Այսօր Մոսկվայում նախատեսված է փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի հանդիպում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 1-3-ը գործուղվել է Մոսկվա՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով։

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին, ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, Երկրորդ Եվրասիական համագումարին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով 2021 թվականի դեկտեմբերի 1-3-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն»,- ասված է վարչապետի որոշման մեջ։

Հայկական պատվիրակությունը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Պատվիրակության կազմում են նաև արտաքին գործերի նախարարի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, էկոնոմիկայի նախարարի և պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալները, ինչպես նաև պաշտպանության նախարարության և ազգային անվտանգության ծառայության մեկական ներկայացուցիչ։

ՍիվիլՆեթի տեղեկություններով՝ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը տեղի է ունենալու այսօր՝ դեկտեմբերի 1-ին։

***

Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի էին ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ բանակցություններ։ Հանդիպման ավարտին հետևած հայտարարության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ «տրանսպորտային միջանցքների» վերաբերյալ պայմանավորվածությունն է ձեռք բերվել․ «Հաջորդ շաբաթ փոխվարչապետները Մոսկվայում որոշ արդյունքներ կամփոփեն և կհայտարարեն կայացված որոշումների մասին, որոնք մենք այսօր համաձայնեցրել ենք»,- ասել էր Պուտինը։

Եռակողմ հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման մեխանիզմներ ստեղծել։

Մեկնաբանել