Հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա՝ դառնալով 200 դրամ

2022 թվականի հունվարի 1-ից ջրի սակագինը կդառնա 200 դրամ՝ ներկայիս 180 դրամի փոխարեն։ Սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ։ Այս մասին հայտնում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։

«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանեց «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները: 2022 թվականի համար սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 200,47 դրամ: Նոր սակագները կգործեն 2022 թվականի հունվարի 1-ից»,- ասված է հաղորդագրությունում։

«Վեոլիա Ջուրը» ջրի սակագնի վերանայման հայտով հանձնաժողովին դիմել էր օգոստոսի 9-ին։

«Վարձակալության պայմանագրի մնացած 10 տարիների ընթացքում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների կտրուկ տատանումները չեզոքացնելու և սպառողների համար հնարավորինս կայուն սակագնային քաղաքականություն ապահովելու նպատակով «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ Դեզ Օ», «Վեոլիա Ջուր» ընկերությունների և ՀՀ կառավարության միջև 2021 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրվել է համաձայնագիրը, որի հիման վրա համապատասխան փոփոխություններ են կատարվել «Վեոլիա Ջուր» ընկերության լիցենզիայի պայմաններում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել