դրա առկայությունը չէ, որ խնդիր էր։ Խնդիրը այն հսկայական ապատեղեկատվությունն է, որ շփոթության մեջ է գցել հանրության մի ստվար զանգվածի, որը տատանվում էր պատվաստվելու հարցում։ Բարեբախտաբար, այս ճակատում առաջընթաց ունենք, մեծամասամբ նաև պարտադիր պատվաստման արդյունքում։ Անցած շաբաթ հատեցինք պատվաստվածների 1 164 000 թիվը, որից 372 000-ը ստացել է երկու դեղաչափը։ Ուստի, առաջընթաց ունենք, սակայն կորցրել ենք շատ ժամանակ և արդյունքում՝ շատ կյանքեր։

Կոռուպցիայի դեմ պայքար․ ինչպես գիտեք, մեր ունեցած խնդիրներից շատերը, որոնք նաև մեծապես երևան եկան պատերազմի ժամանակ, համակարգային կոռուպցիայի հետևանքն են, ինչը վերջին 25-30 տարիներին տարբեր կառավարությունների մաս է եղել։ Հետհեղափոխական շրջանում մեծ առաջընթաց եղավ ինստիտուցիոնալ կոռուպցիան կանգնեցնելու հարցում, որը հիմնականում դրսևորվում էր կոնկրետ անձանց մենաշնորհների տեսքով, ինչը հանգեցնում էր գնաճի և տնտեսություն մրցունակության անկման։ Սակայն այս իշխանությունների օրոք ականատես ենք լինում փոքրիկ կոռուպցիոն քայլերի, որոնք պետք է կանգնեցվեն։

Կոռուպցիոն մի թեմա վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանի շուրջ է, որի ընկերությունը հաղթում է պետական տենդերներում և մասնավորապես պատվերներ ստանում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, որտեղ նախկինում նա փոխնախարար է եղել։ Բադալյանի ընկերությունն այս տարվա ընթացքում 834 000 դոլարի պատվերներ է ստացել։ Այդ պաշտոնում լինելով՝ չես կարող կողքից բիզնես ունենալ։

Երկրորդը խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն է, որի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած ընկերությունը ճանապարհաշինական տենդերներ է շահում, դրանցից մեկը` 1,3 միլիոն դոլարի, մասնավորապես՝ Սյունիքում «Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածի համար։

Երրորդը «Պատրոն Դավոյի» գործն է, որը պաշտպանության նախկին նախարարի հետ ներգրավված էր բանակի գնումների գործընթացում։ Այժմ նրանք երկուսն էլ մեղադրյալ են կոռուպցիայի գործերով։ Գործն առնչվում է հին, լավ չաշխատող կամ մեր պաշտպանական այլ համակարգերին չհամապատասխանող սարքավորումների ու զինտեխնիկայի գնումը։

Եթե թվարկածս առաջին օրինակները զուտ կոռուպցիայի օրինակներ էին, այս մեկը կոռուպցիա է, որը սպանում է։ Եվ մենք պետք է սա ընկալենք՝ կոռուպցիան երբեք փոքր խնդիր չէ։ Դրա դեմ միշտ պետք է պայքարել։

Սակայն պետք չէ համատեքստից դուրս գալ և կեղծ հավասարության նշաններ դնել։ Այո, այս կառավարությունում կան խնդիրներ, որոնց դեմ պետք է պայքարել, կանգնեցնել, սակայն դա չի նշանակում, որ կա բարոյական հավասարություն նախկինում եղած համատարած, համակարգային կոռուպցիայի հետ։ Սակայն սա ևս մխիթարանք չէ և չպետք է չափանիշ լինի, որովհետև կոռուպցիոն գործերում փոքր քայլերը տանում են միջին, միջինները՝ մեծ քայլերի։

Ուստի պետք է միասին կանգնեցնենք կոռուպցիայի ցանկացած փոքրիկ դրսևորում, որպեսզի այս կառավարությունը ևս հինգ տարի հետո չդառնա նախորդի նման կոռումպացված։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել