Ուզում ես սրճարա՞ն գնալ՝ պատվաստվի՛ր. ինչ սահմանափակումներ են գործում աշխարհում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նոյեմբերի 29-ին հայտարարեց, որ մշակվում է նախագիծ, որով հունվարի 1-ից սննդի կետերում և մշակութային միջոցառումներին մուտքն ազատ է լինելու միայն կորոնավիրուսի բացասական թեստ կամ պատվաստված լինելու փաստը ներկայացնելու դեպքում։ Այս նախագծի վերաբերյալ խիստ բացասական կարծիք է հայտնել «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ հիմնադիր Աշոտ Բարսեղյանը՝ պնդելով, որ այն բիզնեսին սպանելուց բացի, այլ միտում չունի։

Ի հակադրություն սրա՝ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը նախագիծը ճիշտ և ժամանակին է որակել։ «Այդ ուտող-խմողներն էլ թող գնան պատվաստվեն, ի՞նչ է եղել որ, եթե ռեստորանում, սրճարաններում ծախսելու հնարավորություն ունեն, թող գնան ՊՇՌ թեստ անեն ու շարունակեն ուտել-խմել, ի՞նչ է եղել»,- ասել է Մկրտչյանը։

Վերջին ամիսներին, սակայն, այսպիսի սահմանափակումներ կիրառվել են աշխարհի մի շարք երկրներում ևս։ ՍիվիլՆեթն ուսումնասիրել է այդ երկրների փորձը։

Ռուսաստանում ամռանն ընդունվեց, ապա հանվեց QR կոդով սրճարան մուտք գործելը

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, օրինակ, այս տարվա հունիսի 28-ից սրճարաններ և ռեստորաններ մուտք գործելու համար պարտադիր պայման էր դարձել պատվաստված լինելը հաստատող QR կոդ ունենալը կամ հակամարմինների առակայությունը հաստատող փաստաթուղթ ներկայացնելը։ Հուլիսի 19-ին այդ պայմանը վերացվեց, իսկ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն այն հանելը հիմնավորեց քաղաքում համաճարակային իրավիճակի բարելավմամբ և պատվաստվածների թվի շեշտակի աճով։

Մոլդովա

Մոլդովայում, որտեղ սեպտեմբերի սկզբին բնակչության 25 տոկոսը պատվաստված էր, սեպտեմբերի 10-ից մինչ հոկտեմբերի 31-ը չպատվաստված անձանց մուտքը ռեստորաններ, բառեր և մշակութային միջոցառումներին արգելվեց։

Ղազախստան

Օգոստոսի 28-ից Ղազախստանում շաբաթ-կիրակի օրերին առևտրի կենտրոններ, ռեստորաններ և սրճարաններ մուտք գործել կարելի է միայն պատվաստված կամ վերջին յոթ օրերին ՊՇՌ բացասական թեստ ունեցող անձանց։

ԱՄՆ-ում փակ տարածքներ մուտք գործելու համար պարտադիր է առնվազն մեկ դեղաչափով պատվաստված լինելը

ԱՄՆ ամենախոշոր քաղաքում՝ Նյու Յորքում, սեպտեմբերի 13-ից փակ տարածքներ, այդ թվում՝ սննդի կետեր, մարզասրահներ և ներկայացումներ մուտք գործելու համար պարտադիր դարձավ առնվազն մեկ դեղաչափով պատվաստված լինելը։

Կանադա

Կանադայի երկրորդ խոշորագույն Քվեբեկ նահանգը սեպտեմբերի 1-ից պարտադիր դարձրեց պատվաստված լինելը ռեստորաններ, բառեր, մարզասրահներ մուտք գործելու համար։

Եվրամիության երկրներ

Վերջին շաբաթներին Եվրոպայում կորոնավիրուսի դեպքերի զգալի աճի պատճառով մի շարք սահմանափակումներ մտցվեցին չպատվաստվածների համար։

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, օրինակ, չպատվաստված անձինք նոյեմբերի 4-ից սկսած չեն կարող մուտք գործել սրճարաններ, ռեստորաններ և այլ մարդաշատ վայրեր, որտեղ կա 25-ից ավել մարդ։

Ավստրիան արևմտյան Եվրոպայի ամենաքիչ պատվաստվածներ ունեցող երկրներից է, այնտեղ ամբողջովին պաստվաստված է բնակչության 67 տոկոսը։

Գերմանիայում այս ցուցանիշը ևս փոքր-ինչ ցածր է Արևմտյան Եվրոպայի մյուս երկրների համեմատ։ Այնտեղ ամբողջովին պատվաստված է բնակչության 69 տոկոսը։ Բեռլինում նոյեմբերի 15-ից հանրային վայրեր մուտք գործելու համար քաղաքացիները պետք է ներկայացնեն պաստվաստված կամ վերջերս առողջացած լինելու ապացույց։ Առողջացած են համարվում այն անձինք, որոնք կորոնավիրուսով են վարակվել ոչ շուտ, քան 28 օր, բայց ոչ ուշ քան վեց ամիս առաջ։ Որպես ապացույց պետք է ներկայացվեն այդ ժամանակահատվածում արված ՊՇՌ թեստի արդյունքները։ Առողջացած են համարվում նաև այն անձինք, որոնք կորոնավիրուսով են վարակվել վեց ամսիս ժամանակահատվածից առաջ, բայց ստացել են առնվազն մեկ դեղաչափ պատվաստանյութ։

Պորտուգալիան, որը Եվրոպայում պաստվաստման ցուցանիշով առաջատարներից է (բնաչության 87 տոկոսը պատվաստված է), դեկտեմբերի 1-ից պարտադիր պայման է դարձրել պատվաստված կամ առողջացած լինելը ապացուցող թվային սերտիֆիկատների ցույց տալը ռեստորաններ, բառեր, հյուրանոցներ և կինոթատրոններ մուտք գործելու համար։

Իտալիան, որտեղ բնակչության 73 տոկոսն է պատվաստված, ևս նմանատիպ սահմանափակումներ է մտցնում դեկտեմբերի 6-ից։ Այդ երկրում կինոթատրոններ, թատրոններ, մարզասրահներ, գիշերային ակումբներ, մարզադաշտեր հաճախելու համար պարտադիր կդառնա պատվաստված կամ կորոնավիրուսից առողջացած լինելու ապացույցներ ներկայացնելը։ Այսպիսով, Իտալիայում այլևս չեն ընդունվի 48 ժամվա մեջ արված ՊՇՌ թեստի բացասական արդյունքները հանրային վայրեր մուտք գործելու համար։

Նիդերլանդների խոշորագույն քաղաքում՝ Ամստերդամում, հանրային վայրեր, այդ թվում՝ սննդի կետեր և մշակութային միջոցառումներ մուտք գործելու համար նոյեմբերի 28-ից 13 տարեկանից բարձր անձինք պետք է ներկայացնեն պատվաստված կամ առողջացած լինելու ապացույց կամ վերջին 24 ժամվա մեջ ՊՇՌ բացասական թեստի արդյունքները։

Փաստացի, աշխարհի շատ երկրներ և խոշոր քաղաքներ վերջին ամիսներին կորոնավիրուսի դեպքերի աճին և պատվաստվելու գործընթացը խթանելու նպատակով կիրառում են բազմաթիվ և բազմատեսակ սահմանափակումներ, որոնք ինչպես և Հայաստանում, միշտ չէ, որ միանշանակ են ընդունվում հանրության կողմից։

Հովհաննես Նազարեթյան

Մեկնաբանել