«Ես այն պատգամավորը չեմ, որը թաքցնելու բան ունի». Հայկ Մամիջանյանը՝ հայտարարագիր չներկայացնելու մասին

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն առ այսօր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին չի ներկայացրել իր և փոխկապակցված անձանց հայտարարագրերը։ Այս մասին տեղեկանում ենք հանձնաժողովի կայքից։

Տեղեկությունը ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հաստատեց նաև հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։

Հայկ Մամիջանյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում պարզաբանեց, որ հայտարարագիրը չի ներկայացրել «աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով»։

«Ինչպես կարող եք կռահել՝ ես այն պատգամավորներից չեմ, որ թաքցնելու բան ունի հայտարարագրում… ցավոք (ծիծաղում է -խմբ.)»,- ասաց պատգամավորը։

Մամիջանյանը նաև հավելեց, թե բոլոր նորընտիր պատգամավորներին հայտարարագրեր ներկայացնելու ծանուցումը եկել է բավականին ուշ. «Այդ ծանուցումը մեզ հասել է հոկտեմբերի 2-ին, կարծեմ։ Այսինքն՝ սահմանված ժամկետից ուշ է եկել։ Բայց ես իրավունք չունեմ դա որպես պատճառաբանություն բերել, քանի որ ամիսներ առաջ էր։ Պարզապես աշխատանքային լարվածության պատճառով չեմ լրացրել դեռ։ Անպայման մոտ օրերս կլրացնեմ»,- նշեց Մամիջանյանը։

Մինչդեռ հանձնաժողովից հայտնում են, որ Հայկ Մամիջանյանի էլեկտրոնային փոստին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2021թ. սեպտեմբերի 9-ին է ուղարկել ծանուցում առ այն, որ նա, համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի, որպես ԱԺ պատգամավոր հայտարարատու պաշտոնատար անձ է:

Նշենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերը պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու օրերին հաջորդող 30 օրվա ընթացքում ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 169.28 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սահմանված ժամկետները լրանալուց հետո՝

հանձնաժողովի ծանուցման հիման վրա ծանուցմամբ նշված ժամկետներում հայտարարագրերը չներկայացնելու դեպքում, հարուցվում են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթներ, որոնց արդյունքում կարող է կիրառվել վարչական տույժ՝ 200 000 ՀՀ դրամի չափով:

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել