Իտալական «Ռենկո»-ն՝ Հայաստանում․ գործունեություն, սեփականատերեր, կապեր

Նոյեմբերի 29-ին Երևանում բացվեց «Ռենկո» ընկերության հիմնած շոգեգազային ցիկլով աշխատող էլեկտրակայանը։ Բացման արարողությանը ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նոր էլեկտրակայանի հիմնարկեքը տեղի էր ունեցել 2019-ին, բայց էլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագրի առաջին քայլերը իտալական ծագմամբ ընկերությունը սկսել էր դեռ 2016-ին, իսկ 2017-ին կնքվել էր շրջանակային համաձայնագիր ծրագրի վերաբերյալ։ «Ռենկո»-ի ղեկավարները այդ ընթացքում հանդիպել էին նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին։ Նոր էլեկտրակայանը գտնվում է Երևանի Արին բերդի փողոցում՝ Երևանի ջերմաէլեկտրակայանի հարևանությամբ։ Հենց Երևանի ջերմաէլեկտրակայանից էլ «Ռենկո»-ն ձեռք էր բերել համապատասխան հողամաս՝ նոր ներդրումային ծրագրի համար ավելի քան 600 հազար դոլարով։ Նոր էլեկտրակայանի կառուցման ծրագրում «Ռենկո»-ն իր գործունեությունն իրակնացնում էր «Արմփաուեր» ՓԲԸ-ի միջոցով։ Իրական սեփականատերերի համաձայն՝ «Արմփաուեր»-ում 32 տոկոս մասնակցություն ունի «Ռենկո»-ի նախագահ Ջիովաննի Գասպարինին, «Արմփաուեր»-ում մասնակցություն ունի նաև հայտնի Siemens ընկերությունը, որy մասնակցություն է ունեցել ինչպես կառուցմանը, այնպես էլ շահագործմանը։ Ընկերությունից հայտնել էին, որ էլեկտրակայանի կառուցման գործում օգտագործվել են ընկերության գազային տուրբինները։

«Ռենկո»-ն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 2000-ականների սկզբից։ Ընկերությունը գործունեություն է ծավալում Իտալիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Հունաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում, Պորտուգալիայում, Կոնգոյում, Մոզամբիկում, Անգոլայում, Ալժիրում։ Ընկերությունը զբաղվում է անշարժ գույքի կառուցապատմամբ, հյուրանոցային համալիրների կառուցապատմամբ ու շահագործմամբ, էներգետիկ ոլորտով։

Հայաստանում «Ռենկո»-ի անունը մամուլը կապել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բիզնեսների հետ։ 2018-ին «Ռենկո»-ի ներկայացուցիչ Քրիստիան Կուկուռակին հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանը և կամ նրա ընտանիքի որևէ անդամ կամ առնչվող այլ մարդ երբևէ չեն հանդիսացել ու չեն հանդիսանում «Ռենկո»-ի կամ խմբում ներառված այլ ընկերությունների բաժնետեր։ «Ռենկո»-ն 2010-ին Հայաստանում կառուցել է Երևանի կենտրոնում գտնվող «Պիացցա գրանդե» A դասի բիզնես կենտրոնը։

«Ռենկո»-ին է պատկանում Երևան հյուրանոցը (Grand hotel Yerervan)։ Շենքը իտալական ընկերության կողմից ձեռք է բերվել 1998-ին ու վերակառուցվել։ Այն համարվում է Երևանի ամենաթանկ հյուրանոցներից, շենքը համարվում է հուշարձան։ Հյուրանոցը բաղկացած է 104 համարներից՝ ներառյալ նախագահական։

«Ռենկո»-ն է կառուցել Երևանի կենտրոնի մեկ այլ խոշոր հյուրանոց՝ «Կոնգրես»-ը։ Կառուցումից զատ նաև հյուրանոցի շահագործումն էր իրականացնում «Ռենկո»-ն՝ «Ռենկո Արմէսթեյթ» ընկերության միջոցով, իսկ 2014-ից «Կոնգրես»-ի սեփականատերը դարձավ «Ալ պառկո» ՍՊԸ-ն, որի միակ բաժնետերը «Սփեյս մենեջմենթ» ՍՊԸ-ն է։ «Սփեյս մենեջմենթ»-ի բաժնետերեր հանդիսանում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդիները՝ Սեդրակ և Լևոն Քոչարյաններն ու դուստրը՝ Գայանե Քոչարյանը։

Երևանում «Ռենկո»-ն կառուցել է նաև DoubleTree by Hilton հյուրանոցը։ Հյուրանոցն ունի 176 համար. «Ռենկո»-ն հյուրանոցի կառուցապատումն իրականացրել է «Նուովո վելոդրոմո» ընկերության միջոցով, իսկ հյուրանոցի շահագործումն իրականացնում է «Վելոֆիրմա» ՍՊԸ-ն։ «Վելոֆիրմա»-ի 53,7 տոկոսը պատկանում է «Նուովո վելոդրոմո» ՍՊԸ-ին, իսկ 46,3 տոկոսը՝ «Տաշտուն մեթալզ» ՓԲԸ-ին։ Անցյալ տարվա հունիսին «Վելոֆիրմա»-ի բաժնեմասերի վրա դրվեց կալանք՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ կապված քրեական գործի շրջանակում։

«Ռենկո»-ին Հայաստանում պատկանում է նաև «Արմենիա ջեստիոնե» ՍՊԸ-ն, որը զբաղվում է մաքրության, այգեգործության ծառայությունների մատուցմամբ՝ առևտրային ու բնակելի տարածքների համար։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել