Մենք ոչ դիրք ենք տվել, ոչ էլ՝ հետ վերցրել․ Իշխանասարի վարչական ղեկավար

Նոյեմբերի 16-ից հետո ադրբեջանական զորքերը չեն երևացել Իշխանասարի իրենց դիրքերում․ այդ մասին նոյեմբերի 30-ին մի շարք լրատվամիջոցների հայտնել էր Իշխանասարի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը։ Նրա այդ հայտարարությունը հակասական մեկնաբանությունների առիթ դարձավ։ ՍիվիլՆեթի Գորիսի թղթակից Էմիլիա Խաչատրյանը թեմայի շուրջ զրուցեց Մարատ Պետրոսյանի հետ, որն արդեն 15 տարի է՝ Իշխանասարի վարչական ղեկավարն է։

«Սիսիան համայնքի Իշխանասար գյուղի վերևում է գտնվում Իշխանասարը, որտեղ տեղեկայված են հայկական և ադրբեջանական դիրքերը։ Վերջին օրերին գյուղացիները նկատել են, որ ադրբեջանցիները չեն երևում իրենց դիրքերում, և մինչ այսօր հայտնի չէ, թե ինչու»,- պատմում է Պետրոսյանը։

Վերջինս ասում է՝ ադրբեջանցիների չերևալու մասին իրեն տեղյակ են պահել դաշտերում աշխատող գյուղացիներն ու հովիվները, բայց թե ինչու չեն երևում՝ ոչ ոք չգիտի։

«Հնարավոր է՝ թաքնված են, հնարավոր է՝ մտել են խրամատի մեջ կամ ցուրտ է՝ հետ են գնացել»,- ասում է ՍիվիլՆեթի զրուցակիցը։

Ինչ վերաբերում է տարածքներ վերցնելուն կամ տալուն՝ Պետրոսյանն ասում է․ «Մենք տարածք չենք տվել նրանց, ոչ էլ՝ վերցրել, առաջ էլ չենք գնացել․ նույն տեղում նստած են մերոնք, նրանց դեպքում չեմ կարող ասել՝ գնացել են, թե նույն տեղում են»։

Մեկնաբանելով շրջանառվող տեղեկությունները, թե ադրբեջանական կողմը զենք ու զինտեխնիկա է հետ տարել, Իշխանասարի վարչական ղեկավարը նշում է, որ այդ մասով իրենք ոչ մի տեղեկություն չունեն, ոչ մի բան այդ մասով նրանք չեն նկատել։

***

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Ընթացել են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նույն օրվա ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է։

Էմիլիա Խաչատրյան, Գորիս

Մեկնաբանել