Հերթական մեռելածինը

Իրանի հետ առևտրատնտեսական կապերի վրա ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից դրվող սահմանափակումների պայմաններում օրերս հայտարարվեց է հայ-իրանական հերթական հավակնոտ գաղափարի մասին։ Ինչպես և նախորդ նախագծերի դեպքում, Իրանի Նորդուզի շրջանում ազատ առևտրի գոտու ստեղծման գաղափարը մեռելածին է. դրա իրագործման համար նախևառաջ իրավական հիմք չկա։

Հայ-իրանական էներգետիկ և տրանսպորտային նախագծերի փաստաթղթերի պանակն ավելացել է ևս մեկով։ Օրերս Իրանի «Արաքս ազատ առևտրի գոտի» ընկերության ղեկավար Սադեք Նաջաֆին և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Իրանի ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան այցի շրջանակում ստորագրել են Իրանի Նորդուզի շրջանում ազատ առևտրի գոտու ստեղծման մասին հուշագիր։

Ըստ իրանյան գործակալությունների՝ Սադեք Նաջաֆին նշել է, թե հայ-իրանական ազատ առևտրի գոտին պետք է հիմնվի «Արաքս ազատ առևտրի գոտու» և Սյունիքի մարզի համատեղ ներդրումների միջոցով, ինչն ամրագրված է հուշագրում։ Ըստ Նաջաֆիի՝ երկու կողմերը համաձայնել են նաև Նորդուզի սահմանին ստեղծել համատեղ սահմանային շուկա:

Պայմանավորվածությունը գործնականում հազիվ թե կյանքի կոչվի՝ նախևառաջ բացակայում է համապատասխան իրավական դաշտը։ Առ այսօր Հայաստանը Իրանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր չունի։

Հիշեցնենք՝ 2010թ. հոկտեմբերին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Թեհրան կատարած այցի ընթացքում կողմերը պետք է ստորագրեին ազատ առևտրի մասին համաձայնագիր։ Ու թեև նախապատրաստական ու ընթացակարգային հարցերը համաձայնեցված էին, վերջին պահին փաստաթղթի ստորագրումը հետաձգվեց։ Նշենք, որ համաձայնագիրը ենթադրում է զրոյական մաքսատուրքերի կիրառում, ինչին պատրաստ չէր իրանական կողմը։

Եվ երբ պարզվեց, որ համաձայնագրի ստորագրումը տապալվել է, Տիգրան Սարգսյանը Թեհրանում գործարարների հետ հանդիպմանը հնչեցրեց Սյունիքի մարզում արդյունաբերական գոտի ստեղծելու գաղափարը՝ հայ-իրանական համատեղ ձեռնարկությունների տեսքով։ «Այդպիսի գոտու ստեղծումն առավել արդյունավետ կդարձնի երկաթգծի կառուցման աշխատանքները, քանի որ մասնավոր հատվածի համար կլինի լրացուցիչ խթան՝ ներդրումներ կատարելու երկաթգծի կառուցման աշխատանքներում»,– Թեհրանում ասել էր վարչապետը։ Գաղափարն առայժմ չի առարկայացել։

Ստացվում է, որ գաղափարները պարզապես հաջորդում են միմյանց, ու օրակարգում հայտնվել է ևս մեկը, որը, ինչպես և նախորդները, մեռելածին է։

Հայաստանի և Իրանի միջև արտաքին առևտրի ծավալները նույնպես խոսում են հայ-իրանական տնտեսական հարաբերություններում լուրջ խնդիրների մասին։ Այսպես՝ անցած տարի երկու երկրների միջև արտաքին առևտրի ծավալը կազմել է մոտ $325 մլն կամ Հայաստանի արտաքին առևտրի 5,9%-ը։ Արտաքին առևտրում զգալի մասնաբաժին է կազմում Իրանից «գազ-էլեկտրաէներգիա» սխեմայով ներկրվող գազը և Իրան արտահանվող հայկական էլեկտրաէներգիան։ Արտահանման երկրորդ ապրանքատեսակը հայկական ոչխարներն են, որի պահանջարկը Իրանում կարծես նվազում է։ Այսպես՝ եթե անցած տարվա առաջին եռամսյակում Իրան է արտահանվել 9 հազ. գլուխ ոչխար, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ ընդամենը 400։

Մեկնաբանել