Փաշինյանի և Ալիևի բրյուսելյան հանդիպման երեք ռիսկերը

nikol pashinyan ilham aliyev munich (9)

Նոյեմբերի 16-ի Ադրբեջանի ռազմական սադրանքից հետո կրկին ակտիվացել են միջազգային տարբեր դերակատարների միջնորդական ջանքերը: Նոյեմբերի 19֊ին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը իր թվիթերյան էջում գրառում արեց և նշեց, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր հեռախոսազրույցներից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել դեկտեմբերի 15֊ին Բրյուսելում հանդիպում կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում:

Բրյուսելյան հանդիպման մասին պայմանավորվածությունը Եվրոպական միության կողմից Հարավային Կովկասի տարածաշրջանում դիվանագիտական ակտիվացման գործընթացի արդյունք է, որը սկսվել է ամիսներ առաջ: Հայ֊ադրբեջանական համատեքստում ԵՄ դիվանագիտական ջանքերի ակտիվացման փորձերը ինքնին դրական զարգացում կարելի է համարել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կարող են որոշակի հակակշռող դեր ունենալ Ռուսաստանի ու Թուրքիայի նկատմամբ, որոնց ազդեցությունը 44-օրյա պատերազմի արդյունքում զգալիորեն մեծացել է: Այնուամենայնիվ, Բրյուսելի հանդիպման հետ կապված մի շարք ռիսկեր գոյություն ունեն, որոնք պետք է հաշվի առնվեն Հայաստանի իշխանությունների կողմից:

Ռիսկ 1. Բաքուն կարող է փորձել Ֆրանսիային դուրս մղել Մինսկի խմբի ձևաչափից

Ամենայն հավանականությամբ Բրուսելի հանդիպման օրակարգում հիմնականում լինելու են հումանիտար և այլ ոչ քաղաքական հարցեր: Այս մասին նշել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23֊ի իր ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում: Սակայն ակնհայտ է, որ Բաքուն, համաձայնություն տալով այս հանդիպման անցկացմանը, նպատակ է հետապնդում առաջ մղել սեփական հետպատերազմյան օրակարգերը: Այդպիսի օրակարգերի շարքում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կազմի փոփոխությունը: Պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը ջանքեր է գործադրում, որպեսզի ՄԽ֊ի եռանախագահության կազմից դուրս մղվի Ֆրանսիան, որին Բաքվում մեղադրում են հայամետության մեջ: Ադրբեջանական տարբեր լոբբիստներ ու իշխանամետ փորձագետներ նշում են, որ ՄԽ֊ի համանախագահության ձևաչափում Ֆրանսիային պետք է փոխարինի Եվրամիությունը կամ Գերմանիան՝ որպես այդ կառույցի առաջատար ուժ: Բաքուն կարող է օգտագործել մեր տարածաշրջանում ԵՄ վերջին շրջանի դիվանագիտական ակտիվացումը և փորձել առաջ տանել այս օրակարգը: Իրադարձությունների այդպիսի զարգացումը վստահաբար չի բխում հայկական կողմի շահերից: Հայաստանը պետք է ողջունի ԵՄ միջնորդական ջանքերը, սակայն նաև հստակ ուղերձ հղի այն մասին, որ Մինսկի խմբի եռանախագահության կազմը փոփոխության ենթակա չէ:

Ռիսկ 2 ԵՄ-ն ԼՂ հարցում կարող է միասնական դիրքորոշում որդեգրել հետխորհրդային այլ հակամարտությունների վերաբերյալ, որտեղ գերակա է տարածքային աբողջականության սկզբունքը

Բրյուսելի հանդիպման հետ կապված մեկ այլ վտանգ առնչություն ունի Եվրամիության ներսում տեղի ունեցող գործընթացների հետ: Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո ԵՄ֊ում ակտիվ քննարկումներ են սկսվել այսպես կոչված սառեցված (frozen) կամ ձգձգված (protracted) հակամարտությունների հարցում Եվրամիության ավելի ակտիվ դերակատարություն, ընդհանուր դիրքորոշում ու քաղաքականություն ունենալու անհրաժեշտության մասին:

Այս գործընթացը նախաձեռնել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն: 2020 թվականի նոյեմբերի 19֊ին ԵՄ Արտաքին գործերի խորհրդի հերթական նիստի ժամանակ Ռումինիայի և ԵՄ տասը այլ երկրների (Բուլղարիա, Չեխիա, Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա, Շվեդիա) արտգործնախարարները ստորագրել են նամակ՝ ուղղված ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելին: Նամակի մեջ ընգծվում էր սառեցված հակամարտությունների կարգավորման հարցում ԵՄ ավելի ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը:

