Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը ձերբակալվել է

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել հայտարարագրման ենթակա խոշոր չափերով գույքը թաքցնելու և փողերի լվացման համար, նա ձերբակալվել է։ Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։

«Ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվել է, որ Արշակ Հակոբյանը, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ զբաղեցնելով ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը և հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դիտավորությամբ թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը` 22 մլն դրամը»,- ասված է հաղորդագրությունում։

Ըստ առաջադրված մեղադրանքի` Արշակ Հակոբյանը, 2017 թվականին ներկայացրած` պաշտոնը ստանձնելու և նույն թվականի տարեկան հայտարարագրերում, ինչպես նաև 2018 թվականին ներկայացրած` պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում դիտավորյալ թաքցրել է հայտարարագրման ենթակա` սեփականության իրավունքով իրեն պատկանող ավելի քան 7 մլն դրամ կադաստրային արժեքով տունը: Բացի այդ, նա չի հայտարարագրել նույն տարում ձեռք բերած 2017 թվականի արտադրության, 90 000 ԱՄՆ դոլար արժեքով Mersedes-Benz GLS 500 4matik մակնիշի և 2008 թվականի արտադրության Samand Soren 1.8 մակնիշի ավտոմեքենաները:

«Արշակ Հակոբյանը Mersedes-Benz GLS 500 4matik մակնիշի տրանսպորտային միջոցը գնել է կանխիկ վճարմամբ, ապա` վճարված գումարի իրական բնույթն ու հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, կանխիկ եղանակով կատարված առուվաճառքի հիշյալ գործարքը ձևակերպել է իբրև նվիրատվություն և այդ եղանակով փաստացի թաքցրել ու խեղաթյուրել է իր ունեցած` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի՝ 22 մլն դրամ կանխիկ գումարի իրական ծագումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նոյեմբերի 29-ին Արշակ Հակոբյանը ձերբակալվել է, միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Մեկնաբանել