Պետք է ամեն ինչ անել, որ սյունեցիները չլքեն գյուղերը․ Գորիսի փոխհամայնքապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին ընդունել է Սյունիքի մարզի՝ Կապան, Մեղրի, Տեղ, Տաթև, Գորայք համայնքների ղեկավարներին, Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատարին, ինչպես նաև Գորիս և Քաջարան համայնքների ղեկավարների տեղակալներին: ՍիվիլՆեթի՝ Գորիսի թղթակից Էմիլիա Խաչատրյանը զրուցել է Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանի հետ՝ խորհրդակցությանը քննարկված հարցերի, համայնքի հրատապ խնդիրների ու դրանց լուծումների մասին։ Կարեն Քոչարյանը համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կալանավորումից հետո ստանձնել է նրա լիազորությունների մի մասը։

Ի՞նչ հարցեր եք քննարկել նոյեմբերի 24-ին վարչապետի հետ խորհրդակցությանը, ի՞նչ է պատրաստվում անել կառավարությունը։

Ես համաձայնեցի գնալ խորհդակցությանը՝ հարցեր տալու և հարցերի պատասխաններ ստանալու համար, քանի որ շատ էր մեծացել մանիպուլիացիայի չափը Սյունիքի հետ կապված, բայց ցավոք չստացա ինձ համար, Սյունիքի համար անհրաժեշտ պատասխան։ Ես այնտեղից վերադարձա ավելի մտահոգ վիճակում։ Խոսվեց գյուղերի աջակցման մասին, մեր երեք գյուղերի՝ Որոտանի, Շուռնուխի, Բարձրավանի մասով։ Ճանապարհները կառուցվում են, բայց միևնույն է, ուսուցիչը 15 րոպեում էր հասնում Որոտան, իսկ հիմա մոտավորապես 2-3 ժամ ճանապարհ պիտի գնա, այն էլ՝ դեռ կառուցվող ճանապարհով։

Այնտեղ չկա մի խանութ, որ դրանից օգտվեն, մի փոքր կրպակ է, որի տերը պետք է հասնի Գորիս, հետ գնա․ գումարի, տրանսպոտի հետ կապված նման հարցեր կան, որոնք չլուծվեցին։ Կան սոցիալապես անապահով ընտանիքներ, որոնք վառելափայտի խնդիր ունեն, որովհետև այդ երեք գյուղերը գազաֆիկացված չեն։ Պիտի մտածեն այդ ամենի մասին։

Շարունակելով Ձեր միտքը՝ երբ այլընտրանքային ճանապարհներով երթևեկելը երկու ժամից ավել է տևում, ի՞նչ պիտի անեն, ասենք, ծանր հիվանդները կամ հղիները։

Ես չգիտեմ՝ ինչպես պատասխանել այդ հարցին, շատ դժվար է, անհրաժեշտության դեպքում մեր մեքենաներով ենք հասնում, որ ամեն ինչին աջակցենք, փառք աստծո, ճանապարհը կառուցվում է։ Համենայնդեպս, ներկա պահին մարզպետարանի կողմից մեքենա է տրամադրվել, շտապ օգնությունն էլ պատրաստ` կանգնած է, հասնում-օգնում է։ Ուսուցիչները երկու ժամ շուտ են արթնանում, որ աշխատանքի հասնեն։ Մենք ամեն ինչ անում ենք, որ նորից չփակվի ճանապարհը, այլապես գյուղացուն այնտեղ չես կարող պահել։

Գորիսը խոշորացված համայնք է, և դրա մեջ մտնող գյուղերի մեծամասնությունը սահմանամերձ է դարձել։ Նոյեմբերի իրադարձություններից հետո այդ գյուղերը՝ Շուռնուխը, Որոտանը, Քարահունջը, Բարձրավանը, հայտնվել են անելանելի վիճակում, անգամ հաց չի մատակարարվել, այլընտրանքային ճանապարհներն էլ գրեթե անանցանելի են, և չի բացառվում, որ նման իրավիճակ կրկին ստեղծվի, այդ ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում։

Ներկա պահին մարզպետարանի հետ համատեղ կատարվում է մեծ աշխատանք, ամեն ինչով ժողովրդին աջակցում ենք։ Մարզպետարանը նույնպես մեծ աշխատանք է կատարում, հաց է տրամադրում։ Մենք էլ անում ենք ամեն ինչ, որ մեր սահմանամերձ գյուղերը՝ Որոտանը, Շուռնուխը, Բարձրավանը, ոչ մի բանի կարիք չունենան։ Ամենամեծ գործը մերն է՝ գյուղացիների հետ հաճախ շփվելը և հորդորելը, որ չլքեն գյուղը, մեր ամենամեծ խնդիրը դա է։

Գյուղեր կան, որտեղ ապրելն արդեն վտանգավոր է, արտահոսք կա՞ այդ գյուղերից։

Եթե գյուղը գյուղացիները լքեն, համարեք՝ մենք տարածքը տալիս ենք թշնամուն։ Կառավարությունը չգիտեմ՝ ինչ ջանքեր պիտի գործադրի, որ այդ գյուղացիները չփորձեն գյուղը լքել։ Եթե լքեն, մենք կորցնելու ենք ամբողջ տարածքը, մենք անում ենք ամեն ինչ, որ նման բան չլինի։ Անազատության մեջ գտնվող մեր ղեկավարը, համենայնդեպս, մեզ կարգադրել է անել ամեն բան, որ գյուղացին չլքի գյուղը։

Զրուցեց Էմիլիա Խաչատրյանը

Մեկնաբանել