Բոգդան Աուրեսկուն 2021 թվականի հունվարի 19֊ին այս թեմայով ծավալուն հոդված է հրապարակել euobserver.com կայքում, որի մեջ մանրամասնել էր իր նախաձեռնության էությունը: Աուրեսկուն, մասնավորապես, նշել էր, որ ԵՄ֊ն կոնկրետ գործիքակազմ պետք է մշակի՝ նպաստելով սառեցված հակամարտությունների հարցում լուծումների, որոնք հիմնված կլինեն միջազգային իրավունքի վրա: Աուրեսկուն գրում է, որ սառեցված հակամարտությունների պատճառով Արևելյան գործընկերության երկրները զրկված են սեփական տարածքի որոշ մասերի նկատմամբ իրենց ինքնիշխան իրավունքները իրացնելու հնարավորությունից, իսկ տարբեր հասարակությունների հեռանկարները խարխլված են արհեստական բաժանարար գծերով:

Այս քննարկումների արդյունքում 2021 թվականի հունիսի 24֊26֊ին Հարավային Կովկաս էին ժամանել Ռումինիայի, Ավստրիայի ու Լիտվայի արտաքին գործերի նախարարները: Նախարարների այցից հետո հուլիսի 8֊9֊ին տարածաշրջան էր ժամանել ԵՄ հարևանության ու ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին, իսկ հուլիսի 17֊18֊ին՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը:

Ռումինիայի արտաքին գործերի նախարարի ու ԵՄ տասը այլ երկրների արտգործնախարարների նախաձեռնած այս գործընթացը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում: Միջազգային հանրության վերաբերմունքը ԼՂ հակամարտության ու տարածաշրջանի այլ սառեցված հակամարտությունների հանդեպ վերջին տասնամյակների ընթացքում մշտապես տարբերվել է: Հետխորհրդային տարածքի այլ սառեցված հակամարտությունների պարագայում հավաքական Եվրոպայի դիրքորոշումը միանշանակ էր: ԵՄ տարբեր կառույցներ ու առաջատար երկրները այդ հակամարտությունների հանգուցալուծումը տեսնում են միմիայն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Ռուսաստանի դերը այդ հակամարտությունների համատեքստում ԵՄ տեսանկյունից ևս միանշանակ է: Մոսկվան դիտարկվում է որպես ագրեսոր ու օկուպանտ: Արցախյան հակամարտության պարագայում ԵՄ ու եվրոպական խոշոր երկրների դիրքորոշումը շատ ավելի բալանսավորված է եղել:

Հայաստանը պետք է լուրջ ջանքեր գործադրի, որպեսզի Ղարաբաղյան հակամարտությունը ԵՄ և եվրոպական առաջատար երկների կողմից չդիտարկվի հետխորհրդային տարածքի մյուս սառեցված հակամարտությունների հետ նույն զամբյուղում: Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուի՝ այս թեմայով բոլոր հրապարակային ելույթներում ու հոդվածներում Ղարաբաղյան հակամարտությունը ներառված է սառեցված հակամարտությունների շարքում, որոնց կարգավորման հարցում ԵՄ֊ն պետք է միասնական դիրքորոշում ունենա ու ընդհանուր սկզբունքներ կիրառի: Աուրեսկուի վերոնշյալ հոդվածի մեջ կատարված շեշտադրումները ցույց են տալիս, որ այդ սկզբունքները հակասում են Հայաստանի շահերին:

Ռիսկ 3. ԵՄ-ն ֆինանսական աջակցությունը կարող է օգտագործել ԼՂ հարցում Երևանի դիրքորոշման վրա ազդելու համար

ԵՄ ներսում ընթացող այս քննարկումներից ու գործընթացից բխող մեկ այլ վտանգ է, որ Եվրամիությունը կարող է օգտագործել Հայաստանին խոստացած ֆինանսական աջակցությունը Արցախյան հիմնահարցում Երևանի դիրքորոշման վրա ազդելու համար: Այսպես, Ռումինիայի, Ավստրիայի ու Լիտվայի արտգործնախարարների Հարավային Կովկաս կատարած հունիսյան այցը ամփոփող մամուլի ասուլիսի ընթացքում Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուն հայտարարել էր, որ երկրի հետագա արդիականացումն ու ժողովրդավարացումը պետք է դառնան Հայաստանի նոր ռազմավարական նպատակը: Այս հայտարարության չհնչեցված հատվածը ենթադրում է, որ Երևանը աստիճանաբար պետք է վերանայի իր առաջնահերթությունները՝ հրաժարվելով Արցախյան հիմնահարցում իր որոշ պահանջներից ու դիրքորոշումներից: Այս հայտարարությունը համահունչ է հետպատերազմյան շրջանում Արևմուտքում տարածում ստացած այն պատումի հետ, ըստ որի Հայաստանը պետք է մոռանա անցյալի մասին և նայի դեպի ապագա: Արևելյան գործընկերության դեկտեմբերյան գագաթնաժողովի և ԵՄ միջնորդությամբ հայ֊ադրբեջանական բանակցությունների ընթացքում հայկական կողմը պետք է հստակ ուղերձ հղի եվրոպացի գործընկերներին, որ երկրի զարգացման ու ժողովրդավարացման գործընթացին հետ միասին Հայաստանի ռազմավարական նպատակ է շարունակում մնալ նաև Ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորումը:

Մեկնաբանել