Թբիլիսիի քաղաքային նոր կառավարությունը՝ բացառապես տղամարդիկ

Կախա Կալաձե

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն առաջադրել է իր փոխքաղաքապետի, քաղաքապետի երեք տեղակալների և մայրաքաղաքի 15 կառավարական դեպարտամենտների ղեկավարների թեկնածությունները, որոնց թվում կանայք չկան:

Կառավարության կազմը գրեթե չի փոխվել նախորդ կազմի համեմատ։

«Ես կարող եմ շատ խոսել այն նախագծերի մասին, որոնք մենք նախանշել ենք, բայց դուք, հավանաբար, կհամաձայնեք, որ այդ նախագծերը կոնկրետ մարդկանց են պահանջում կոնկրետ պաշտոններում, որոնք եղել են և անմիջականորեն կմասնակցեն այն աշխատանքին, որ մենք կարողացել ենք կատարել վերջին չորս տարվա ընթացքում»,- ասել Է Կալաձեն լրագրողների հետ ճեպազրույցում:

Այժմ թեկնածությունները պետք է հաստատվեն Թբիլիսիի քաղաքային խորհրդի կողմից, որը ղեկավարում է իշխող կուսակցությունը, որի անդամ Է Կալաձեն:

Քաղաքապետի խոսնակը արդարացրել է ղեկավար պաշտոններում կանանց բացակայությունը՝ հայտարարելով, որ նշանակված տղամարդիկ «ազնվորեն կատարել են իրենց պարտքը վերջին չորս տարիների ընթացքում»:

Նա OC Media-ին հայտնել է, որ ղեկավար պաշտոններում մի քանի կին կա․ քաղաքապետարանի հաղորդակցության գործակալությունը, անվճար իրավաբանական ծառայություններ մատուցող «Իմ փաստաբանը» վարչությունը և Թբիլիսիի բուսաբանական այգին ղեկավարում են կանայք: Երեքն էլ կմնան իրենց պաշտոններում, ասել է նա։

Կանանց իրավունքների հարցերով զբաղվող «Սապարի» խմբի ղեկավար Բայա Պատարայան, արձագանքելով այս առաջադրումներին, ասել է՝ «պարզ է, որ կանանց համար տեղ չկա Վրաստանի քաղաքականությունում»:

«Վրաստանում, որպես կանոն, քաղաքական թիմերը ձևավորվում են եղբայրական և տղամարդկային կապերին ոգուն համապատասխան, որտեղ կանայք չեն էլ դիտարկվում»,- ասել է նա OC Media-ին:

«Կալաձեն, հնարավոր է, նույնիսկ չի էլ հասկանում, թե ինչու դա կարող է խնդիր լինել որոշ մարդկանց համար։ Իրենք չեն գիտակցում այդ խտրականությունը»,- հավելել է նա:

Կալաձեն հաղթել է հոկտեմբերի 30-ին կայացած մունիցիպալ ընտրությունների երկրորդ փուլում՝ Թբիլիսիում հավաքելով ձայների 56 տոկոսը՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության Նիկա Մելիայի 44 տոկոսի դիմաց:

Քվեարկության նախաշեմին Մելիան ներկայացրել էր Թբիլիսիի նախարարների միջկուսակցական կաբինետը, որում փոխքաղաքապետի մեկ կին թեկնածու և մայրաքաղաքի կառավարության երկու գերատեսչությունների ղեկավարների երկու կին թեկնածու կար:

Սեքսիստական արտահայտությունների պատմություն

Այս տարիների ընթացքում Կալաձեն մի քանի անգամ քննադատության է արժանացել սեքսիստական արտահայտությունների համար ։

2016 թվականին, երբ զբաղեցնում էր Վրաստանի էներգետիկայի նախարարի պաշտոնը, նա դատական համակարգի վրա քաղաքական ճնշման մեղադրանքները որակել էր որպես «կանանց հատուկ բամբասանք»: Ավելի ուշ նա ներողություն խնդրեց այդ արտահայտության համար։

«Միլան» ֆուտբոլային ակումբի նախկին ֆուտբոլիստ Կալաձեն 2018 թվականին կատակել էր, թե ցավում է, որ չի կարողանա ֆուտբոլ սովորեցնել իր շանը, քանի որ «նա էգ է»:

2019 թվականի դեկտեմբերին, պատասխանելով լրագրողի հարցին, թե որքան գումար է ծախսվել մայրաքաղաքի Սուրբ Ծննդյան տոնածառի վրա, Կալաձեն ասել էր, թե «նացեբի, [տոնածառի] երկարությունն ու լայնությունը ձեզ կբավարարեն»:

«Նացեբին» եզր է, որն օգտագործվում է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմնակիցների համար։