«Օմիկրոն». կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին, փոխանցում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։

«Կորոնավիրուսային հիվանդության նոր շտամն ունի շուրջ 50 մուտացիա, որից 30-ը` սպայկային սպիտակուցում, առաջին անգամ արձանագրվել է Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում: «Օմիկրոն» շտամով պայմանավորված` դեպքեր են արձանագրվել նաև Բոթսվանայի Հանրապետությունում, Հոնկոնգում, Բելգիայում, Իսրայելում»,- ասված է նախարարության հաղորդագրությանում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ նոր շտամի դեպքում ներկայիս պատվաստանյութերը կարող են այդքան էլ արդյունավետ չլինել։ Կազմակերպությունը նաև հայտնել է, որ այս շտամն ավելի արագ է տարածվում, քան նախորդները

«Հետևաբար, նոր շտամը կարող է վարակել ավելի շատ մարդկանց, ներառյալ նրանց, ովքեր ապաքինվել են այլ շտամներից: Կազմակերպությունը կոչ է արել բոլոր երկրներին ավելի մեծ ուշադրություն դարձնել կորոնավիրուսի նոր շտամի ուսումնասիրությանը։ Մի շարք երկրներ արդեն ձեռնարկել են սահմանափակող միջոցառումներ, այդ թվում` սահմանել մուտքի արգելք աֆրիկյան մի շարք երկրներից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել