Կնասպանությունը՝ որպես կանանց նկատմամբ բռնության ծայրահեղ դրսևորում

Նոյեմբերի 25-ից մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյակը», որն ուղղված է կանանց դեմ բռնության բոլոր ձևերի վերացմանը:

Ամբողջ աշխարհում գենդերային հիմքով սպանություններից ավելի շատ կին է մահանում, քան քաղցկեղից, պատերազմներից կամ որևէ վարակիչ հիվանդությունից, պնդում են ոլորտի մասնագետները՝ «Կնասպանություն. գլոբալ խնդիր, որ գործել է պահանջում» հրապարակման մեջ։

Կնասպանությունը կանանց նկատմամբ բռնության ծայրահեղ դրսևորումներից է, որի տարածվածությունն ամբողջ աշխարհում տագնապալի թվերի է հասնում:

2021թ․ նոյեմբերի 1-ին Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի խոհանոցի հատակին հայտնաբերել է նույն տանը բնակվող 46-ամյա կնոջ դին՝ պարանոցի շրջանում բռնության հետքերով։ Կնոջը խեղդամահ էր արել ամուսինը։

2020թ․ հունվարի 22-ին Չինարի բնակավայրում սեփական տան ննջասենյակում Նարինե Ա․-ն խեղդամահ էր արվել ամուսնու կողմից։ Ամուսինը փորձել էր նրան ննջասենյակում մանկական օրորոցից պարանով կախվելու միջոցով ինքնասպանության տպավոություն ստեղծել։

2019թ․ մայիսի 17-ին Արարատ քաղաքում նախկին ամուսինը դանակահարել էր կնոջը, նա մի քանի օր ուշքի չգալով՝ մահացել էր հիվանդանոցում։

Քրիստինե Իսկանդարյան (1998-2018), Լուսինե Դավթյան (1977-2013), Օֆելյա Մովսեսյան (1960-2014), Սուսաննա Գալինյան (անհայտ- 2016), Անահիտ Բաբայան (1962-2012), Հերմինե Չիլինգարյան (1984-2014), Նարինե Դանիելյան (1978 -2016), Զարուհի Պետրոսյան (1990-2010), Մարո Գուլոյան (1992-2012), Մարիամ Սարգսյան (1975-2012), Անահիտ Բաբայան (1962-2012), Անժելա Դաշյան (1987-2012), Դիանա Նահապետյան (1977-2012), Աննա Ավետիսյան (1985-2013), Հասմիկ Զաքարյան (1988-2014), Օֆելյա Մովսեսյան (1960-2014), Արաքսյա Մարտիրոսյան (1979-2014), Ժենյա Հարությունյան (1971-2014), Լիանա Մանուկյան (1986-2014), Հերմինե Չիլինգարյան (1984-2014), Հեղինե Դարբազյան (1977-2015), Ռուզան Ջումայան (անհայտ-2016), Ալինա Մաղաքյան (անհայտ-2016), Սյուզաննա Գալստյան (անհայտ-2017), Նինել Սահակյան (անհայտ-2017), Ամալյա Թորոսյան (անհայտ-2017), Հայկուշ Սարգսյան (անհայտ-2016), Գրետա Սահակյան (անհայտ-2017), Եղսաբետ Զաքարյան (1948-2019), Ջեմմա Մարտիրոսյան (1958-2019) ․․․

Կնասպանության դեպքերը Հայաստանում հաճախ են լինում։ Ամեն տարի առնվազն 5-10 կին սպանվում է ամուսնու, նախկին ամուսնու կամ զուգընկերոջ կողմից։ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան 2010-2020թթ․ ընթացքում սպանված առնվազն 80 կանանց ցանկ է հրապարակել։ Այդ կանայք տարիներ շարունակ ենթարկվել են բռնության, հաճախ օգնություն խնդրել հարազատներից, ընկերներից, նույնիսկ՝ դիմել ոստիկանություն, սակայն ընտանեկան բռնության՝ հասարակությունում ընդունված լինելու մշակույթը, զուգընկերոջը լքելու խարանը և կանխարգելման միջոցների անկատարությունը, ապահովել են բռնության շարունակելիությունը ու, ի վերջո, հանգեցրել սպանության:

Հասարակությունը երբեմն նաև մեղադրում է կնոջը, թե ինչո՞ւ չի խզել հարաբերությունները, ինչո՞ւ է դիմացել, սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ սպանության ռիսկն ավելանում է, երբ կինը հայտարարում է բռնարար հարաբերությունները խզելու մասին։ 20-ամյա Մարո Գուլոյանը բռնարար ամուսնուց բաժանվելու մասին հստակ հայտարարելուց հետո ընդամենը մի քանի ժամ անց մահացել է:

Զարուհի Պետրոսյանը քրոջ հետ միասին մեծացել է մանկատանը։ Նա հերթական սպառնալիքից հետո տեղափոխվել էր քրոջ մոտ: Բռնարար ամուսինը քրոջ տանն էր առանձնակի դաժանությամբ ծեծի ենթարկել կնոջը, որի արդյունքում Զարուհին մահացել էր։

Երեք երեխաների մայր Նարինե Դանիելյանը ևս հայտնել էր ամուսնուն բաժանվելու մտադրության մասին, որից հետո վերջինս խեղդամահ էր արել կնոջը։ Ավանդական հասարակություններում տարածված է կնոջ նկատմամբ սեփականատիրության սրված զգացումը, հատկապես դա սրվում է զուգակցին կորցնելու վախից։ Ցավոք, մենք դեռևս հաշտ ենք խանդի տեսարանների հետ, խելահեղ սիրուն ենք վերագրում սեփականատիրական սրված զգացումներն ու վերահսկողական վարքը։ Քանի դեռ հասարակության ընկալումներում առկա է բռնությունը քողարկելու, ծածկելու, անտարբերության մատնելու և ռոմանտիզացնելու մոտեցում, մենք ականատեսն ենք դառնալու բռնության շղթայի, որին զոհ են դառնալու հիմնականում կանայք։

Մեկնաբանել