«Ոչ մի զինվորական չի մասնակցել զոհված որդուս հուղարկավորությանը, ոչ ոք իմ դուռը չի բացել»

18-ամյա Ռադիկ Հովակիմյանը զինվորական ծառայության է մեկնել 2019թ. հունվարի 20-ին: Ծառայել է Հադրութի «Արա լեռ» հրետանային զորամասում: Երեք ամիս անց նա պետք է զորացրվեր: Ռադիկը ծանր վիրավորվել է պատերազմի երկրորդ օրը: Անգիտակից վիճակում նրան տեղափոխել են Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ հոկտեմբերի 3-ին գիտակցության չգալով՝ մահացել է: Ռադիկին հուղարկավորել են հոկտեմբերի 5-ին՝ հայրենի Մարցում: Նրա հայրը՝ Վրույր Հովակիմյանը, նեղսրտում է՝ Հադրութի «Արա լեռ» հրետանային զորամասի հրամանատարը կամ որևէ զինվորական չի մասնակել զոհված որդու հուղարկավորությանը, ոչ մի զինվորական, ոչ մի պաշտոնյա իր դուռը չի բացել:

Ռադիկ Հովակիմյանը ծառայության մեջ

Վրույր Հովակիմյանը պատմում է, որ զորամասից անգամ չեն հայտնել, թե որտեղ է կռվել և ինչ հանգամանքներում է զոհվել որդին: Միայն Ռադիկի բանակային ընկերներն են զորացրվելուց հետո այցելել մարտական ընկերոջ ընտանիքին: Նրանք էլ Վրույրին պատմել են, որ Ռադիկը կռվել և մահացու վիրավորվել է Հորադիսում:

Ռադիկը մինչև պատերազմը՝ 2020թ. սեպտեմբերի 3-ին, վիրահատվել էր Ստեփանակերտի հիվանդանոցում: Վիրահատության 20-րդ օրը մեկնել էր զորամաս: Սեպտեմբերի 25-ին զորավարժությունների մեկնելիս Ռադիկը չէր կարողացել բարձրանալ ավտոմեքենա։ «Ռադիկ ջան, ինչքան պետք է տեղներս նեղանա, որ քեզ դիրքեր տանենք: Այդ ժամանակ քեզ համար նարդիվան կբերենք, որ բարձրանաս ավտոմեքենա»,- ասել էր հրամանատարը: Ռադիկն այս մասին հեռախոսով պատմել էր ծնողներին:

Վրույր Հովակիմյանը

Կառավարության 2018թ. ապրիլի 12-ի որոշմամբ վիրահատությունից հետո չամրացած զինվորը կարիք ունի ծառայողական պարտականություններից մասնակի ազատման՝ մինչև 15 օր ժամկետով, կամ ուղարկվում է վերականգնողական արձակուրդ՝ հիվանդության պատճառով: Ռադիկ Հովակիմյանը չի օգտվել զինվորի իր իրավունքնից․ հրամանատարը առաջնագիծ է ուղարկել վիրահատությունից դեռևս չամրացած զինվորին: Մոր՝ Հայարփիի խոսքով՝ այդ ժամանակ չեն գնացել Ստեփանակերտ վիրահատված որդուն տեսնելու, սպասել են նրա՝ վերականգնողական արձակուրդ գալուն:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ռադիկը զանգահարել է մորը, թե՝ պատերազմ է սկսվել, չվախենաք: «Հարցրի՝ Ռադիկ ջան, դու է՞լ ես դիրքեր գնում, ասավ՝ հա, մամ, չվախենաք ոչ մի բանից, գնում եմ մի քանի թուրքի տուն քանդեմ ու գամ»։

Որդու մարտական ընկերները Վրույրին պատմել են, որ սեպտեմբերի 28-ին Ռադիկը երեք ընկերների հետ իրենց հրետանիով թշնամու մեկ դիվիզիա է ոչնչացրել: Ապա Ռադիկի դեմ երեք տանկ է դուրս եկել: Ռադիկը նրանցից մեկին ոչնչացրել է, թշնամու մյուս երկու տանկերը պայթեցրել են Ռադիկի հրետանին:

«Երբ Ռադիկը սեպտեմբերի 27-ին դիրքեր բարձրացավ, տանը խառնվեցինք իրար»,- ասում է մայրը: Ռադիկը խոսել է հոր հետ, հայտնել պատերազմի սկսվելու մասին:

«Ես էլ թուրքերից վրեժ լուծելու գործ ունեի, Ղարաբաղյան առաջին պատերազմում թուրքի ձեռքով սպանվել էին երկու եղբայրներս»,- պատմում է Վրույրը: Վերջինս որդուն հեռախոսով ասել է, թե մի քանի օր հետո իր կողքին կլինի, սակայն չի հասցրել․ սեպտեմբերի 28-ի կեսօրից հետո Ռադիկը մահացու վիրավորվել է:

Ռադիկի հորեղբայրներից Զավեն Հովակիմյանը զոհվել է 1990թ.՝ Մարտունի 3 զորամասի դիրքերում: Ժիրայր Հովակիմյանը նահատակվել է 1994թ.՝ Քելբաջարի (Քարվաճառի) մարտերում:

Ծառայության մեկնելուց առաջ Ռադիկը Զավենի և Ժիրայրի հուշաքարերի առաջ զենքը ձեռքին՝ լուսանկարվել է, հորաքրոջն էլ ասել է, թե հերոսացած է վերադառնալու ծառայությունից: Եղբայրների հուշաքարերի մոտ՝ որդու կանգնած տեղում, Վրույրն արդեն Ռադիկի հուշաքարն է տեղադրել։ Զինվորը ծառայությունից երբեք չի դժգոհել, բարձր տրամադրությամբ է ծառայել բանակում: Նա ավտոմեքենաներից և տանկերից լավ է հասկացել, անգամ ավտոմեքենաների շարժիչներ է վերանորոգել: Ծառայության ընթացքում Ռադիկը ընկերներից մեկի հետ զորամասի հին ավտոմեքենաները 80-90 տոկոսով վերականգնել և ծառայության է ուղարկել:

Ռադիկի մայրը՝ Հայարփի Սինդոյանը

Ծառայության մեծ մասը Ռադիկը դիրքերում է անցկացրել, որտեղ պատերազմից առաջ ընկերների հետ մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցել: Վրույրը զարմանում էր, թե կառավարությունը ինչու այդ սարքերից ժամանակին Հայաստանի բանակի համար ձեռք չի բերել: Փոքր տարիքից Վրույրը որդուն ազնիվ աշխատանքով ապրել է սովորեցրել: Նա հիշում է Ռադիկի աշխատասիրության մի դրվագ: Տարիներ առաջ Մարցի Չաթինդաղ սարի «Դժարաձոր» հանդամասի անտառներում Վրույրը 150 խոզ է պահել՝ կաղինով կերակրելու համար: Վեց տարեկան Ռադիկը իրենց ձիուն մենակ նստած՝ հոր ընկերոջ հետ ամեն օր վաղ առավոտյան գնացել է «Դժարաձորի» անտառներ:

«Ռադիկս ամեն օր խոզերին կերակրում էր, հաշվում ու վերադառնում էր գյուղ»,- պատմում է հայրը: Համագյուղացիները նախատել են Վրույրին, թե երեխային ոնց է վստահում ձիուն: Վրույրը վստահ էր, որ Ռադիկին ոչինչ չէր լինի, քանի որ վեց տարեկանում նա արդեն հմուտ ձիավոր էր:

Ռադիկը փոքր տարիքից է վարել հոր «ԶԻԼ» բեռնատարը և «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան: «Ամեն ինչ, ամեն ինչ կարողանում էր տղաս: Նա ցանկացած տեխնիկայի շատ արագ էր տիրապետում»,- հիշում է Վրույրը:

Դպրոցն ավարտելուց հետո Ռադիկը յոթ ամիս Մոսկվայում աշխատել է հորեղբոր մոտ: Իր աշխատած փողը տուն էր ուղարկում: Հետո հայրը որդուն տուն է կանչել՝ զինվորական ծառայության մեկնելու համար: Քույրը՝ 12-ամյա Մոնիկան, Ռադիկի մասին խոսելիս չդիմացավ՝ հեկեկաց: Դասղեկ Շահանե Հովհաննիսիյանն էլ ասում է՝ Ռադիկի մասին չի ուզում անցյալով խոսել․ «Նա ինձ համար հիմա էլ կա: Ռադիկը համեստ ու զուսպ պատանի էր, նա ֆիզիկապես ուժեղ էր, իր ուժը կիրառում էր միայն ֆիզիկապես թույլ մարդկանց օգնելու նպատակով: Մեծ հարգանքով էր վերաբերվում ուսուցիչներին»:

«Եթե հողը տալու էին՝ կտային, պատերազմ չէր լինի, էսքան օյին գլխներիս չէր գա: Թշնամու անօդաչու թռչող սարքերը մեր երեխեքին կոտորեցին: Էդ որ կռվեցին ու զոհվեցին, նրանք մեր զոհված և հաշմանդամ դարձած հերոսներն են, մնացածը Երևանում աթոռակռիվ էին տալիս: Ինչ եղավ՝ հասարակ ժողովրդի ջահել երեխաներին եղավ»,- ասում է Վրույր Հովակիմյանը։

Ռադիկի սիրած աղջիկը օրերս ամուսնացել է։ «Որոշել էի Ռադիկիս վերադառնալուց հետո մեծ հարսանիք անել»,- հառաչում է հայրը:

Հայրենիքին անձնազոհ ծառության համար Ռադիկ Հովակիմյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» շքանշանով:

Լարիսա Փարեմուզյան

Մեկնաբանել