Ադրբեջանում ընդդիմադիր գործիչը սպառնում է չոր հացադուլի անցնել, եթե ազատ չարձակվի

Բաքու

Իսմի Աղաև, ՕC Media

Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության հայտնի անդամ Սալեհ Ռուստամլին սպառնում է շարունակել հացադուլը և հրաժարվել նաև հեղուկ օգտագործելուց՝ իշխանություններից պահանջելով ազատ արձակել իրեն բանտից: Ըստ հաղորդումների՝ բժիշկներն ասել են, որ եթե նա այդպես վարվի, ապա դա լուրջ և ուղղակի վտանգ կլինի նրա ինքնազգացողությանը։

Ռուստամլին 2019 թ․ փետրվարին դատապարտվել էր յոթ տարվա ազատազրկման՝ փողերի լվացման մեղադրանքով։ Նրա փաստաբան Բահրուզ Բայրամովը OC Media-ին ասել է, որ նոյեմբերի 29-ի դրությամբ՝ հացադուլի 24-րդ օրը, իր պաշտպանյալ Ռուստամլիի առողջական վիճակն սկսել է կտրուկ վատանալ։

Սալեհ Ռուստամլի, լուսանկարը՝ Սեզգին Ռուստամլիի ֆեյսբուքյան էջից։

«Այսօր ես կրկին հանդիպեցի Սալեհի հետ։ Որքան էլ նրան խնդրեցի դադարեցնել հացադուլը, նա ասաց, որ չի հանձնվելու,- ասել է Բայրամովը։ – Նա նաև ասաց, որ վաղվանից չոր հացադուլ է սկսելու»։

Ըստ Բայրամովի՝ բժիշկներն իրեն տեղեկացրել են, որ եթե իր պաշտպանյալը չոր հացադուլ սկսի (հացադուլ, որի ժամանակ մարդը չի օգտագործում որևէ հեղուկ, ներառյալ ջուր), «12-15 ժամվա ընթացքում» նա կոմայի մեջ կընկնի, և նրա օրգաններին հասցված վնասն «անդառնալի» կլինի:

Սալեհ Ռուստամլիի որդին՝ Սեզգին Ռուստամլին, OC Media-ին ասել է, որ այն պահից, երբ իր հայրն սկսել է հացադուլը, ընտանիքը չի կարողացել կապ հաստատել նրա հետ:

«Հեռախոսազանգերն արգելված են, – ասել է նա։ – Մենք կարող ենք տեղեկություն ստանալ միայն փաստաբանի միջոցով»։ Նա հավելել է, թե իրենց նաև տեղեկացրել են, որ Սալեհ Ռուստամլին չի դադարեցնի հացադուլը և որ «նա ընտրում է մահը անարդարացիորեն բանտարկվելու փոխարեն»։

Ռուստամլին հացադուլն սկսել է՝ ի նշան բողոքի համաներման ցուցակում չընդգրկվելու համար, որը ներառում է մոտ 16 000 մարդու։ Բացի դրանից, նա հայտարարել է, որ հացադուլով նա իր բողոքն է արտահայտում իր ընտանիքի ունեցվածքը բռնագրավելու և իրեն ավելի քան երեք տարի կալանքի տակ պահելու դեմ՝ «Ժողովրդական ճակատ» կուսակցությանն ապօրինի 420,000 դոլար փոխանցելու մեղադրանքով:

Ռուստամլիի կալանավորումը գրավել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչի ուշադրությունը, որը Twitter-ում գրել է, որ ընդդիմադիր գործչի ձերբակալության համար Ադրբեջանի նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեն։

Նովելլա Ջաֆարօղլուն, որն Ադրբեջանում գործող Մարդու իրավունքների մոնիտորինգի խումբ իրավապաշտպան կազմակերպության անդամ է, OC Media-ին ավելի վաղ ասել էր, որ չի ակնկալվում, որ զանգվածային համաներման արդյունքում որևէ քաղբանտարկյալ ազատ կարձակվի։

Այնուամենայնիվ, Ջաֆարօղլուն ավելացրել էր, թե կարծում է, որ որոշ քաղբանտարկյալների անուններ կներառվեն «ներման մասին հրամանագրում, որն ակնկալվում է համաներումից հետո՝ Ամանորի նախօրեին»։ Նա նաև ասել է, որ «այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում»։

Մեկնաբանել