Տնտեսությունն ի վիճակի է դիմակայել թուրքական ապրանքների արգելքին. Էկոնոմիկայի նախարարություն

Թուրքական ծագման ապրանքների՝ Հայաստան ներմուծման արգելքի ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին։ Այն երկարաձգելու կամ չեղարկելու վերաբերյալ բուռն քննարկումներ են ընթանում իշխանության ներսում: Եթե ղարաբաղյան երկրորդ պատերազմից անմիջապես հետո թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքի կիրառման հարցում կար հստակ կոնսենսուս, ապա այժմ տրամադրություններն այլ են:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում տեսակետները տրամագծորեն տարբեր են: ՔՊ-ական պատգամավորների մի մասը կարծում է, որ 2021-ի սկզբից կիրառված արգելքը՝ որպես պատասխան քայլ Թուրքիայի բացահայտ աջակցությանն Ադրբեջանին Արցախի դեմ 44-օրյա պատերազմում, պետք է չեղարկել, քանի որ «Էկոնոմիկայի նախարարությունը չունի վերլուծություն՝ թուրքական ապրանքների արգելքի ազդեցության մասին»: Մյուս կողմից, նրանք նշում են, որ ներկրման արգելքը կիրառվել է ոչ թե տնտեսական հաշվարկներով, այլ քաղաքական գործոնով պայամանվորված: Էկոնոմիկայի նախարարությունը, ընդհակառակը, արգելքի երկարաձգման կողմնակից է: Նախարարության մամուլի ծառայությունը ՍիվիլՆեթի հարցերին ի պատասխան՝ ներկայացնում է կառույցի տեսակետը հիմնավորող որոշ հաշվարկներ: Ստորև՝ ՍիվիլՆեթի հարցերն ու գերատեսչության պատասխանները։

Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը կիրառվում է 2021-ի սկզբից: Վերջին մեկ տարում Հայաստանում ստեղծվե՞լ են թուրքական ծագման ապրանքները փոխարինող նոր արտադրություններ:

Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլև անվտանգության տեսանկյունից դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսավորումը։

Նախքան արգելքի կիրառումը Հայաստանի Հանրապետություն թուրքական ապրանքների ներմուծման ծավալը կազմել է տարեկան մոտ 267 մլն ԱՄՆ դոլար: Սակայն, հարկ է արձանագրել, որ մինչ ս/թ սեպտեմբեր ամիսը այն կազմել է ընդամենը 20 մլն ԱՄՆ դոլար թույլատրելի, վերամշակման ենթակա ապրանքների կամ հումքի ներկրման արդյունքում: Միաժամանակ, այն կանխատեսումները, թե թուրքական ապրանքների ներկրման արգելքի արդյունքում տնտեսության մի շարք ճյուղեր կենթարկվեն կոլապսի, տեղի չեն ունեցել: Ավելին՝ այն տնտեսության որոշ ճյուղերի վրա որոշակի դրական ազդեցություն է ունեցել:

Մասնավորապես, հիմնվել են տեղական արտադրություններ՝ տեքստիլի, կոշկագործության, կահույքի, շինանյութերի, լվացող մաքրող միջոցների արտադրության բնագավառներում, ինչպես նաև բացվել են ներկերի և սոսնձի արտադրություններ: Հարկ է նշել նաև, որ գործող հայրենական կազմակերպությունները նույնպես ընդլայնել են իրենց գործունեությունը, ինչպես նաև ստեղծել են նոր աշխատատեղեր։ Նախարարությունը տեղյակ է նաև հիմնման փուլում գտնվող խոշոր արտադրությունների մասին:

Անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ նոր արտադրության հիմնումը երկարաժամկետ գործընթաց է և ի տարբերություն ներմուծման՝ անհրաժեշտ է սպասել միջինում 3-5 տարի, որպեսզի արտադրության արդյունքը տեսանելի լինի։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ մասնավոր հատվածը և պետությունը պետք է պատրաստ և համբերատար սպասեն զարգացած արտադրություն ունենալուն։

Արդյոք ներկրողները հարմարվե՞լ են խաղի նոր կանոններին: Նրանց հաջողվե՞լ է թուրքական պատրաստի ապրանքների ներմուծման նոր շուկաներ ու ուղղություներ գտնել:

Արգելքից հետո հնարավոր պակասուրդը տեղական արտադրությամբ լրացնելուց բացի, դիտարկվել է նաև այլընտրանքային շուկաների որոնման և այլ երկրներից ներմուծումներով փոխարինման հարցը: Փոխարինումը եղել է հիմնականում ԵԱՏՄ շուկայի միջոցով, որի շրջանակում իրականացվում է առանց մաքսատուրքի գանձման առևտուր, ինչպես նաև ԵՄ շուկայի միջոցով:

Ներկա փուլում վիճակագրական տվյալների վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել, որ մի շարք ապրանքների մասով տեղի է ունեցել թիրախային շուկաների փոփոխություն և նոր առևտրատնտեսական հարաբերությունների ձևավորում։ Մասնավորապես՝ նավթ, նավթամթերքի մասով արձանագրվել է ՀՀ ներմուծման ծավալների աճ ՌԴ-ից 61%-ով, իսկ Իտալիայից՝ 29 անգամ։ Կոշիկի շուկայի մասով ունենք նոր թիրախային շուկա՝ ԱՄԷ, որտեղից ներմուծումը կազմել է մոտ 1,3 մլն ԱՄՆ դոլար։

Անհրաժեշտ է արձանագրել նաև, որ թուրքական ծագման ապրանքների ներմուծման որոշակի ծավալների պահպանումը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջիններիս հիմնական առավելությունը հայ սպառողների և տնտեսվարողների համար գինն է, ինչի շնորհիվ վերոնշյալ ապրանքատեսակները մեր երկրում բավականին մրցունակ են։ Ելնելով վերոգրյալից՝ կարևորվում է այլընտրանքային շուկաների որոնման կամ տեղական արտադրության կազմակերպման հիմնախնդիրների լուծումը։ Այլ երկրներից ներմուծման գործընթացը կազմակերպելու համար թուրքական ծագման ապրանքների ներմուծմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտները պետք է իրականացնեն մատչելի տարբերակների որոնման, բիզնես կապերի հաստատման, ներմուծման գործընթացների կազմակերպման և այլ աշխատանքներ։ Բացի դրանից, թուրքական ծագման ապրանքները Հայաստանում մրցունակ են նաև տրանսպորտային ծախսերի առումով, ինչն աշխարհագրական դիրքի պատճառով հեռու գտնվող երկրներից ներմուծվող ապրանքների դեպքում բավականին խնդրահարույց է։

Ինչպե՞ս է արգելքն ազդել տնտեսության վրա:

Հաշվի առնելով, որ արգելքը լիարժեք սկսել է գործել հուլիս ամսին՝ որոշման ևս 6 ամիս երկարաձգումից հետո, Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքի՝ հայաստանյան տնտեսության վրա ազդեցության գնահատումը, այլընտրանքային շուկաների որոնումը, ներկայացված ապրանքատեսակները փոխարինող տեղական արտադրությունների հիմնումը պահանջում են ավելի երկարաժամկետ լուծումներ, իսկ դա կարճաժամկետում իրականացնել գործնականում հնարավոր չէ։ Միաժամանակ, անհրաժեշտ է նաև որոշակի ժամանակահատված դեռևս 2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներկրված թուրքական ծագում ունեցող ապրանքների վերջնական սպառման և շուկայից դուրս մղման համար, ինչը պայմանավորված է ՀՀ տնտեսվարող սուբյեկտներին տնտեսական վնաս չպատճառելու հանգամանքով։

Թուրքական ծագման ապրանքների արգելքի համեմատաբար մեղմ ազդեցությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ համավարակի սկզբից ի վեր Հայաստանում մեծ տեմպերով աճում է էլեկտրոնային առևտուրը, որը թույլ է տալիս մի շարք ապրանքներ ձեռք բերել նաև նշված գործիքի կիրառմամբ։

Այնուամենայնիվ, հետազոտությունները ցույց են տալիս, որ հետպատերազմական շրջանում երկրներն ունենում են միջինում 7-10% տնտեսական անկում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 4,4%՝ կարելի է եզրահանգել, որ Հայաստանի տնտեսությունն ի վիճակի է դիմակայել նաև թուրքական ապրանքների արգելքի պայմաններում։

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի թեմայով ՍիվիլՆեթը կազմակերպել է քննարկում, որին մասնակցել են ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը, «Սոֆթ Պապիրուս» ընկերության ղեկավար Տիգրան Կարապետյանը։

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել