Ադրբեջանցիները կարողանում են դիտարկման ներքո պահել նաև Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը. ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Կապանից դեպի 6 գյուղեր՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ տանող այլընտրանքային ճանապարհը ևս դիտարկվում է ադրբեջանական զինված ծառայողների կողմից։

«Բացի դժվարանցանելիությունից ու դրա հետևանքով հումանիտար խնդիրներից, բնակիչների իրավունքների ոտնահարումներից մարդկանց կյանքի իրավունքի և անվտանգության երաշխավորման խնդիրը մնալու է չլուծված։ Ուստի, անհրաժեշտ է վերացնել խախտման աղբյուրը՝ խնդիրների իրական պատճառը: Ադրբեջանական զինված կամ այլ ծառայողներ մեր համայնքների հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին չպետք է լինեն, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի: Դա է ՀՀ բնակիչների իրավունքները վերականգնելու ճանապարհը: Սա ամբողջությամբ բխում է միջազգային փորձից ու չափանիշներից»,- ասված է հայտարարությունում։

Նրա խոսքով՝ վերը նշվածի վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցները ներկայացվելու են միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաև ՀՀ մարմիններին և հասարակական կազմակերպություններին:

«Գյուղերում բնակիչները նաև վկայեցին, որ երբ 90-ական թվականներին այդ այլընտրանքային ճանապարհը ստիպված են եղել շահագործել, ադրբեջանական զինված ծառայողների դիտարկելու պատճառով՝ եղել են նրանց կողմից քաղաքացիական տներ ու մարդկանց հրազենով, այդ թվում՝ դիպուկահար կրակոցներով, թիրախավորելու դեպքեր։ Փաստերն ակնհայտ հաստատում են, որ հայատյացության պետական հովանավորչությունն ու խրախուսումն Ադրբեջանի իշխանությունների կողմից այս տարիների ընթացքում միմիայն խորացել է և նոր՝ ծայրահեղ դրսևորումներ է ստացել՝ հասնելով ֆաշիզմի։ Իսկ վերջին պատերազմի ընթացքում դրսևորվել է դաժանություններով ու մարդու իրավունքների այլ կոպիտ խախտումներով: Հետևաբար, նման դեպքերի կրկնությունը չի բացառվում»,- ասված է հայտարարության մեջ։

Նոյեմբեր 15-ին ադրբեջանական կողմը անցակետ էր տեղակայել Կապան-Ճակատեն ավտոճանապարհին։ Նոյեմբերի 10-ին Ադրբեջանը մաքսակետեր էր տեղադել նաև Գորիս-Կապան ճանապարհին։ Երթևեկությունն այժմ կազմակերպվում է այլընտրանքային՝ Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր ավտոճանապարհով։

Մեկնաբանել