Նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությամբ ևս մեկ անգամ հերքվում են «միջանցքի» մասին թեզերը․ ԱԳՆ խոսնակ

Նիկոլ Փաշինյան Իլհամ Ալիև Վլադիմիր Պուտին Լուսանկարը՝ արխիվային

Նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությամբ ևս մեկ անգամ հերքվում են «միջանցքի» մասին տարածվող քարոզչական թեզերը: Այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցերին։

«Նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությամբ ևս մեկ անգամ վերահաստատվում է հունվարի 11-ի հայտարարությամբ արձանագրված տարածաշրջանում տրանսպորտային բոլոր ուղիների ու տնտեսական կապերի ապաշրջափակման դրույթը և հերթական անգամ հերքվում են «միջանցքի» կամ միջանցքային տրամաբանության մասին տարածվող քարոզչական թեզերը»,- նշել է նա։

Ըստ Հունանյանի՝ նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հայտարարությունը մի քանի կարևոր արձանագրում է կատարում, մասնավորապես՝ կողմերը վերահաստատում են իրենց պարտավորությունը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթների հետևողական և անվերապահ իրականացման վերաբերյալ․ «Սա վերաբերում է նաև Ադրբեջանի կողմից մինչ այժմ չկատարված, նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետով ամրագրված՝ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձին և այլ կետերով չկատարված պարտավորություններին»։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել: Իսկ այդ ուղղությամբ առաջնային ու առավել կարևոր քայլը պետք է լինի լարվածության նվազեցմանը միտված քայլերի իրականացումը։ Համոզված ենք նաև, որ եռակողմ հայտարարությունների դրույթների լիարժեք կյանքի կոչումը կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո»,- ասել է Վահան Հունանյանը։

***

Նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ բանակցությունների ավարտին հետևած հայտարարության ժամանակ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով ապաշրջափակման մասին, օգտագործել էր «տրանսպորտային միջանցքներ» տերմինը․ «Տրանսպորտային միջանցքները վերաբերում են և երկաթուղուն, և ավտոմոբոլիային ճանապարհներին։ Դա մեր հերթական պայմանավորվածությունն է։ Հաջորդ շաբաթ փոխվարչապետները Մոսկվայում որոշ արդյունքներ կամփոփեն և կհայտարարեն կայացված որոշումների մասին, որոնք մենք այսօր համաձայնեցրել ենք»,- հայտարարել էր Պուտինը։

Մեկնաբանել