Չինաստանը ողջունում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված Ռուսաստանի ջանքերը

Չինաստանը ողջունում է Ռուսաստանի գործադրած ջանքերը՝ ուղղված տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսին ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժան Լիցզյունը՝ մեկնաբանել նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի բարձր մակարդակով եռակողմ հանդիպումը։

«Չինաստանը ողջունում է այն ջանքերը, որոնք Ռուսաստանը գործադրում է տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանման համար»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Չժան Լիցզյունը։

Նա նշել է, որ և Ադրբեջանը, և Հայաստանը Չինաստանի բարեկամական գործընկերներն են․ «Չինաստանը հույս ունի, որ երկու կողմերը միմյանց ընդառաջ կգնան, տարաձայնություններն ու տարբերությունները կկարգավորեն երկխոսության և խորհրդակցությունների միջոցով և միասին կաջակցեն տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը»,- ընդգծել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:

Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները, որոնց արդյունքում կողմերը համատեղ հայտարարություն են ընդունել:

Մեկնաբանել