Վրաստանի անտառային հիմնադրամը հինգ տարում կորցրել է 500 ք․ կմ անտառ

Photo: Shota Kincha/OC Media

Շոթա Կինչա, OC Media

Բնապահպանական և իրավապաշտպան կազմակերպությունների կոալիցիայի նոր զեկույցը կասկածի տակ է դնում Վրաստանի՝ անտառների կայուն կառավարման հանձնառությունը:

Նոյեմբերի 26-ին կայացած համատեղ ասուլիսում Կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանցը, Մարդու իրավունքների կենտրոնը և «Վրաստանի կանաչ շարժումը» հայտարարել են, որ Վրաստանի անտառային հիմնադրամը վերջին հինգ տարիների ընթացքում կորցրել է 500 ք․ կմ անտառածածկ տարածք:

Այդ տարածքը հավասար է Վրաստանի ամենամեծ՝ Բորժոմի-Խարագաուլի ազգային արգելոցի չափի կեսից ավելիին։

Այս կազմակերպությունները հայտնել են, որ իրենց համատեղ ուսումնասիրության համաձայն՝ 2016-2021 թթ․ Վրաստանի անտառային ֆոնդից 18 000 առանձին անտառային տարածքներ փոխանցվել են մասնավոր սեփականության, ներառյալ ձեռնարկությունների, Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքությանը և քաղաքապետարանների: Սեփականության իրավունքի փոխանցումից ի վեր շարունակվում են ծառերի «կանոնավոր» հատումները։

Հաղորդվում է, որ այդ հողամասերը ներառում էին «բարձր շուկայական արժեք ունեցող էկոհամակարգեր», և դրանց փոխանցումը իբր շրջանցել է թե Վրաստանի օրենքները, որոնք կարգավորում են անտառտնտեսությունը, և թե դրանց կիրառման համար պատասխանատու գործադիր մարմիններին, հիմնականում՝ Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը:

Իրենց համատեղ կոչում Կովկասի բնապահպանական ՀԿ ցանցը, Մարդու իրավունքների կենտրոնը և «Վրաստանի կանաչ շարժումը» Վրաստանի իշխանություններից պահանջել են «անհապաղ դադարեցնել» անտառային ֆոնդից պետական սեփականություն հանդիսացող անտառների՝ ցուցակից հանելը:

Նրանք նաև հորդորել են օրենսդիրներին ընդունել օրենքներ՝ սահմանափակելու ծառահատումները այն անտառային տարածքներում, որոնք արդեն փոխանցվել են մասնավոր սուբյեկտներին՝ «անհապաղ քայլեր ձեռնարկելով» այդ տարածքների՝ որպես անտառ կարգավիճակը վերականգնելու համար, և կոչ են արել վերջերս ընտրված բոլոր քաղաքապետերին կասեցնել և վերանայել իրենց նախկին որոշումները։

OC Media-ն մեկնաբանությունների համար դիմել է Շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը և վերջինիս Ազգային անտառային գործակալությանը:

Դեգրադացիա, ոչ թե անտառվերականգնում

Զեկույցի համաձայն՝ անտառային տարածքների կրճատումները, որոնք տեղի են ունեցել վերջին հինգ տարիների ընթացքում, 12 անգամ ավելի մեծ են, քան այն տարածքը, որը Վրաստանը պարտավորվել էր վերականգնել «Ազգային ներդրման» փաստաթղթով (Nationally Determined Contribution document)՝ 2015-ի Փարիզի համաձայնագրից հետո (որին Վրաստանը միացել էր 2017-ին)։

«Մենք միջազգային հանրությանը խոստացել ենք ստեղծել 4000 հեկտար [40 քառակուսի կիլոմետր] անտառ, փոխարենը ոչնչացնում ենք 50 000 հեկտար անտառ»,- ասուլիսի ժամանակ ասել է Կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանցի գործադիր տնօրեն Նանա Ջանաշիան։

Փարիզի համաձայնագիրը կլիմայի փոփոխության վերաբերյալ իրավական պարտադիր ուժ ունեցող միջազգային պայմանագիր է, որը հիմնված է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի վրա: Այն վավերացնելուց հետո յուրաքանչյուր երկիր պարտավորվում է հետևել «Ազգային ներդրման» փաստաթղթին՝ որպես իր ազգային օրակարգ: Այս տարվա սկզբին Վրաստանն ընդունեց նորացված «Ազգային ներդրման» փաստաթուղթը:

Համաձայն վերջին փաստաթղթի՝ մինչև 2030-ը Վրաստանը պարտավորվել է «պահպանել և ավելացնել անտառներում ջերմոցային գազերի կլանման և հարմարվողականության կարողությունները անտառներում», իսկ մինչև 2030-ը՝ «10%-ով ավելացնել ածխածնի կլանման կարողությունը անտառային ոլորտում՝ 2015-ի մակարդակի համեմատությամբ»։

Անտառահատումների նվազեցման և անտառների դեգրադացիային հանգեցնող գործողությունների կրճատմանն ուղղված քաղաքականությունները համարվում են ջերմոցային գազերի արտանետումների կրճատման հիմնական առաջնահերթություններից մեկը:

Անցյալ տարի Վրաստանը նաև ընդունեց Անտառային նոր օրենսգիրքը, որը, ըստ Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի, «կաջակցի անտառային էկոհամակարգերի էկոլոգիական կայունությանը, կբարձրացնի հասարակության համար սոցիալ-տնտեսական օգտակարությունը և կնվազեցնի ճնշումը անտառների վրա»։

Սոցիալական ազդեցություն

Անտառային զանգվածի կրճատումը, ապօրինի յուրացումը և շրջակա միջավայրի դեգրադացումը, ինչի մասին ահազանգում են Վրաստանի կանաչ քաղաքականության ջատագովները, հանրային սեփականության «անշահութաբեր», «անարդյունավետ վատնում» է՝ ի վնաս «Վրաստանի տնտեսության, այդ թվում՝ էկոտուրիզմի, զարգացման», և բարձրացնում է կոռուպցիոն ռիսկերը։

Մարդու իրավունքների կենտրոնի տնօրեն Ալեկո Ցկիթիշվիլին ընդգծել է, որ անտառների անօրինական և զանգվածային սեփականաշնորհումն ուղղակիորեն հանգեցրել է տեղի բնակիչների բնապահպանական իրավունքների ոտնահարմանը։

Հաղորդվում է, որ Մարդու իրավունքների կենտրոնի իրավաբանները վիճարկել են Վրաստանի տարբեր տեղական իշխանությունների կողմից կատարվող անտառտարածքային փոխանցումները: Այնուամենայնիվ, ձգձգվող դատական գործընթացների պատճառով, ըստ Ցկիթիշվիլիի, իրենք «չեն կարողանա կանգնեցնել այս գործընթացը»։

Նա նաև նախազգուշացրել է, որ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների խորհրդարանական հանձնաժողովի կողմից սպասվում է նախաձեռնություն Վրաստանի Անտառային օրենսգրքի 13-րդ հոդվածը փոփոխելու մասին, ինչը կարող է թույլատրել հողամասին անտառի կարգավիճակից զրկելը, եթե ներդրողն առաջարկի այն զարգացնել որպես «հանգստավայր և հանգստի գոտի»։

«Սա լրացուցիչ վտանգ է, որը կհանգեցնի անտառային ֆոնդից տարածքների լրացուցիչ օտարման»,- ընդգծել է Ցկիթիշվիլին։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել