Սաակաշվիլին պնդում է՝ Վրաստանը չի ունեցել հանցագործ նախագահ

Mikheil Saakashvili adressing the court on 29 November 2021. Image via RFE/RL.

Շոթա Կինչա, OC Media

Վրաստանի հետանկախ պատմության մեջ առաջին անգամ պետության նախկին ղեկավարը հայտնվել է դատարանում՝ իշխանության չարաշահման մեղադրանքով. սա մեկն է Միխեիլ Սաակաշվիլիի՝ ութ տարի բացակայությունից հետո Վրաստան վերադառնալուն պես նրա դեմ առաջ քաշված մեղադրանքներից։

Վրաստանի քրեակատարողական ծառայության կողմից դատարանի առջև մի քանի անգամ ներկայանալու մերժումից հետո Վրաստանի երրորդ նախագահը նոյեմբերի 29-ին դատարան է բերվել՝ իր առաջին նիստի համար։

Հոկտեմբերի 1-ին Թբիլիսիում բերման ենթարկված Սաակաշվիլիին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, այդ թվում՝ 2007-ի նոյեմբերին Թբիլիսիում հակակառավարական ցույցերը բռնի ուժով ցրելու, ընդդիմադիր «Իմեդի» հեռուստաալիքը գրոհելու և փակելու հրաման տալու և անօրինական կերպով դրա սեփականատիրոջ՝ ընդդիմության առաջնորդ և վրացի գործարար Բադրի Պատարկացիշվիլիի ունեցվածքը բռնագրավելու մեղադրանքով։

Դեռևս 50-օրյա հացադուլից չապաքինված և սովորականից ավելի նիհար Սաակաշվիլին մեկ ժամ տևողությամբ ելույթ ունեցավ, որում, չնայած դատախազների առարկություններին, նա անդրադարձ կատարեց 2007-ի իրադարձություններից էլ անդին:

«Ես ուզում եմ բոլորին խնդրել, որ կոմիտե ստեղծեն իրենց բակում և գյուղում, որպեսզի Միխեիլ Սաակաշվիլիին ազատեն Պուտինից։ Եթե ուզում եք, որ ես ձեզ օգնեմ, ես չպետք է նստեմ բանտապահների հետ, ոչ էլ պետք է նայեմ այս փակ տարածության միջով»,- կոչ է ուղղել նա իր կողմնակիցներին։

«Մենք սխալներ թույլ տվե՞լ ենք։ Ավելին, քան պետք էր։ Շատ սխալներ կան, որոնց համար ես խորապես, խորապես զղջում եմ։ Նորից ներողություն եմ խնդրում, բայց սխալվելը մի բան է, իսկ հանցանք կատարելը մեկ այլ բան։ Ես Միխեիլ Սաակաշվիլին եմ, և Վրաստանը չի՛ ունեցել հանցագործ նախագահ»։

Սաակաշվիլիի խոսքերին հետևեցին ծափահարություններ ամբոխից, որը լսում էր դատարանից հեռարձակվող նրա ելույթը։

Վրաստանի նախկին նախագահը նոյեմբերի 8-ին Ռուսթավիի բանտից Թբիլիսիի Գլդանի բանտի բժշկական բաժանմունք իր տեղափոխումը որակել է որպես «խոշտանգում և անմարդկային վերաբերմունք»։

Սաակաշվիլին պնդել է, որ բանտի ղեկավարությունը կազմակերպել էր բանտապահների կողմից իր վրա հարձակումը և հայհոյանքներ տալը՝ մինչ նա դիմադրում էր տեղափոխմանը, իսկ բանտարկյալները շարունակ բղավել և հայհոյել են իրեն:

Նախկին նախագահն արդեն վեց տարվա ազատազրկում է կրում այն բանից հետո, երբ հեռակա դատապարտվել էր՝ 2005-ին կառավարության քննադատ Վալերի Գելաշվիլիի վրա հարձակում պատվիրելու և 2006-ին Սանդրո Գիրգվլիանիի սպանության մեջ մեղադրվող իրավապահներին ներում շնորհելու անօրինական խոստման մեջ: Իր ելույթի ժամանակ Վրաստանի նախկին նախագահը հերքել է, որ մեղավոր է նշված մեղադրանքներից որևէ մեկում։

Տասնհինգ կալանավորված

Երբ Սաակաշվիլիին դատարան էին բերեցին, դրսում հավաքված էին նրա կողմնակիցները։

Ցույցի առաջին իսկ ժամերին ծեծկռտուք սկսվեց։ Ոստիկանները շրջափակել էին դատարանի շենքի դիմացի բակը և մի քանի անգամ ուժ կիրառելով, այդ թվում՝ պղպեղի սփրեյով, մարդկանցից ազատել բակի դարպասների մոտ գտնվող տարածքը։

Երեք ցուցարար առանձին-առանձին OC Media-ի հետ զրույցում հաստատեցին, որ ոստիկանությունը պղպեղի սփրեյ կիրառելուց առաջ չի նախազգուշացրել իրենց: «Կավկասիա» հեռուստաալիքի օպերատոր Նիկո Կոկայան կարճ ժամանակով կորցրել է գիտակցությունը՝ ոստիկանների կողմից պղպեղի սփրեյ կիրառելու հետևանքով։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 15 մարդ բերման է ենթարկվել այն բանից հետո, երբ մի խումբ ցուցարարներ փորձել են արգելափակել երթևեկությունը դատարանի մոտ։

Ձերբակալվածների թվում էին Սաակաշվիլիի վաղեմի դաշնակից և Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան և Բեսիկ Թամլիանին, որը հրաժարվել էր իջնել դատարանի դարպասների մոտ գտնվող դատարկ անվտանգության խցիկի վերևից։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել